‘Դանակահարված վարորդը պատմել է, որ ուղևորը եղել է ալկոհոլի ազդեցության տակ’

1091

Երևանի «Այրարատ» տոնավաճառի դիմաց 67 Ա երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ի դանակահարված վարորդ, 33-ամյա Ալեքսան Ղազարյանի պնդմամբ՝ իր դիմադրության արդյունքում է, որ դանակի հարվածը թևն է վնասել, հակառակ դեպքում ավելի լուրջ վնասվածք կստանար: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է  արդեն վիրահատությունից հետո:

Վարորդը պատմել է, որ այդ ուղևորը երթուղային է մտել Մալաթիա տոնավաճառի մոտից, և զգացվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ է: Արդեն ավտոկայանի մոտ ասել է, որ 50 դրամը չի տալու: «Ասացի. «Մի տուր, քեզանից ո՞վ է 50 դրամ ուզել, որ մի հատ էլ տաս կամ չտաս: Ուզում ես տուր, ուզում ես վաբշե մի տուր»: Դե խմած էր, շարունակեց ու վերածեց կռվի: Ես պահանջեցի, որ իջնի, որովհետև անիմաստ տեղն էր կռիվ անում: Ասում էի՝ մեքենայի մեջ կին կա, հաճելի չի»,- պատմեց վարորդը՝ հավելելով, որ իրեն դանակահարող ուղևորը պետք է «վստրեչ»-ի մոտ իջներ, բայց դանակահարելուց հետո նոր միայն Ռոսիայի կանգառից է փախել:

Երբ Ալեքսան Ղազարյանը նկատել է, որ ուղևորը դանակ է հանել, մի կողմ է քաշվել և փորձել է պաշտպանվել, սակայն ամեն դեպքում խորը հարված ստացել է, բայց թևի շրջանում: Այդ պահին ողևորներն են օգնել, որ հասնի հիվանդանոց:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն էլ հաղորդել է, որ Ալեքսան Ղազարյանին իրենց հիվանդանոցում վիրահատել են: «Ուսի հատվածում պատռվածք է եղել: Վիրահատվել է և գտնվում է հիվանդասենյակում: Նախավիրահատական և հետվիրահատական բոլոր հետազոտություններն անցել է: Վիճակը լավ է, և մի քանի օրից դուրս կգրվի»,- ավելացրել է Հունանյանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իսկ Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են կարճատև տեղումներ’