‘Դավիթ Բաբայան. Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի՝ անկախ ադրբեջանական կողմի հայտարարություններից ‘

1063

Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի նախատեսված ժամկետում և կաշխատի՝ անկախ ադրբեջանական կողմի հայտարարություններից: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Պետք է նշեմ, որ նման հայտարարությունները, հատկապես՝ Սաֆարովի նման տականքին ազատ արձակելուց ու հերոսացնելուց հետո, ուղղակի նողկալի են հնչում, հետևաբար բնական է, որ զզվանքից բացի ոչ մի այլ զգացում չես ունենում նման հայտարարությունների հանդեպ»,- նշեց Բաբայանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի հայտարարությունները իրենց համար որևէ նշանակություն չունեն:

iLur.am-ի հարցին՝ հստակ ժամկետներ կա՞ն, թե օդանավակայանը երբ կբացվի, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ «շուտով» ու չցանկացավ կոնկրետ ժամկետներ նշել՝ հաշվի առնելով, որ հնարավոր է՝  ինչ-որ տեխնիկական խնդիրներ լինեն:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, թե Հայաստանն իրավասու չէ Ստեփանակերտում  միջազգային օդանավակայան բացելու: «Հայաստանը մի անգամ չէ, որ փորձել է դա անել, բայց տարբեր պատճառներով հետաձգել է օդանավակայանի բացումը: Բայց եթե նրանք փորձեն անել դա, կհանդիպեն ադրբեջանական կողմի համապատասխան արձագանքին»,- ասել է Ասկերովը՝ ընդգծելով, որ առանց Ադրբեջանի համաձայնության՝ Հայաստանը չի կարող նման նախագիծ իրականություն դարձնել:

Նախորդ հոդվածը‘Գեներալները շատանում են’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ա Կաթողիկոս. Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք ‘