‘Դավիթ Մաթեւոսյան. Բանալին ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է առաջիկա նախագահական ընտրություններում’

4371

ասում է Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը

-Պարոն Մաթեւոսյան, երեկ Սերժ Սարգսյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել, այս անգամ` դատախազության և նախաքննության մարմինների աշխատանքների վերաբերյալ: Որքանո՞վ է սա պայմանավորված առաջիկա նախագահական ընտրություններով:
-Նախ, ընտրությունները մի կողմ թողնենք: Եթե Սերժ Սարգսյանը այդ գնահատականը տար առաջին անգամ գործող նախագահ դառնալուն պես, ինչ-որ տեղ կհասկանայի, բայց հիմա ցանկացած բնագավառի գնահատական տալիս, դա լինի կառավարության ատկատների, հարկայինի, բանակի կամ դատախազության գործունեության մասին, դա, նախեւառաջ, իր գնահատականն է: Ինքն ապացուցել է, որ որպես նախագահ՝ ավելորդ է, եւ չի կարող այս պետությունը եւ ժողովրդին տանել անհրաժեշտճանապարհով: Այսինքն, քաղաքական առումով` Սերժ Սարգսյանը տալիս է իր հինգ տարվա գործունեության գնահատականը, եւ հասարակությունն այդպես պետք է ընկալի: Եւ բնականաբար, այդ խորհրդակցությունը նախընտրական շոուի տպավորություն էթողնում, կամ` այդպես էլ կա:
-Կոնգրեսն արդեն կես տարի է, ինչ խորհրդարանական ուժ է: Առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր քաղաքական դաշտում՝ ընդհանրապես, եւ խորհրդարանում՝ մասնավորապես:
-Մի բան կարող եմ ասել, անկախ նրանից, որ Կոնգրեսի խմբակցության կազմում ներկայացված են 7 հոգի, եւ հաշվի առնելով խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների պոտենցիալը, միանշանակ է, որ գործող իշխանության, եւ մասնավորապես, նրա թեկնածու Սերժ Սարգսյանի իրական գործունեությունը վեր կհանվի, եւ այդ առումով շատ նպաստավոր է Կոնգրեսի ներկայացվածությունը ԱԺ-ում:
-Իսկ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության կոնտքեստու՞մ:
-Իհարկե, ես հնարավոր, նույնիսկ անհրաժեշտ եմ համարում, որ բոլոր այն ուժերը, ովքեր չեն հանդուրժում այս վիճակը եւ նրա գլխավոր մեղավորներին, պետք է հնարավորինս լայն համագործակցությամբ փորձեն ձերբազատվել կոռումպացված եւ արյունոտ այս իշխանություններից:
-Բայց կարծիքներ են հնչում, որ կան ուժեր, որոնց հետ, անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու նպատակի համար, չպետք է համագործակցել:
-Գերխնդիրը Սերժ Սարգսյանի անձը չէ, այլ սահմանադրական կարգի հաստատումը եւ վերականգնումը: Իսկ քաղաքական ուժերը բացարձակ չեն, այսինքն՝ այնպիսին չեն, ինչպես ծնվել են: Նրանք պրոցեսների ընթացքում ենթարկվել են փոփոխությունների` դրական կամ բացասական: Հանրապետական կուսակցությունն օրինակ` բացասական էվոլյուցիա է ապրել: Սահմանադրական կարգի վերականգնման առումով լինելով առաջանցիկ քաղաքական ուժ` Հայ ազգային Կոնգրեսը պետք է օրինակ ծառայի եւներողամիտ լինելով` հնարավորություն տա, որ ասպարեզում եղած ուժերը դրական էվոլյուցիա ապրելով` գիտակցեն, որ անհրաժեշտ է սահամանադրական կարգի գործունեության ապահովում: Հենց դա է համագործակցության ընդհանուր հայտարարը:
Ի՞նչ է կարողանալու Կոնգրեսը հակադրել իշխանական քարոզչամեքենային: Վերջին շրջանում հատկապես խոսվում է Կոնգրեսի ներսում լարվածության, կարևորագույն քաղաքական հարցերում կոնսենսուսի բացակայության մասին: Խոսքը հատկապես նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին է, ինչի մասին հնչեցրել է Լեւոն Զուրաբյանը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Այդ գեբելսական քարոզչությանը հակադարձելու միակ ձեւն այն է, որ գտնենք այն բանալին, որը կապահովի հասարակության պոռթկումը: Այդ բանալին Հայ Ազգային Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է առաջիկա նախագահական ընտրություններում, որը իմ կարծիքով հաղթական սցենար է մի պարագայում` եթե միասնական թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿի հետ համագործակցության մասին այս կոնտեքստում Լեւոն Զուրաբյանի հյատարարություններին, ապա վստահ եմ, որ դրանք բխում են Կոնգրեսի Քաղխորհրդի որոշումներից եւ արտահայտում են Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության էությունը:
-Բայց անընդհատ հայտարարում են, թե Կոնգրեսում հակադիր կարծիքներ գոյություն ունեն, որ նույնիսկ շատ լուրջ հակասություններ կան:
-Ընդհանրապես, կարծիք ունենալու եւ արտահայտելու հնարավորությունը Կոնգրեսի գլխավոր հարստություններից մեկն է: Ես ուղղակի համոզմունք ունեմ, որ ամենահակադիր երկու կարծիք քննարկելու դեպքում կարելի է հղկել եւ ձեռք բերել նաեւ դրա ընդհանուր հայտարարը, որը կհանդիսանա նպատակասլաց քաղաքական գործունեության շարժիչ ուժը, ինչը եւ կարող է նշածս պոռթկման համար բավարար պայման դառնալ:

 Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Լեգենդար Rolling Stones-ի կիթառահարը պատրաստվում է ամուսնանալ (ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին ‘