‘Դավիթ Բաբայան. Դիվերսանտներից մեկին կարող ենք փոխանակել Ռամիլ Սաֆարովի հետ’

1271

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

«Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա Գուրգեն Մարգարյանին — խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում», — նշել է Բաբայանը: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա խոսքով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և նորմերի պահպանմամբ:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ է արել վերադարձնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա խոսքով, նման մարդասիրական քայլը կարող է նպաստել կողմերի միջև լարվածության թուլացմանն ու վստահության ստեղծմանը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունն առաջարկում է պաշտոնաթող նախագահին ցկյանս գրասենյակ տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի քաղաքապետը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ’