‘Դավիթ Հարությունյանը, «Գլենդեյլ հիլզ»-ը եւ Մուշ-2-ի անորակ բնակարանները’

2449

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում երեք ամիս առաջ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման հանձնված 1756 բնակարանների տերերը տեղափոխվել ու կանգնել են կենցաղային բազմաթիվ խնդիրների առջեւ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում բնակիչները հնչեցրել են իրենց դժգոհությունն ու բողոքը անորակ ու թերի կատարված աշխատանքների կապակցությամբ: Նրանք տարակուսում են՝ ինչպես է ստացվել, որ ընդամենը վերջերս հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնված շենքերում անսարք է ջեռուցման համակարգը, ծխատարները սխալ հաշվարկով են կառուցված, էլեկտրալարերը չեն դիմանում լարմանը եւ այլն:

Շինարարությունը, հիշեցնենք, իրականացրել է «Գլենդեյլ հիլզ» կազմակերպությունը, եւ շենքերը գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ:

Այս տեղեկությունը մեզ առիթ տվեց վերահրապարակելու 2011-ին «Ժամանակ» օրաթերթում լույս տեսած «ԵԽԽՎ-ն քննարկում է Դավիթ Հարությունյանի վերջը» հոդվածը, որտեղ մանրամասն անդրադարձ կա ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ նրա ընտանիքի որոշ անդամների՝  «Գլենդեյլ հիլզ» ընկերության հետ ունեցած կապի մասին:

 

(2011-ի) հունվարի 24-ին մեկնարկում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ԵԽԽՎ բոլոր հինգ խմբակցություններում (EPP/CD ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցություն, SOC ԵԽԽՎ-ում Եվրոպայի Սոցիալիստական կուսակցություն, ALDE ԵԽԽՎ Լիբերալների և դեմոկրատների Եվրոպայի համար, EDG ԵԽԽՎ-ում Եվրոպայի դեմոկրատների խումբ և UEL-ը ԵԽԽՎ-ում Միացյալ Եվրոպայի ձախերի խումբ) գումարվելու են բյուրոյի նիստեր, որտեղ քննարկվելու է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գործունեության վերաբերյալ անցած տարեվերջին «Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածի մանրամասները (հոդվածն ամբողջությամբ կարդացեք ստորև)։ Խմբակցություններում կայանալիք քննարկումների արդյունքում կկայացվեն համապատասխան եզրակացություններ, որոնք կներկայացվեն ԵԽԽՎ նախագահությանը։ Հոդվածի ուսումնասիրությունից հետո` այսօր արդեն, կասկածի տակ է Դավիթ Հարությունյանի` Սերբիայի հանրապետությունում ԵԽԽՎ համազեկուցողի պաշտոնում աշխատելու նպատակահարմարությունը։

Դավիթ Հարությունյանի 30 արծաթները 

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ Հանրապետական կուսակցություն խմբակցության անդամ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը հայտնի է որպես դրսում իշխանությունների հիմանական զենքը, և որը իր գիտելիքների ու բարեհամբույր ժպիտների շնորհիվ` կարողանում է մոլորեցնել միջազգային հանրությանը`խեղաթյուրված և վարդագույն երանգներով ներկայացնելով Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակը, իր այդ «վնասակար» աշխատանքի դիմաց պարզվում է` լավ էլ վարձատրվում է: Ընդ որում, Դավիթ Հարությունյանի դրսի հաջողությունները ուղիղ համեմատական են նրա ներհայաստանյան ֆինանսական հաջողություններին. տարեցտարի Դավիթ Հարությունյանի և նրա եղբայրների` Վահան և Հայկ Հարությունյանների կարողությունը ավելանում է, իսկ տնտեսական գործունեության ոլորտները` ընդլայնվում: Ներկայում Հարությունյան ընտանիքի անունը կապվում է մի շարք բիզնեսների հետ. բեռնափոխադրումներ, ավիատոմսեր, իրավախորհրդատավական ոլորտ, կապ, շինարարություն: Ընդ որում, չնայած`այդ կազմակերպությունների փաստաթղթերում նշվում են միայն Դավիթ Հարությունյանի եղբայրների անունները, սակայն, ներքին կարգով բոլորը շատ լավ գիտեն, որ Հարությունյան եղբայրների տանիքը հենց Դավիթ Հարությունանն է, ով օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու իշխանական կապերը` կարողանում է իր եղբայրների բիզնեսների համար ավելի և ավելի շահավետ պայմաններ ապահովել: 

