‘Դաշնակցության խնդիրները Քառյակի ներսում կարող են վերանալ ինքնաբերաբար (տեսանյութ)’

1139

Դաշնակցությունը մոտ օրերս իշխանություններին կներկայացնի սահմանադրական բարեփոխումների սեփական փաթեթը, եւ եթե Դաշնակցության մոտեցումներն ընդունվեն, կուսակցությունը կլծվի սահմանադրական փոփոխությունների անցկացման գործին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Թող հանրաքվեն որոշի՝ ով է սխալ, եւ ով՝ ճիշտ», — ասաց նա:

iLur.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ն հավատում է, որ գործող իշխանությունները կարող են ազատ եւ թափանցիկ հանրաքվե կազմակերպել, Ռուստամյանը պատասխանեց.

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ, եթե մեր առաջարկած տարբերակը դրվեց հանրաքվեի, հանրաքվեն անցնի բաց եւ թափանցիկ: Մանավանդ, ես չեմ կարծում, որ այդտեղ իշխանությունը պահել-չպահելու հարց կա, ինչպես ներկայացնում են», — ասաց պատգամավորը:

 Ինչպես տեղեկացրել ենք, ՀՅԴ-ը սահմանադրական փոփոխությունների հարցում Քառյակի մյուս ուժերի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով չի մասնակցի հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին:

Արմեն Ռուստամյանի խոսքով, եթե հոկտեմբերի 15-ից հետո (սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումից հետո) իշխանությունները չընդունեն ՀՅԴ փաթեթը, կուսակցությունը դեմ կլինի սահմանադրական փոփոխություններին: Այդ դեպքում, ըստ պատգամավորի, տարաձայնությունները Քառյակի մյուս ուժերի հետ ինքնաբերաբար կվերանան:

Ռուստամյանն ասաց նաեւ, որ հանրահավաքին չմասնակցելը չի խանգարում Քառյակի ձեւաչափով աշխատել մյուս հարցերի, մասնավորապես՝ իշխանություններին ներկայացված 12 կետերն ամփոփելու շուրջ:

Դաշնակցական պատգամավորը բացառեց այն տարբերակը, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների հետ համերաշխությունը կարող է հանգեցնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն:

«Մենք 7 կետ ենք ներկայացնել իշխանությանը: Եթե այդ կետերի հետ համաձայնություն չլինի, կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող:  Բնականաբար, մենք մնում ենք ընդդիմադիր դաշտում», — ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Երևանում մեկնարկել է հնդկական կինոյի շաբաթը’
Հաջորդ հոդվածը‘Լիսկան «ատկազ է կանգնում» իր հորաքրոջ որդուց’