‘
Արաբական մի քանի ԶԼՄ-ներ, ինչպես նաև՝ Սիրիայի ընդդիմադիրները, դեկտեմբերի 24-ին հայտարարել են կառավարական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման մասին, գրում է «Հաարեց» թերթը:
Առնվազն երկու աղբյուր հայտնել է, որ Հոմսի մերձակայքում թունավոր նյութերով երկու կոնտեյներ է նետվել ցած: Շնչահեղձ է եղել վեց, որոշ տվյալնելով՝ յոթ մարդ:
Շատերը հիվանդանոց են դիմել սրտխառնոցի, շնչահեղձության գանգատներով: Տուժածների մի մասը ծանր վիճակում է, նրանց ուղարկել են ստացիոնար բուժման: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որի հեղինակները հավաստիացնում են, թե նկարահանել են տուժածներից մեկի հոսպիտալացումը: Ընդդիմադիրները պնդում են, որ գազի կիրառման հետևանքով չորս հոգի կուրացել է:
Անկախ աղբյուրներն առայժմ չեն հաստատում քիմիական զենքի կիրառման մասին լուրը:
Մի քանի շաբաթ առաջ արևմտյան հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ սիրիական բանակը սկսել է թունավոր նյութերի նախապատրաստումը ռազմական կիրառման: Ի պատասխան՝ պաշտոնական Դամասկոսը հայտարարել էր, որ երբեք քիմիական զենք չի կիրառի սեփական բնակչության դեմ:
Հայտնի չէ, թե ինչ գազ է կիրառվել, սակայն, բժիշկները կարծում են, որ դա զարին է եղել, հայտնում է lenta.ru-ն:
‘