‘Դավիդ Վիլյան վերադառնում է ‘

1080

407 րոպեում 6 գոլ, միջինը մեկ գոլ ամեն 67-րդ րոպեին: Այսպիսին են Վիլյայի այս մրցաշրջանի գոլային վիճակագրական տվյալները, որը գերազանցում է թե Իբրահիմովիչի, թե Ֆալկաոյի, թե Ռոնալդուի, և թե անգամ Լեո Մեսսիի այս մրցաշրջանում արդյունավետության ցուցանիշներին: Վիլյան  բացակայում էր ոտքի կոտրվածքի պատճառով, որը ստացել էր 2011-ի դեկտեմբերին ԱԱ առաջնության ժամանակ քաթարական «Ալ Սաադ»-ի դեմ: Վնասվածքից հետո բժիշկները կանխատեսում էին 5-ից  6 ամսվա բացակայություն՝ ամեն դեպքում, մինչև մայիս չբացառելով  նրա հնարավոր ամբողջական վերականգնումն ու մասնակցությունը Եվրո-2012-ին: Բայց Վիլյան հերթական անգամ դրսևորեց իրեն բնորոշող համեստությունը և հասունությունը:  Հասկանալով, որ հնարավոր չէ այդքան կարճ ժամանակահատվածում պահանջված մարզավիճակի դուրս գալ և վերգտնել նախկին որակները, որոշեց զանգահարել իսպանացիների գլխավոր մարզիչ Դել Բոսկեին և հայտնեց նրան, որ իր հետ հույսեր չկապի «Եվրոյի» ընթացքում:

«Էլ Գուախե»-ի (Վիլյայի մականունն է, իսպաներեն՝ դդում-խմբ.) ապաքինումը սպասվածից երկար ձգվեց և ամռանը շատերը պնդում էին, որ Դավիդի համար եկել է ճիշտ պահը, որպեսզի նա լքի կատալոնական ակումբը: Դրան նպաստում էին Ալեքսիս Սանչեսի առկայությունը, Տելյոյի և Կունեկայի Բարսա Բ-ից առաջին թիմ տեղափոխվելը և նաև այն խոսակցությունները, որոնց համաձայն «կապտանռնագույնները» նախնական համաձայնության են եկել Նեյմարին իրենց թիմ տեղափոխելու հարցում:

Մրցաշրջանի առաջին՝ Իսպանիայի սուպերգավաթային «կլասիկո»-ում Տիտոն որոշեց չօգտտագործել Վիլյային, բայց «Պրիմերա»-ի առաջին խաղում արդեն 15 րոպե խաղային ժամանակ տրամադրեց աստուրիացուն, որը հարձակվողը միանգամից վերածեց գոլի: Վիլանովան, ինչպես ուրիշ Բարսայի ֆուտբոլիստների դեպքում, շատ համբերատար էր հարձակվողի հարցում և այս մրցաշրջանում առաջին անգամ մեկնարկային կազմում Վիլյան դուրս եկավ միայն 4-րդ տուրի «Կամպ Նոու»-ում կայացած «Գրանադա»-ի դեմ խաղում, որը հիանալի հնարավորություն էր իր տեղը հիմնական կազմում  ամրապնդելու համար: Սակայն հանդիպումը Բարսայի համար դասավորվեց սպասվածից շատ ավելի բարդ: Խաղի գլխավոր իրադարձությունը դարձավ խաղադաշտում Լեո Մեսսիի և Բարսայի «7»-ի միջև տեղի ունեցած տհաճ երկխոսությունը: Ճիշտ է՝ Լեոն խաղից հետո հայտարարեց, որ նրանք հիանալի փոխհարաբերություններ ունեն, բայց մայրաքաղաքային` Բարսայի դեմ տրամադրված «Մարկա» և «ԱՍ պարբերականները կրակի վրա յուղ լցնելու առիթը բաց չթողեցին՝ պնդելով, որ թիմի ներսում իրավիճակը քաոսային է, որտեղ բոլորը պարտավորված են համարվում գոհացնել արգենտինացու բոլոր պահանջները: Այս ընթացքում հիշատակեցին նաև Էտո’օին և Իբրահիմովիչին, ովքեր շատերի կարծիքով հեռացել էին հենց Մեսսիի պահանջով:

Իրավիճակը հանդարտվեց հենց հաջորդ տուրում «Սևիլյա»-ի դեմ խաղի վերջին րոպեներին, երբ Վիլյան, դրսևորելով իր «քիլլեր»-ի բնազդը, ձախ ոտքի սառնասիրտ հարվածով հաղթանակ պարգևեց Բարսային: Այդ խաղից սկսած՝ Վիլյան օգտվեց Սանչեսի վատ մարզավիճակից և սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում:

Վիլյայի վերջին խաղերում զգացվում է այն թեթևությունը, որի կարիքն անցյալ մրցաշրջանում այդքան ուներ Պեպ Գվարդիոլայի թիմը: Վստահ կարելի է ասել, որ «Էլ Գուախե»-ն այս պահին ավելի լավ մարզավիճակում է, քան վնասվածքից առաջ:

Որպես օրինակ պետք է նշել Դավիդի կրնկով փոխանցումները, խաղը սրելու ունակությունը, հանդուգն անցումներն ու ռմբարկուին հատուկ դիրք գրավելը: Վերջին օրերին կատալոնական մամուլում սկսեցին խոսել Բարսայի ձախ եզրում ձևավորվող Ալբա-Ինյեստա-Վիլյա եռյակի մասին՝ կոչելով նրանց իրենց անվան առաջին տառերով ԻՎԱ: Առջևի գծում Դավիդ Վիլյայի՝ խաղն իր վրա վերցնելը կարող է օգնել նաև թիմի գլխավոր ռմբարկու  Լեո Մեսսիին, ով վերջին երկու մրցաշրջաններում միայնակ էր գոլ խփելու պարտավորվածության հարցում:

Ամեն դեպքում պետք է չմոռանալ, որ Իսպանիայի պատմության ընթացքում լավագույն հարձակվողը արդեն 30-ն անց է, և պետք չէ Նեյմարի տրանսֆերը դնել մի կողմ: Եթե Դավիդը շարունակի մրցաշրջանը նման բարձր մարզավիճակում, ապա Ալեքսիս Սանչեսը նույնիսկ իր լավագույն վիճակում նրան լուրջ մրցակից չէ, իսկ Նեյմարի տեղափոխության դեպքում, հաշվի առնելով Վիլյայի համեստությունը, բավական հավանական է թվում, որ նա կհամաձայնվի ստանձնել Բարսայում «Լարսոն»-ի դերը:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման շնորհավորել է իր մրցակցին «վառ» քարոզարշավի կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ավստրիացի ռեկորդակիր էքստրեմալ Բաումգարտները դատարանի վճռով 1,5 հազար եվրո կվճարի ‘