“Air Armenia” 

Բիզնես աշխարհում Հարությունյան ընտանիքի անունը առաջին անգամ հնչեցվեց կապվեց ավիացիայի հետ, այն ժամանակ, երբ շահույթով աշխատող «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը միտումնավոր հասցվեց սնակնության և քանդվեց, իսկ դրա տեխնիկական բազայի հիման վրա ձևավորվեցին երկու ընկերություններ` «Արմավիա» ուղևորափոխադրող և «Air Armenia» բեռնափոխադրող ըկերությունները: Երկրորդը ուղղակի անցավ Հարությունյան եղբայրներին և «Հայկական ավիաուղիների» այն ժամանակվա գործադիր տնօրեն, Վահան Հարությունյանի ընկեր` Արսեն Ավետիսյանին: Իսկ սնանկացման սխեման շատ պարզ էր. տարբեր մեքենայությունների շնորհիվ ընկերությունը հասցնել սնանկացման, և սեփականաշնոհրել այն: Սնանկացումը առավել քան կասկածելի էր, քանի որ անգամ հետպատերազմյան 1996-ին ողջ Հայկական ավիացիան աշխատում էր 15 մլն դոլար մաքուր շահույթով, որից միայն 10 մլնը «Հայկական Ավիաուղիների» շահույթն էր: Սակայն, նման շահույթ ունեցող ընկերությունը մի քանի տարվա ընթացքում 30 մլն դոլարի պարտք կուտակեց: Իսկ հաշվի առնելով այն, որ ընկերությունը 10 մլն դոլարի մաքուր շահույթ ուներ, արդեն 2000-ականների սկզբին ընկերության փաստացի պարտքը կազմում էր 45 մլն դոլար, ինչի մասին, ի դեպ, այդ ժամանակ տվյալներ հրապարակվեցին նաև միջազգային հեղինակավոր «Air Transport World» ամսագրում: Ընդ որում, սնանկանալը կասկածելի էր նաև այն պատճառով, քանի որ 1996-ի հետ համեմատ, ընkերության ուղևորափոխադրումների ծավալը չէր պակասել: Նշենք, որ դեռևս մինչև ընկերության սնանկացումը Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը եղել է «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենը: Սակայն, Հայաստանում Վահան Հարությունյանի հետ ծագած ինչ-որ ֆինանսական խնդրի պատճառով, վերջինս նշանակվել է Լոնդոնում ընկերության ներկայացուցիչ: Սակայն, այստեղ ևս, Վահան Հարությունյանը հայտնվել է ֆինանսական սկանդալի մեջ. պարզվում է, որ ընկերությունից մեծ գումարներ են անհետացել: Այդ սկանդալից հետո Վահան Հարությունյանը ընդհանրապես դուրս է գալիս «Հայկական ավիաուղիներից»: Մինչ այդ, Հարությունյաններն ու Ավետիսյանը արդեն հիմնադրել էին ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Գլոբ Թրեվըլ» ընկերությունը: 
2004-ի ապրիլի 12-ին տնտեսական դատարանի որոշմամբ «Հայկական Ավիաուղիներ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Ընկերության սնանկ ճանաչելու գործում, ի դեպ, քարոզչական մեծ դերակատարություն է ունեցել այն ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով նույնիսկ հարցազրույցներ էր տալիս ԶԼՄ-ներին այդ թեմաներով: Սնանկ ճանաչելուց հետո, «Հայկական Ավիաուղների» գույքը վաճառվում է: Իսկ ընկերության բազայի հիման վրա ստեղծված երկու ընկերություններից մեկը` “Air Armenia”-ն իրար մեջ կիսում են ընկերության նախկին տնօրեն Արսեն Ավետսիյանն ու Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը` 50/50 հարաբերակցությամբ: Ընդ որում, եթե