‘Դավիթ Բաբայան. Այնպիսի հակահարված ենք տալու, որ Ալիևը ամբողջ կյանքում հիշի’

1643

Ադրբեջանի կառավարության կողմից երեկ հաստատած օրենքը, որով ռազմաօդային ուժերին իրավունք է տրվել հարվածել այն բոլոր քաղաքացիական ինքնաթիռներին, որոնք կխախտեն Ադրբեջանի «օդային տարածքը», ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակը iLur.am-ի հետ զրույցում բնորոշեց որպես ֆաշիզմի, հայատյացության քաղաքականության կոպտագույն դրսևորումներից մեկը:

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է, որպեսզի միջազզային հանրությունն ավելի լուրջ քայլեր ձեռնարկի, քանի որ Սաֆարովի դեպքը «մարսելուց» հետո՝ այժմ էլ ականատես են լինում, թե ինչպես է հարևան պետությունն աննորմալ քայլերի  դիմում՝ ցույց տալով իր ներսում առկա ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը:

«Նման քայլերով Ադրբեջանը կտրականապես սրում է իրավիճակը տարածաշրջանում, իհարկե, այսպես ասած՝ ադրբեջանական տրամաբանությունից կարելի է հասկանալ այդ քայլերը: Ադրբեջանի այդ քայլն առաջին հերթին ներքին քաղաքականության համար է, քանի որ ալիևյան կլանն արդեն 20 տարի է՝ իշխանության ղեկին է, իսկ նոր սահմանադրությունը չի սահմանափակում նախագահ առաջադրվելու հնարավորությունը: Հետևաբար՝ նման իրավիճակն Ադրբեջանում դառնում է անհանդուրժելի, իսկ ներքին իրավիճակը  հանդարտեցնելու միակ միջոցը Արցախի Հանրապետությունը գրավելն է, դրա հետ մեկտեղ՝ նաև ՀՀ-ի մի շարք այլ տարածքներ ձեռ գցելը»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ Արցախն ի վիճակի է պաշտպանել իր անվտանգությունը, տալ հակահարված, իսկ վախեցնելով ու ահաբեկչությամբ Ադրբեջանը ոչ մի բանի չի հասնի:

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին անպայման տեղյալ կպահենք այս իրավիճակի մասին, բնականաբար՝ չենք որդեգրի Ադրբեջանի քաղաքականությունը, բայց տալու ենք այնպիսի հակահարված և անելու ենք այնպիսի քայլեր, որ Ալիևը դա ամբողջ կյանքում հիշի»,- եզրափակեց ԼՂՀ նախագահի խոսնակը:  

Նշենք, որ հունվարի 15-ին Ադրբեջանի կառավարության կողմից հաստատվել և ուժի մեջ մտած «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոններ» վերնագրված փաստաթուղթը, որով, ըստ մեր տեղեկությունների՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին իրավունք է տրվել հարվածել այն բոլոր քաղաքացիական ինքնաթիռներին, որոնք կխախտեն Ադրբեջանի «օդային տարածքը»:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը կպաշտպանի ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Մակեդոնիա-Հայաստան՝ 4:1’