‘Դանիացի փորձագետ. ՀՖՖ նախագահը, գուցե, փորձում է քննադատությունները ֆուտբոլիստների կողմ շեղել’

1301

Ինչպես հայտնի է՝ Եվրո-2016-ի Հայաստան – Ալբանիա խաղից հետո Դանիայի ընտրանու՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը նվազեցին: Այդ խաղից հետո սերբական ու ալբանական մամուլում լայն արձագանք ստացած տեսակետը, թե հայերը, ովքեր արդեն կորցնելու ոչինչ չունեին, խաղը վաճառել էին մրցակցին, շարունակում են արդիական մնալ մինչ օրս:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարությունից հետո, թե հավաքականում այդ խաղին դավաճանություն է տեղի ունեցել, խոսակցությունները նոր թափ են առել միջազգային մամուլում:Մասնավորապես, պայմանավորված խաղերի գործերով մասնագետ, Բելֆաստի «Queen’s University» համալսարանի պրոֆեսոր, իրավաբան Ջեք Անդերսոնը դանիական ekstrabladet կայքին տված հարցազրույցում նշել է, որ այնքան էլ հավանական չի համարում տվյալ խաղի պայմանավորված լինելը.

-Այս մեղադրանքները զարմանալի են այն առումով, որ բոլոր այն խաղերը, որտեղ առկա են  անսովոր խաղադրույքներ ու որը կարող է հանգեցնել պայմանավորվածության, վերահսկվում են: ՈՒԵՖԱ-ն ունի հատուկ կազմակերպություն, որը կոչվում է Sportsradar: Եղել են ահազանգեր նաև կապված Հայաստան – Ալբանիա հանդիպման վերաբերյալ, սակայն չեն հաստատվել:

Ջեք Անդերսոնը մի քանի պատճառ է նշել՝ ինչու ինքը չի հավատում պայմանավորված խաղի տարբերակին:

-Խաղը վաճառելու մասին խոսակցությունների առիթ է հանդիսացել, գուցե, այն փաստը, որ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր, կարելի է ասել, չէր պահպանում: Բայց ՈՒԵՖԱ-ն շատ ամուր համակարգ ունի այդպիսի բաները բացահայտելու համար: Եվ այս դեպքի հետ կապված ոչ մի ապացույց ի հայտ չի եկել:

-Խոսակցությունները, թե Ալբանիան գնել է խաղը, տարածվել են Սերբիայից, իսկ միևնույն խմբում գտնվող այս երկու երկրների տարաձայնությունները բոլորը գիտեն:

— Փաստ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մի շարք խղճուկ արդյունքներից ու մարզչական վատ աշխատանքից հետո ճնշումների է ենթարկվում, և սա կարող է հատուկ տակտիկա լինել քննադատությունները ֆուտբոլիստների վրա շեղելու նպատակով:

-Այնուամենայնիվ, խաղը վաճառելու մասին խոսակցությունների վերաբերյալ ապացույցների ի հայտ գալու դեպքում, ՈՒԵՖԱ-ն խիստ միջոցներ կկիրառի ու արդյունքում Դանիայի հավաքականը՝ Ալբանիայի փոխարեն կհայտնվի փլեյ-օֆֆում,- նշել է Անդերսոնը:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Արդեն երկու տարի է ասում են, թե Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», բայց դա իմ խնդիրը չէ»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի պատմական ռեկորդը (տեսանյութ)’