Հարությունյանների 50 տոկոսը հենց Վահան Հարությունյանի անունով է գրանցված, ապա Արսեն Ավետիսյանի փայաբաժինը փաստաթղթերով գրանցված է վերջինիս մոր անունով: Իսկ ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Գլոբ Թրեվըլ» ընկերությունը դե յուրե բաժանված է 30/30/30 համամասնությամբ. բաժնետոմսերի 30 տոկոսը կրկին Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանինն է, 30 տոկոսը` Արսեն Ավետիսյանինը, մյուս 30 տոկոսը պատկանում է ինչ-որ դրածո անձնավորության, որի փայաբաժինը, սակայն, դե ֆակտո տնօրինում են Հարությունյաններն ու Ավետիսյանը: Այսինքն, իրականում, «Գլոբ Թրեվըլը» ևս բաժանված է 50/50 սկզբունքով: Ի դեպ, և «Գլոբ Թրեվըլը» և «Air Armenia»-ն գրանցված են նույն հասցեում` Երևանի կենտրոնում գտնվող Գևորգ Քոչարի 21 հասցեում: Ներկայում «Air Armenia»-ն բեռնափոխադրումների ոլորտում մենաշնորհային դիրք է զբաղեցնում, և իրականացնում է պետական կառույցների, (ասենք, մասնավորապես, Պաշտպանության նախարարության) և Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների և խանութների համար բեռնափոխադրումները: Այդ ընկերության և դրա սեփականատերերի շահույթները գնալով ավելի և ավելի են մեծանում. Բյուզանդի 7 հասցեում Վահան Հարությունյանի անունով բնակարան է գրանցված, Գևորգ Քոչարի փողոցի վրա գտնվող ընկերության տարածքը կիսով չափ պատկանում է Վահան Հարությունյանին, մյուս կեսը` Արսեն Ավետիսյանին: Գրասենյակի նկուղային հարկն ամբողջությամբ փաստաթղթերով Վահան Հարությունյանի անունով է գրանցված: Վահան Հարությունյանի անունով է գրանցված Կորյուն փողոցի վրա գտնվող մեկ սենյականոց բնակարան, որը ևս որպես ընկերության գրասենյակ է օգտագործվում: Ընկերության սեփականատերերը անշարժ գույք, (և մասնավորապես, հողատարծքներ) ունեն արտերկրում, ընկերության ավտոպարկում մի շարք թանկարժեք ավտոմեքենաներ կան. մասնավորապես այնպիսի թանկարժեք ավտոմեքենա, ինչպիսին Բենթլին է: Նշենք, որ «Air Armenia»-ն ոչ միայն բեռնափոխադրումներ է իրականացնում, այլև երբեմն մաքսազերծման ծառայություններ է մատուցում որոշ ընկերությունների. մասնավորապես, «Արմենտել» ընկերության համար ուրիշ բեռնափոխադրող ընկերության միջոցով Հայաստան բերված թանկ սարքավորումները մաքսարզերծել է հենց «Air Armenia»-ն: Ընկերությունը նաև պարբերաբար շինանյութեր է ներկրում Հայաստան. վերջին անգամ, մեր տեղեկություններով, մոտ 200 հազար դոլարի շինանյութ է տեղափոխվել: Ընկերության մյուս բաժնետերը` Ավետիսյանը, Ավանում մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում: Բացի այդ, Հարությունյան եղբայրներին է պատկանում նաև պահպանության ոլորտին առնչվող ընկերություն, որն ավարտած կադրերը միայն որպես «պահակներ» կարող են աշխատանքի ընդունվել «Air Armenia»-ում: Ու չնայած այս ընկերությունների վերնախավի ֆինանասական հաջողություներին, աշխատակիցները պարբերաբար աշխատավարձ չեն ստանում. Չնայած` հաշվապահությունում ամեն ինչ ձևակերպված է այնպես, իբր աշխատավարձները փոխանցվել են: 

«Հարությունյան և գործընկերներ» 

Դավիթ Հարությունյանին և նրա եղբայրների է պատկանում «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունը, որը իրավախորհրդատվական ծառայություններ է մատուցում բազմաթիվ խոշոր ընկերությունների և ուշագրավ կենսագրություն ունեցող անհատների: «Հարությունյան և գործընկերները» մասնավորապես, պաշտպանում է Հյուսիսային պողոտայում կառուցապատում իրականացնող որոշ ընկերությունների շահերը, (այդ թվում «Գլենդել Հիլզ» ընկերության շահերը, որը ևս կապում են Հարությունյան ընտանիքի հետ), «Հարությունյան և գործընկերները» Վիավսել-MTC-ի և «Air Armenia» ընկերության իրավախորհրդատուն է: Այս ընկերության գործընկերներից է նաև Հայաստանում Գրիքոր Աղաբեկյան անուն ազգանունով հայտնի սփյուռքահայ գործարարը, որը ներկայում ազատազրկված է Ֆրանսիայում` մանկապղծության և սատանիզմի մեղադրանքով, որի ազատազրկման հարցում ի դեպ, գործուն մասնակցություն է ունեցել նաև Վատիկանը: Աղաբեկյանի իրական անուն ազգանունը հայտնի չէ, քանի որ վերջինիս հայկական տարբեր համայնքներում տարբեր անուններով են ճանաչում: Նա ԱՄՆ, Լիբանանի, Ֆրանսիայի, Ավստրիալիայի քաղաքացիություն ունի, իսկ ձերբակալությունից առաջ էլ, ըստ որոշ տեղեկությունների, պլաստիկ վիրահատությամբ ամբողջությամբ փոխել էր իր դեմքն ու մատնահետքերը, ինչ պատճառով էլ ձերբակալության ժամանակ լուրջ խնդիրներ էին առաջացել Ֆրանսիայում: Աղաբեկյանը, ըստ որոշ տեղեկությունների, ժամանակին բարեգործական կազմակերպություն ուներ, որի միջոցով Հայաստանից երեխաներ էր տանում «դրսում» հանգստանալու: Սույն Աղաբեկյանը նաև վերջին նախագահական ընտրություններից առաջ, բավականին մեծ գումար է փոխանցել հայաստանյան իր մտերիմներին` ի աջակցություն Սերժ Սարգսյանի. ըստ որոշ տեղեկությունների, խոսքը 4 մլն դոլարի մասին է: Աասում են նաև, որ վերոնշյալ Աղաբեկյանին նաև մեծ գումար է պարտք Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ալիկ Հարությունյանը: Աղաբեկյանը ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, ծնվել է Լիբանանում, հարստացել է քաղաքացիական պատերազմի տարիներին` զենքի վաճառքի շնորհիվ: Ասում են նաև, որ տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ում, վերջինս այդ խնդիրները լուծել է հենց Աղաբեկյանի միջոցով: Հայտնի չէ, սակայն, թե այդ ժամանակ, Գրիքոր Աղաբեկյանը ԱՄՆ-ում ինչ անուն ազգանունով էր հանդես գալիս: 

Հարությունյան եղբայրներն ու HSBC-ի սկանդալը 

Հարությունյան եղբայրներից Հայկը ժամանակին նաև աշխատել է HSBC բանկում: 2000 թվականից այդ նույն բանկում աշխատանքի է ընդունվել նաև Դավիթ Հարությունյանի մյուս եղբայրը` Վահանը: Մինչդեռ, բանկի կանոններով, իրար հետ բարեկամական կապ ունեցող անձինք չենք կարող միաժամանակ աշխատել բանկում: Վահան Հարությունյանը, սակայն, աշխատանքի ընդունվելու ժամանակ չի տեղեկացրել, որ բանկում արդեն իսկ աշխատող Հայկ Հարությունյանը իր հարազատ եղբայրն է: Մոտ երկու ամիս աշխատելուց հետո, բանկի ղեկավարությունը հանկարծ պարզել է Հարությունյանների կապը, ինչից հետո, Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը մեծ սկանդալով ազատվել է աշխատանքից: 

