‘Դավիթ Հարությունյան. Կառավարությունը պետք է փոփոխություններ մտցնի «գազային համաձայնագրերի» մեջ (տեսանյութ)’

1136

Աժ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ իր մտահոգությունն էր արտահայտել հայ-ուսական գազային վերջին պայմանագրերի մի շարք դրույթներ: Մասնավորապես, նա ընդգծել էր, որ կարգավորողի, այսինքն` հայկական կողմի լիազորությունները հասցված են նվազագույնի, ինչը վտանգավոր է, քանի որ «Գազպրոմն» իր բիզնես շահերը կարող է հետապնդել ու անտեսել ՀՀ քաղաքացիների շահը:

Այսօր iLur.am-ը հետաքրքրվեց Դավիթ Հարությունյանից` ինչու է նա, իր դիտարկումներով հանդերձ, կողմ քվեարկել համաձսայնագրերի վավերացմանը:

«Ցանկացած նման դեպքում դու պետք է կշեռքի երկու նժարների վրա դնես բլոր դրական եւ բացասական կողմերը: Այո, պայմանարգրում կային դրույթներ, որոնք ինձ մտահոգում են, բայց, կշեռքի վրա դնելով դրականն ու բացասականը, ես կայացրել եմ իմ որոշումը», — ի պատասխան, ասաց Հարությունյանը:

Պատգամավորի խոսքով, իր բարձրացրած սուր հարցադրումներից ոչ բոլորն են իրենց լուծումը ստացել գազային համաձայնագրում:

«Կարծում եմ, որ կառավարությունը անխուսափելիորեն պետք է անդրադարձ կատարի այդ հարցադրումներին` փորձելով վերաբանակցել եւ փոփոխություններ կատարել պայմանագրում: Ցանկացած պայմանագրեր հնարավորություն են տալիս եւս մեկ անգամ դրանց անդրադառնալու, փոփոխություններ կատարելու: Ես կարծում եմ, սա այդ դեպքերից մեկն է, եւ ինձ թվում է` այդ պայմանագրերին անդրադարձ կկատարվի», — նշեց Դավիթ Հարությունյանը:

Ընդ որում, Դավիթ Հարությունյանը իրավական տեխնիկայի տեսանկյունից «բացարձակ ոչ ողջամիտ ձեւակերպում» համարեց պայմանագրերի այն դրույթները, որոնք սահմանափակում են ՀՀ պետական մարմինների  գործողությունները մինչեւ 2043 թվականը:  Այնուամենայնիվ, նրա խոսքով, պայմանագրում տեղ է թողնվում շրջանցելու այս սահմանափակումները: «Եթե նման ձեւակերպում չլիներ, ես ավելի կոշտ կարձագանքեի այս պայմանագրին», — նշեց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Pussy Riot-ի Ալյոխինան ազատ է արձակվել կալանավայրից’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչո՞վ եւ ո՞ւմ է ձեռնտու «մանդատները վայր դնելու» գաղափարը ‘