‘Դանիա-Հայաստան. հավասար հնարավորություններ-անհամարժեք պաշտոնյաներ’

1772

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը հատուկ խնամք ունեցող մարդկանց տեղաշարժվելու խնդրին նվիրված խորհրդաժողովում մի ուշագրավ դեպք պատմեց: Այն դիպուկ կերպով բնութագրում է հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ եվրոպական հասարակությունների վերաբերմունքը:

Իր ճամփորդություններից մեկի ժամանակ պարոն Ալավերդյանը պատրաստվում է եվրոպական մի երկրից գնացքով մեկնել Դանիա: Ըստ չվացուցակի՝ անհրաժեշտ գնացքը պետք է մեկներ առաջին կառամատուցից: Անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող Արմեն Ալավերդյանը կառամատույց բարձրանալու համար ստիպված էր լինելու օգտվել վերելակից, որն այդ օրը սարքին չէր:

«Ես դիմեցի կայարանի տնօրինությանը: Պատասխանեցին, թե քանի որ կիրակի է, վերելակը նորոգել չի լինի: Դա Դանիա մեկնելու իմ վերջին հնարավորությունն էր», — պատմում է  Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով, սակայն, այն, ինչ կատարվեց հետագայում, վեր էր իր բոլոր պատկերացումներից: Կայարանում հայտարարեցին, որ տվյալ գնացքը մեկնելու է ոչ թե առաջին կառամատույցից՝ ինչպես նախապես հայտարարված էր (և որտեղ հասնելու համար վերելակն անհրաժեշտ էր), այլ՝ երկրորդ (ուր կարելի էր հասնել առանց վերելակի օգնության): Առաջին կառամատույցում գնացքին սպասող հարյուրավոր ուղեւորներին խնդրեցին գնալ երկրորդ կառամատույց, որպեսզի մեկ մարդ, որը դրա կարիքն ուներ, կարողանա հասնել իր գնացքին:  

Սա՝ Եվրոպայում: Իսկ Հայաստանու՞մ: Ինչպիսի՞ պատկերացում ունեն հայաստանցի պաշտոնյաները հատուկ խնամքի կարիք ունեցողների՝ տեղաշարժման խնդիրները դյուրացնելու վերաբերյալ: 

2012-ի ապրիլին Երեւանում շահագործվեց Չինաստանից ներկրված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը: Հայտարարվեց, որ դրանցից 25-ը հնարավորություն  ունեն  ապահովել անվասայլակով տեղաշարժվող քաղաքացիների ելումուտը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ մինչեւ 2012-ի տարեվերջ դրանք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով:

Սակայն այսօր պարզվում է, որ Երեւանում դեռ ոչ մի ավտոբուս կամ միկրոավտոբուս նման սարքավորումներով կահավորված չէ:

«Քաղաքապետարանը, Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ եւ ամենօրյա ուշադրությամբ, աշխատանքներ է տանում, որպեսզի կարողանանք ձեռք բերել գոնե 10 (՛) այդպիսի սարքավորումներ, որպեսզի տեղադրենք այդ վարդագույն ավտոբուսների վրա: Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի մինչեւ տարեվերջ այդ 10 սարքավորումներն ունենանք»,— iLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս պետք է տեղաշարժման խնդիրներ ունեցող ուղեւորները «որսան» այդ տասը ավտոբուսները մայրաքաղաքում երթեւեկող հազարավոր ավտոբուսների մեջ, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ «հատուկ կահավորված ավտոբուսների ապակիներին համապատասխան տարբերանշաններ կլինեն»:

Իսկ հարցին, թե որքանո՞վ կարող է 10 ավտոբուսը լուծել խնդիրը, եւ ե՞րբ Երեւանի տրանսպորտն ամբողջությամբ կահավորված կլինի անհրաժեշտ պայմաններով, տրանսպորտի վարչության պետը հետեւյալ պատասխանը տվեց.

«Այդ մի քանի հազար տրանսպորտային միջոցներից բոլորը չէ, եւ անընդհատ չէ, որ հաշմանդամություն ունեցողների են տեղափոխում: 10 ավտոբուսով, իհարկե, հարց չի լուծվում, բայց պետք է առաջին քայլն անել», — ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Ամիսներ առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե Ազգային ժողովում անվասայլակների համար թեքահարթակներ կամ ավելի ընդարձակ վերելակներ տեղադրելու նպատակահարմարություն չկա, քանի որ «այսքան ժամանակ ընդամենը 1-2 հաշմանդամ է եկել-գնացել Ազգային ժողով»: Այսօր արդեն նրա կուսակից Հենրիկ Նավասարդյանը խնդիրն այնքան էլ կարեւոր չի համարում, որովհետեւ «միշտ չէ, որ ավտոբուսներում հաշմանդամներ են երթեւեկում»: 

Հակոբ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Տ. Մուկուչյանը Ռիգայում՝ դիտորդ, Հ. Հակոբյանն Ալժիրում՝ փորձի փոխանակման. ո՞ւր են գործուղվում պաշտոնյաները’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության հոլովակ. Սրտի բանալին՝ թրաֆիքինգի վտանգ (տեսանյութ) ‘