Հարությունյանը ռուսական մամուլում 

Մի քանի ամիս առաջ ռուսական մամուլում հրապարակվեցին նյութերի շարք` հայաստանյան պաշտոնյաների և օլիգարխների ունեցվածքի մասին: Ռուսական Wek.ru-ի նյութում, մասնավորապես, անդրադարձ կար նաև Դավիթ Հարությունյանին: Նյութում մասնավորապես նշվում էր. “Դավիթ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ և մոտ մարդկանցից է: Հարությունյանը ապահովել է Քոչարյանի բոլոր գործարքների և անօրինական սեփականաշնորհումների իրավական հիմքը` սկսած «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումից: Նրա եկամտի գլխավոր աղբյուրներից մեկը «Հարությունյան եղբայրներ» իրավաբանական գրասենյակն է: Վերցնելով մեծ հոնորարներ` գրասենյակը հաճախորդի համար դատարանում ապահովում է ուզածդ վճիռը: Հենց այս ընկերությունն է դատարանում շահել 1 միլիոն դոլար հունական ՕՏԵ ընկերությունից («ԱրմենՏել»-ի նախկին սեփականատերը): Սա քողարկված կաշառք էր, որը ՕՏԵ-ն տվեց Հարությունյանին, որպեսզի վերջինս ՕՏԵ-ի դեմ հայց չնախաձեռնի Լոնդոնի արբիտրաժում: Իր եղբոր հետ Հարությունյանը հանդիսանում է «Կորնետ» ընկերության սեփականատերը: Հենց նա է դատարաններում կազմակերպել Երևանի կենտրոնում գտնվող բազմաթիվ տների սեփականատերերի դատական հայցերի արգելափակումը, որոնք ընդդիմանում էին Բուզանդի և Հյուսիսային պողոտայի էլիտար շինարարությանը: Նրա շնորհիվ ապահովվեց այդ շինարարության և բնիկ երևանցիներին Երևանի կենտրոնից վտարելու իրավական դաշտը: Վտարվածները ստացան չնչին գումարներ, իսկ փոխարենը, նրան պատկանող շինկազմակերպությունը ստացավ էլիտար շինարարությանը մասնակցելու իրավունք”: Նյութում նշվում էր նաև, որ 2007-ին կայացած ԱԺ ընտրություններից առաջ “Նոր Ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ Դավիթ Հարությունյանը բնակարան ունի Նյու Յորքի կենտրոնում: Հարությունյանը, ըստ հրապարակաման, դատարան չի դիմել սույն տեղեկատվությունը հերքելու համար: Ի դեպ, Հարությունյանը նաև որևէ կերպ չի հերքել ռուսական մամուլում տպագրված այս նյութի իսկությունը: 

Տնտեսական դատարան

Երբ Հայաստանում կարճ ժամանակով ստեղծվեց Տնտեսական դատարանը, դատարանի ղեկավար նշանակվեց Հովհաննես Մանուկյանը: Դատարանի գործունեության ընթացքում Դավիթ Հարությունյանն ու Մանուկյանը միասին բավականին արդյունավետ են աշխատել. բոլոր այն պետական ընկերություններն ու գործարանները, որոնք Տնտեսական դատարանի կողմից ճանաչվել են սնանկ և հետագայում վաճառվել, անցել են Հարությունյանի և Մանուկյանի «ձեռքի» տակով: Իսկ դա թանկ վարձատրվող աշխատանք էր, առավել ևս, որ Տնտեսական դատարանի որոշումները օրինական ուժի մեջ էին մտնում անմիջապես: Ընդ որում, նման դեպքերում դատարանում որպես սնանկ ճանաչվող կողմի շահերի ներկայացուցիչ հանդես էր գալիս նույն Դավիթ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունը: Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա ինչպես նշեցինք, նման գործարքներ կազմակերպելու համար Դավիթ Հարությունյանն ու Հովհաննես Մանուկյանը շռայլորեն վարձատրվում էին. այսպես, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, միայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սնանկ ճանաչելու դիմաց Հարությունյանն ու Մանուկյանը 6 մլն դոլար գումար են ստացել, իսկ «Հայկական ավիաուղիներ» ընկերության համար` 2 մլն դոլար: Հիշեցնենք, որ սնանկ ճանաչվելուց հետո ավիաուղիների մի մասը` բեռնափոխադրումները, սեփականաշնորհել են Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանն ու վերջինիս ընկերը: Թերևս կարելի է հասկանալ, թե որտեղի՞ց Մանուկյանին նման կարողություններ. նշենք, որ բացի Հայաստանից, Մանուկյանը անշարժ գույք ունի նաև Սանկտ Պետերբուրգում, Թուրքիայում, Հունաստանում: Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ Տնտեսական դատարանը լուծարվեց, դատարանում քննված գործերի մի մասը հանձնվեց Վարչական դատարանի արխիվ, մյուս մասն էլ` ցրեցին տարբեր դատարանների արխիվներով: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ արխիվների մեծ մասն ուղղակի անհետացել է: Ավելին, այդ արխիվները հետագայում չկարողացան գտնել անգամ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները. ստուգումների արդյունքում վերահսկողության ծառայությունը մեծ թվով նյութերի բացակայություն էր հայտնաբերել: Ի դեպ, Տնտեսական դատարանում համատեղ գործարքներ անելուց հետո հենց Դավիթ Հարությունյանը միջնորդեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մանուկյանին նշանակի Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է, շատ էր գնահատում Դավիթ Հարությունյանին` ե՛ւ որպես օգտակար զենք, ե՛ւ որպես ազգակցական. Դավիթ Հարությունյանը ազգակցական կապ ունի Քոչարյանի հորաքրոջ հետ: 

