‘Դավիթ Հարությունյան. «Գազային» պայմանագրերը վավերացվել են’

1203

Ազգային ժողովի Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ) գնահատականով, «գազային» պայմանագրերը վավերացվել են:

Նրա խոսքով, հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարում եւ որոշում է կայացնում այն ժամանակ, երբ պետք է որոշվի` երբ  իրականացվում քվեարկությունը, վավեր է տվյալ քվեաթերթիկը, թե ոչ, կողմ է քվեարկված, թե ոչ, եւ, ի վերջո, թե ով է ընտրվել: Նրա խոսքով, ի տարբերություն այս դեպքերի, ԱԺ-ում նիստը նախագահողն է որոշում` անցավ տվյալ որոշումը, թե ոչ:

«Տվյալ պարագայում միակ գործողությունը, որը պետք է կատարի հաշվիչ հանձնաժողովը, ձայների հաշվարկն է: Դա իմ կարծիքով, որոշում չի պահանջում», — ԱԺ-ում լրագրողներին ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ «գազային» երեք համաձայնագրերը, որոնցով Հայաստանը Գազպրոմին է վաճառում Հայռուսգազարդի վերջին` 20 տոկոս բաժնեմասը, Ազգային ժողովում քվեարկվեցին ձեռքով: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մինչեւ քվեարկությունը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը` անհնար դարձնելով էլեկտրոնային քվեարկությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գազային պայմանագրերը վավերացվել են 77 կողմ ձայներով: Ընդդիմադիր խմբակցությունները եւ ԲՀԿ-ը քվեարկությունից հետո հայտարարություն տարածեցին` նշելով, որ քվեարկության արդյունքներն անվավեր են:

Նախորդ հոդվածը‘Կաթնամթերք արտադրող ընկերություններ. Տոնական օրերին թանկացումներ և գնային փոփոխություններ չեն սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ուղիղ հարցիս ակնկալում եմ ուղիղ պատասխան’