‘Դավիթ Բաբայան. Freedom House-ը ուղղել է իր սխալը’

841

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ «Ազատությունն աշխարհում», որտեղ ներկայացնում է, թե որքանով են աշխարհի տարբեր երկրներում հարգվում մարդու իրավունքներն ու ազատությունները:

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը այս տարվա զեկույցում փոխվել է։ Ղարաբաղը «ոչ ազատ» տարածքների ցուցակից հանվել է՝ դասվելով «մասամբ ազատների» շարքը: Պատճառը հուլիսին կայացած նախագահական մրցակցային ընտրություններն են: Նշենք, որ ավելի վաղ ԼՂՀ-ն «մասամբ ազատների» շարքից «ոչ ազատ» տարածքների ցուցակում էր հայտնվել նախորդ ընտրությունների պատճառով:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ քանի որ այդ կազմակերպությունը բավականին հայտնի է, ապա իրենց կողմից ուշադրություն է դարձվում հայտարարություններին և զեկույցներին:

«Չնայած մենք համաձայն չէինք, երբ Freedom House-ը 2010 թվականի ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից հետո մեզ «մասամբ ազատների» շարքից դասեց «ոչ ազատների» շարքը, քանի որ խորհրդարանական ընտրությունները նորմալ էին անցել: Հիմա իրենք իրենց սխալը ուղղել են, չնայած՝  մենք կարծում ենք, որ ավելի բարձր որակավորման ենք արժանի»,- ասաց նախագահի խոսնակը՝ հավելելով, որ այստեղ կան նաև արտաքին քաղաքականության բաղադրամասեր:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ եթե Freedom House-ը ԼՂՀ-ն դասի ազատ երկրների շարքին, ապա կնշանակի, որ միջազգային այս կազմակերպությունը հայտ է ներկայացնում Արցախի միջազգային ճանաչման համար: Չնայած դրան, խոսնակի համոզմամբ՝ քանի դեռ կան աշխարհաքաղաքական այլ նկատառումներ, որոնք խոչընդոտում են Արցախի ճանաչման գործընթացին, Արցախը կդասվի «մասամբ ազատների» շարքին:

Հյուսիսային Կիպրոսի օրինակով՝ Դավիթ Բաբայանը հիշատակեց հակառակ գործընթացը, երբ Հյուսիսային Կիպրոսը փաստացի գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո և ունի ժողովրդարության ցածր ցուցանիշ, սակայն Freedom House-ի կողմից դասվել է «ազատների» շարքը: Դա արվում է միայն ու միայն Կիպրոսի թուրքական և հունական մասերի միավորումը իրականացնելու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Դեսպան Մանուկյանը 175 հազար դոլար և 95 հազար եվրո նվիրատվություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով հաշփտակություն կատարողի դեմ քրգործ է հարուցվել’