«Գլենդել Հիլզ»

Երևանցիներից շատերին և հատկապես անօթևան դարձած բազմաթիվ մարդկանց ծանոթ է այս կազմակերպությունը, որը զբաղվում է կառուցապատման աշխատանքներով: Նշենք, որ իշխանությունների և պետական մարմինների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի այս ընկերության սեփականատերերի անունները գաղտնի պահվեն: Հայտնի է, սակայն, որ բացի իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչներից, «Գլենդել Հիլզը» կապ ունի նաև Դավիթ Հարությունյանի հետ: Այդ կապը իրականացվում է սփյուռքահայ գործարար Վահե Յաղուբյանի միջոցով, ով փաստացի ներկայանում է որպես ընկերության սեփականատերերից մեկը և ժամանակին աշխատել է «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունում, Արդարադատության նախարարությունում (Դավիթ Հարությունյանի օրոք), ինչպես նաև քավոր-սանիկական կապեր ունի Դավիթ Հարությունյանի հետ: Ընկերության սեփականատերերի անունները պարզելու համար մենք դեռևս հունիս ամսվանից բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել կառավարություն, որը միայն անցած տարի ՀՀ հարկատուների մուծած հարկերի հաշվին ձևավորվող պետբյուջեից 2 մլրդ դրամի վարկային երաշխիք էր տվել այդ ընկերությանը: Կառավարությունից, սահմանված կարգով, խնդրել էինք մեզ տրամադրել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ՀՀ կառավարությունը ստացել էր «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի մասին` վերջինիս ֆինանսական երաշխիքներ տրամադրելու մասին կառավարության որոշումների կայացման պահին: Ու եթե սկզբում մենք ստանում էինք ոչինչ չասող, սակայն, այդուամենայնիվ, ինչ-որ պատասխաններ, ապա վերջում ընդհանրապես մեզ դադարեցին պատասխանել: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանն էլ ընդհանրապես խուսափում էր պատասխանել մեր հեռախոսազանգերին, չնայած մեր վերջին հարցման մեջ արդեն հստակ գրել էինք, որ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ տվյալ ընկերության հետ կապ ունի Դավիթ Հարությունյանը և/կամ նրա եղբայրները, և նաև նշել էինք, որ կառավարության լռությունը կհամարենք մեր հարցին տրված դրական պատասխան: 

«Գլենդել Հիլզ» կառուցապատող ընկերությունը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, պետռեգիստրում գրանցվել է 2004 թվականի մայիսին` Սայաթ-Նովա 19 հասցեում, կառուցապատման աշխատանքներ է իրականացրել հիմնականում Գլխավոր պողոտայում, ներկայում` Գյումրիում և Սպիտակում: Ընդ որում, ուշագրավն այն է, որ այդ ընկերության տնօրեն Էդուարդ Մելիքյանը որպես տնօրեն է հանդես գալիս ևս մի քանի կառուցապատող ընկերություններում. մասնավորապես` «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ում (գրանցված 2006 թվականին, կրկին Սայաթ-Նովա 19 հասցեում), «Ի Էմ Սե» ՓԲԸ-ում (գրանցված 2005 թվականին, կրկին Սայաթ-Նովա 19 հասցեում), «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ում (գրանցված 2006 թվականին, կրկին Սայաթ-Նովա 19 հասցեում): Բացի այդ, նույն Սայաթ-Նովա 19 հասցեում է գրանցված նաև մեկ այլ կառուցապատող ընկերություն` «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն: Ուշագրավ է, որ ի սկզբանե «Գլենդել Հիլզը», ըստ այդ կազմակերպության կողմից` իրենց իսկ բլանկով ներկայացված բազմաթիվ փաստաթղթերի (անգամ նման տվյալներով պայմանագիր կա կնքված), իբրև թե գրանցված է եղել Ամիրյան 80 հասցեում: Ամիրյան 80 հասցե, սակայն, իրականում ուղղակի գոյություն չունի: 
Ինչ վերաբերում է կառուցապատման աշխատանքներին, ապա իրացման գոտու բնակիչներից իրենց տները հնարավորինս էժան և արագ խլելու գործում կրկին իր դերակատարությունն է ունեցել Դավիթ Հարությունյանը, ում արդարադատության նախարար եղած ժամանակ և ում նախաձեռնությամբ էլ փոփոխություններ կատարվեցին Հողային և Քաղաքացիական օրենսգրքում, և ում եղբայրներին պատկանող իրավախորհրդատվական ընկերությունը նորից հանդես էր գալիս որպես կառուցապատողի շահերի պաշտպան: «Գլենդել Հիլզի» ապօրինությունները, սակայն, ավարտվել են ոչ միայն հարյուրավոր մարդկանց անօթևան թողնելով, այլ նաև մահվան ելքով: Մասնավորապես` հենց «Գլենդել Հիլզի» պատճառով է 2005-ին մահացել Բուզանդի փողոցի 9 տան բնակչուհի Լիլյա Ղազարյանը: Կառուցապատող ընկերությունը Լիլյա Ղազարյանին առաջարկում էր բնակարանը վաճառել 18 հազար 500 դոլարով` 230 դոլար 1 քմ համար քաղաքի ամենաթանկ շրջանում, որտեղ քառակուսի մետրի գներն այն ժամանակ սկսվում էին 1000 դոլարից: Սակայն հոկտեմբերի 21-ին Լիլյան ծանուցում էր ստացել, որ «Գլենդել Հիլզ» կառուցապատող ընկերությունը հետ է վերցրել նրան վտարելու դիմումը, և որ վտարումը կասեցվում է, իսկ մի քանի օր անց արդեն` նոյեմբերի 4-ին, նախագահականի դիմաց կայացած ցույցին մասնակցելուց հետո տուն վերադառնալիս Լիլյան տեսնում է տան աստիճանները քանդած, բնակարանի դուռը ջարդած, պարզվում է, որ տան իրերն էլ արդեն տարել են: Լիլյա Ղազարյանը փաստացի անտուն է մնում, գիշերն անցկացնելու համար գնում է ընկերուհու տուն, հաջորդ օրը կաթվածահար է լինում, շտապօգնությունը նրան տանում է հիվանդանոց, որտեղ էլ 10 օր անց մահանում է: 69-ամյա Լիլյա Ղազարյանը թոշակի անցած տնտեսագետ էր: Ապրում էր մենակ: 
«Գլենդել Հիլզի» պարագայում հարկ է նաև նշել վերջինիս կողմից իրականացված խայտառակ անորակ շինարարական աշխատանքները: Ընդ որում, խոսքը այնքան անորակ աշխատանքների մասին է, որ այդ փաստին ամիսներ առաջ ստիպված է եղել անդրադառնալ նույնիսկ Սերժ Սարգսյանը, իսկ Գյումրիում շահագործման հանձնված նորակառույց բնակարաններից մեկի առաստաղը` շահագործման հանձնումից օրեր անց ինքնափլուզվել էր: 

