‘Դավիթ Բաբայան. ԱԳ նախարարների հանդիպումից հետո ոչ մի փոփոխություն չի լինի ‘

998

 

Կարծում եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայանալիք հանդիպումից հետո ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և դրա հետ կապված խայտառակ գործարքը փակուղի են մտցրել բանակցային գործընթացը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Իմ կարծիքով՝ միջնորդ երկրների հիմնական ջանքերն այս պահին ուղղված են լինելու ինչ-որ ձևով պահպանելու բանակցային գործընթացը: Ակնկալել ինչ-որ առաջընթաց, բնական է, որ շատ ու շատ վաղաժամ է»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա՝ Սաֆարովի արտահանձնումից հետո դուռ է բացվել, որը պետք է տանի միմիայն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Բաբայանի համոզմամբ՝ սա արմատական, հեղափոխական փոփոխություն է, որը կատարել է հենց ինքը՝ Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին Փարիզում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Նախորդ հոդվածը‘Նոր պայթյուն Դամասկոսում. Հինգ մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘5 տարի առաջ Հիմնադիր նախագահը հայտարարեց առաջադրվելու մասին (տեսանյութ)’