‘Դաշնակցության ուսանողական միությունը կոչ է անում ընդվզել ուսման թանկացման դեմ’

994

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ սեպտեմբերի 2-ին նախանշված՝ ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքի երթին:

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը` որպես հայ ուսանողների շահերի պաշտպան, չի կարող համակերպվել այդ որոշման հետ: Մենք նախաձեռնում ենք բողոքի երթ` Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրելով և պահանջելով չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ», — ասվում է միության հաղորդագրության մեջ:

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`ՀՊՃՀ-Ուսանողական այգի-Աբովյան փողոց-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Ալեք Մանուկյան փողոց-Վարդանանց փողոց -Խանջյան փողոց-Տիգրան Մեծի պողոտա- Հանրապետության հրապարակ- կառավարության շենք:

 

Նախորդ հոդվածը‘«Վովա, ամոթ ա». Բողոքի ակցիա՝ ընդդեմ ոստիկանության անօրինականությունների (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում’