Դանիան Կոսովոյում բանտախցեր է վարձակալում․ իրենցը շուտով չի բավարարի

443

Դանիան Կոսովայի հետ պայմանավորվել է 300 բանտախուց վարձակալել այդ բալկանյան երկրում ։ Այդ կերպ դանիացիները փորձում են խուսափել իրենց բանտերի գերծանրաբեռնվածությունից։

Դանիայի իշխանությունները մտադիր են Կոսովո (մի քանի երկրներ, հատկապես Ռուսաստանը և Սերբիան, չեն ճանաչում այդ պետության անկախությունը) ուղարկել Եվրամիության տարածքից դուրս ծնված կալանավորիներին, որոնք պատժաժամկետը կրելուց հետո ենթակա են արտաքսման։ Նրանց հետ կվարվեն Դանիայի օրենքների համաձայն։

Մտադրությունների վերաբերյալ հռչակագրի համաձայն, որը Դանիայի և Կոսովոյի կառավարությունները ստորագրել են երկուշաբթի օրը, 2023 թվականից Դանիան տարեկան 15 մլն եվրո կվճարի Պրիշտինայից 50 կմ հեռու գտնվող Գնիլանա քաղաքի բանտի խցերի համար։ Բացի այդ, դանիացիները պարտավորվում են օգնել Կոսովոյում էկոլոգիական էներգետիկայի զարգացմանը։

Վերջին տարիներին Դանիայում կալանավորների թիվն արագորեն աճում է, մինչդեռ բանտապահների թիվը նվազում է։ 2015 թվականից կալանավորների թիվը 3400-ից աճել է մինչև 4200, իսկ բանտերի անձնակազմի թիվը 2500-ից իջել է  2000-ի։ Մինչդեռ Կոսովոյում, ընդհակառակը, բանտերում 700-800 տեղ դատարկ է։

Բանտախցեր վարձակալելու՝ Դանիայի մտադրությունը քննադատել են երկու երկրների իրավապաշտպանները, որոնց կարծիքով՝ Դանիան չպետք է դատապարտված օտարերկրացիներին տեղափոխի երկրից դուրս և նրանց զրկի հարազատների հետ հաճախակի հանդիպելու հնարավորությունից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿոնգրեսի ցավակցականը Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՍուխումիում ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը