‘Դավիթ Հարությունյանը հայտարարությամբ կպատասխանի ԵԽԽՎ հայտարարությանը. Մամուլ’

846

«Այդ հայտարարությունը շատ հեռու է օբյեկտիվ լինելուց, ես դրա մասին առանձին հայտարարությամբ հանդես կգամ շուտով»,- երեկ այսպես է արձագանքել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «ՀԺ»-ի թղթակցի հարցին` չե՞ք կարծում, որ ԵԽԽՎ պատվիրակության տարածած հայտարարությամբ ի սկզբանե ստվեր է ընկնում փետրվարի 18-ի ընտրության արդյունքների հավաստիության վրա: Հունվարի 17-ին Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը նախօրեին տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության և անվստահության մթնոլորտի պատճառով: Հանրապետական կուսակցության անդամները, որ տևական ժամանակ է, պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաարդար ու թափանցիկ ընտրություններն են անցկացնելու, խիստ սրտնեղած են ԵԽԽՎ պատվիրակության հայտարարությունից: Այդ հայտարարության մեջ արդեն արձանագրվել է, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ հետաքրքրություն և վստահություն չի ցուցաբերում, ինչը խիստ մտահոգիչ է: Դավիթ Հարությունյանը երեկ չի ցանկացել թերթի թղթակցի հետ զրույցում ավելի մանրամասնել, թե ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարության կոնկրետ ո՞ր հատվածն է հեռու օբյեկտիվությունից, ինչպես նաև չի ցանկացել մանրամասնել իր հայտարարության բովանդակությունը: «Առաջիկա օրերին հայտարարությունը կլինի»,- ասել է նա: Թերթի տեղեկություններով, Հարությունյանի հայտարարությունն ամենայն հավանականությամբ, հենց այսօր էլ կտարածվի: Անհասկանալի է միայն, թե ՀՀԿ-ն ինչպես է ապացուցելու, որ անտարբերություն ու անվստահության մթնոլորտ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նկատմամբ չկա:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ’