‘Դավիթ Ամալյանը՝ դավիթաշենցի «Չեբուրաշկայի» մասին. Դե կին էր, հումոր էր անում’

1402

Երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը համայնքի ղեկավարի կողմից հրավիրվել ու որպես համայնքի բնակիչ՝ մասնակցել է Դավիթաշեն համայնքում նախօրեին կայացած՝ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: iLur.am-ի հետ զրույցում, կիսելով հանդիպումից ստացած իր տպավորությունները, Ամալյանն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում նման հանդիպման ու լավ տպավորություն է ստացել:

«Այս դեպքում ես անմիջականությունն ընդունեցի: Ես ուզում եմ Սերժ Սարգսյանին որպես մարդ, որպես նախագահ չէ՝ որպես մարդ հավատալ: Որևէ անձնական կապ չկա: Էդ մարդու խոսքի մեջ իմաստ կար, քաղաքական գործիչներ կան, որ ժամերով խոսում են, բայց ոչ մի ասելիք չունեն: Իր խոսքի մեջ ինչ-որ ասելիքներ կային և անմիջականություն»,- նշեց երգահանը:

Երգիչ-երգահանը, իր խոսքով, երբեւէ չի մասնակցել եւ այժմ էլ չի մասնակցում Սերժ Սարգսյանի քարոզարշավին: «Այնպես չի, որ ես ակտիվ եմ, մասնակցում եմ, համայնքի կողմից հրավիրել էին, դրա համար ներկա էի»,- ասաց նա: Որպես երգիչ՝ միգուցե մասնակցի, «ոնց որ մյուսներն են գնում»: «Դրա մեջ վատ բան չեմ տեսնում, պարզապես առայժմ առաջարկ չեմ ստացել», — նշեց երգիչը:

Հետաքրքրվեցինք նաև, թե Ամալյանն ինչպես է վերաբերվում երեկ տեղի ունեցած  դեպքին, երբ ներկաներից մի կին հիշել էր Չեբուրաշկային:

«Ասեմ, որ այդ կինը ինչ-որ հետին միտք, որևէ վատ մտադրություն չուներ: Ոչ մի մտադրություն ես չեմ տեսել: Ես հասկացա, որ դա հետո անպայման քարկոծման բան կլինի: Դե հիմա կին էր, որոշեց ինչ-որ հումորով սկսի»,- ասաց Ամալյանը, իսկ մեր հարցին, թե անձամբ իրեն դա զվարճացրե՞լ է, Ամալյանն այսպես արձագանքեց՝ «Ի՞նչ կա էդտեղ զվարճանալու»: 

Նախորդ հոդվածը‘Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրա ծախսվել է ավելի քան 431 միլիոն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Օրանգուտանները սովորել են օգտվել iPad-ից (տեսանյութ)’