‘Դանիան փորձում է մեղմել ներգաղթյալների հոսքը երկիր’

1202

Դանիայի կառավարությունը փոփոխություններ է կատարում օրենսդրության մեջ, որպեսզի դադարեցնի ներգաղթյալների հոսքը երկիր: Գերմանիայի հետ սահմանին փաստաթղթերի ստուգումը, որը սահմանվել է հունվարի 4-ին, երկարացվել է ևս 20 օրով, սակայն դրանով սահմանափակումները չեն ավարտվում:

Դանիայի խորհրդարանում նորանոր նախաձեռնություններ են առաջ քաշվում: Դրանցից մեկը ներառվել է օրենսդրության մեջ, և այն արդեն Եվրոպայում վիճելի են անվանել: Պատգամավորներն առաջարկում են փախստականներից վերցնել տասը հազար կռոնից կամ մոտավորապես մեկուկես հազար դոլարից ավելի արժեք ունեցող բոլոր թանկարժեք իրերը: Այդ գումարը կմտնի պետական գանձարան, ինչպես քաղաքական գործիչներն են ասում՝ ներգաղթյալներին պահելու ծախսերը հոգալու համար:

Դանիայի ներգաղթի և ինտեգրման նախարար Ինգեր Սթոյբերգը փորձել է մեղմել իրավիճակը և մամուլին հայտնել է, որ խորհրդարանականները կարողացել են փոխհամաձայնության գալ. ներգաղթյալներից չեն վերցնի ամուսնական մատանիները և այլ իրեր, որոնք նրանց համար թանկ են հոգեբանական տեսակետից:

Օրինագիծը պաշտպանում է խորհրդարանական կուսակցությունների մեծամասնությունը, և այն կարող է ընդունվել մինչև հունվարի վերջը: Այն խիստ քննադատության է ենթարկվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության կողմից: «Եվրոպան ավանդաբար եղել է այն մայրցամաքը, որը մյուս երկրներին օրինակ է ծառայել, թե ինչպես պետք է լուծել  փախստականներին ապաստան տրամադրելու խնդիրը: Մինչդեռ հիմա եթե Եվրոպան զանազան սահմանափակումներ մտցնի, պատեր կանգնեցնի, ընդհանուր առմամբ՝ թշնամաբար վերաբերվի ներգաղթյալներին, ապա ողջ աշխարհը կհետևի նրա օրինակին»: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ջակարտայում որոտացած պայթյունների զոհ է դարձել առնվազն վեց մարդ’
Հաջորդ հոդվածը‘Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է’