«Գլենդել Հիլզը»` Եվրադատարանում

Իրացման գոտու մի շարք բնակիչներ սպառելով ներհայաստանյան դատական ատյանները և չստանալով հայաստանյան դատարանների աջակցությունը` դիմել են Եվրադատարան: Եվրադատարանում` ընդդեմ ՀՀ-ի ներկայացված մի շարք գործերով դիմողների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ասում է, որ թե՛ ներպետական դատարաններում և թե՛ հատկապես Եվրադատարանում Հայաստանի կառավարության կողմից ընդգծված մոտեցում կա հատկապես այն գործերի հանդեպ, որոնք առնչվում են «Գլենդել Հիլզին»: «Ներպետական դատական ատյաններում ՀՀ կառավարության կողմից ներկայացված բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում էին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին հատկացված հողատարածքում իրականացված իրացման գործերին, դատարանների կողմից բավարարվում էին շատ արագ, իսկ դրանցից ոմանք` նույնիսկ արագացված ընթացակարգերով, երբեմն նույնիսկ հնարավորություն չտալով պատասխանողներին դիրքորոշում արտահայտել: Եվ բոլոր դեպքերում կայացվում էին քաղաքացիներին վտարելու և/կամ սեփականազրկելու վճիռներ: Միաժամանակ, քաղաքացիների կողմից ներկայացված որևէ միջնորդություն, դիմում կամ բողոք դատական ատյանների կողմից չէր բավարարվում, թեկուզև սա ընդհանուր առմամբ բնութագրող է նաև մյուս գործերի համար, սակայն ԴԱՀԿ գործողությունների փուլում հարկադիր կատարողները «Գլենդել Հիլզի» օգտին այդ դատական ակտերը ի կատար էին ածում կայծակնային արագությամբ և շատ դեպքերում հենց իրենք էին դուրս գալիս դատական ակտի պահանջների սահմաններից: Այսինքն` դրսևորում էին ավելորդ նախաձեռնողականություն: Մասնավորապես` կարող եմ վկայակոչել «Թունյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը, որտեղ տիկին Թունյանի ընտանիքի մի քանի անդամներ, որոնց անունները նշված չեն եղել դատական ակտում, հարկադիր կատարողների կողմից ապօրինաբար վտարվել են իրենց բնակարաններից` առանց դատական ակտի», — ասում է Վահե Գրիգորյանը: 

Փաստաբանի խոսքով, Եվրադատարանում ՀՀ-ի դեմ ներկայացված գործերի քննության ժամանակ, եթե այլ ընկերությունների հատկացված հողատարածքներում անձանց վտարման վերաբերյալ գործերով ՀՀ կառավարությունը երբեմն հրաժարվում է առարկություններ ներկայացնել, ապա «Գլենդել Հիլզի» դեպքում մշտապես ներկայացնում է երկարաշունչ, թեկուզև անբովանդակ առարկություններ: «Սա կարող է տպավորություն ստեղծել, որ կոնկրետ Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումը ընդգծված վերաբերմունք ունի հատկապես «Գլենդել Հիլզի» հանդեպ: 

«Անի» հյուրանոց

Դավիթ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապեր ունեցող Վահե Յաղուբյանը, ով ժամանակին նաև Արդարադատության նախարարության բավականին թանկարժեք իրավախորհրդականն էր, հանդիսանում է նաև Երևանի կենտրոնում` Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սեփականատերը: Դե յուրե: Դե ֆակտո, Յաղուբյանը «Անի» հյուրանոցի դեպքում կատարում է նույն դերակատարությունը, ինչ «Գլենդել Հիլզի» պարագայում. այսինքն` հենց նրա միջոցով են Հարությունյանները իրենց կապիտալը ներդրել այդ ընկերության մեջ: 

Հ.Գ. Ահա այն անձնավորությունը, որը փաստացի պատասխանատու է իր պաշտոնավարության օրոք կատարված եւ կատարվող օրենսդրական կամայական փոփոխությունների, արդարադատության համակարգի փլուզման եւ այլասերման, հանդես գալով որպես մեղսակից` մարտիմեկյան սպանությունների չբացահայտման եւ իրական մեղավորների պարտակման, քաղբանտարկյալների առկայության, ինչպես նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի դեմ ընդունված փաստաթղթերի համար, քանի որ ի պաշտոնե նշանակված լինելով նման փաստաթղթերի ի հայտ գալը կանխելու գործին, Դավիթ Հարությունյանը զբաղված է միմիայն Հայաստանի հանցավոր իշխանությունների գործած հանցագործությունների պարտկակմամբ:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Մոուրինյոյին շատ երես տվեցին’
Հաջորդ հոդվածը‘Պեդրիտոյից` Դոն Պեդրո. 5 տարի Բարսայում’