‘Դավիթ Մաթեւոսյան. Խաղաղության սպասումով’

27656

Լուսաբացից  առաջ գրոհի մասնակիցները բաժանվեցին երկու խմբի ու անմիջապես ստացան  մարտական հանձնարարություն. մթության քողի տակ, անհապաղ շարժվել բարձունքն ի վեր, դիրքավորվել, գրոհը սկսել լուսաբացին՝ բարձունքի հեռահար հրետանային եւ նռնականետային նախապատրաստությունից հետո, եւ բարձունքը ազատագրել մինչեւ կեսօր։

Խոշլիդաղ կոչվող բարձունքը մեզ համար ուներ բացառիկ ստրատեգիական նշանակություն։ Այն կորցրել էինք նախորդ օրը՝ 1992 թ. օգոստոսի 16-ին, հակառակորդի անակնկալ գրոհով։ Խոշլիդաղը՝ Մեղրու եւ Օրդուբադի շրջանների միջեւ, Զանգեզուրի լեռնաշղթայի իշխող բարձունքներից մեկն է, մոտ 2700 մետր բարձրությամբ։ Այնտեղից, պարզ եղանակին, վաղ առավոտյան, Նախիջեւանի վրայով, փորձառու աչքը կարող է տեսանել Արարատ լեռը, փոքրը՝ մեծի ֆոնին։  

Հակառակորդի վերահսկողության տակ էին մնացել մեր ունեցած երկուական Դ-30 հրանոթներից եւ ԲՄ-21 Գրադ հրթիռային համակարգերից մեկականը։ Գրոհը սկսելուն պես շրջանի հասանելի հատվածի վրա սկսեց տեղալ հակառակորդի արձակած արկերի ու հրթիռների տարափը։ Թեեւ ունեինք  սահմանային բախումների ժամանակ բնակավայրերը չհրետակոծելու պայմանավորվածություն։ Ակնհայտ էր, որ սա սովորական դիրքային կռիվ չէր։ Հակառակորդը իշխող Խոշլիդաղից եւ իրենց հիմնական հենակետ հանդիսացող գերիշխող Գողթանասարից թիրախավորել էր  Մեղրու շրջանի տեսանելի բոլոր բնակավայրերը։ Գողթանասարից օգնության էին շտապում հակառակորդի զինված խմբեր, որոնք, դեռ մարտի դաշտ չհասած, հաջողությամբ չեզոքացվում էին մեր միակ Դ-30-ի ճշգրիտ կրակով։  Բարեբախտություն էր, որ հակառակորդի հրետանավորները արհեստավարժ չէին, եւ նրանց արձակած հարյուրավոր արկեր ու հրթիռներ պայթում էին բնակավայրերից  հեռու՝ լեռնալանջերին։ Շեղումը այնքան մեծ էր, որ մի  քանի տասնյակ  արկ ու հրթիռ ընկան Իրանի տարածք։ Մեղրու շրջանի տարածքը կուրորեն հրետակոծվում ու հրթիռակոծվում էր նաեւ արեւելյան՝ Զանգելանի կողմից։ Սակայն այդ ուղղությամբ նրանց համար տեսանելի բնակավայրեր չկային, եւ ազդեցությունը մեծ չէր։ Հակառակորդի արձակած արկերի ու հրթիռների ընդամենը մի չնչին մասն ընկավ բնակավայրերի շրջակա այգիներում,  մի քանի արկ հասվ Մեղրի քաղաքի ծայրամասեր, մեկը դիպավ հիվանդանոցին։ Առանց պայթուցիչի մի արկ Մեղրիում ցցվել էր բնակելի տան ներսի պատի մեջ։ Նույնպիսի մի արկ  էլ՝ Վարհավարում, ծակել էր տան տանիքը, առաստաղը, հատակը, անդրադարձել նկուղի հատակից ու հայտնվել մածունի պարկի մեջ։ Էլի կգտնվեն մանր վնասներ պատճառած նման արդյունքներ, բոլորը չեմ հիշում։

Հակառակորդը հայտնաբերել էր մեր հրետանին։ Նրան ուղղված առաջին պայթյունները շեղ էին մեկ կիլոմետրի չափով, բայց դանդաղ՝ ասես սողալով, մոտենում էին։ Վերջին մի հրթիռ ցցվեց հողի մեջ՝ հրանոթին շատ մոտ, չպայթեց, հավանաբար առանց պայթուցիչի էր։ Բայց հանկարծակի արգելակման հետեւանքով առաջացած հարվածային ալիքը տեղահան արեց հրանոթի մոտ կանգնած շտապ օգնության մեքենայի ապակիները։

Կեսօրին մոտ բարձունքն ազատագրված էր, սակայն հակառակորդի հրետանին չէր լռում։ Ռադիոկապով դիմեցի Օրդուբադի ղեկավարությանը. «Շարունակե՞նք, թե՞ բանակցենք»։  Հրետանին լռեց։

Բարձունքում ցնծություն էր՝ հաղթանակ էին տոնում։ Ղեւոնդի վաշտի տղաները, ոստիկանությունը, արդեն ժամկետային զորակոչով կազմավորված Լիճքի առաջին վաշտը՝ կապիտան Հայկ Կարապետյանի գլխավորությամբ,  ու բազմաթիվ կամավորներ։  Ներկաների ոգեւորությունը հինգ րոպե կիսելուց հետո գնացի հակառակորդի վարչական եւ ռազմական  գլխիկոր ղեկավարների հետ բանակցելու՝ պատերազմի մեջ խաղաղություն փնտրելու։

Ցավոք սրտի՝ գրոհի մասնակիցներից երկուսը՝ Գեւորգն ու Հրաչը, զոհվեցին։ Գեւորգը դիրքի պատասխանատուն էր։ Բարձունքը կորցնելուց հետո չէր իջել, դիրքավորվել էր մի կրակոց հեռավորության վրա ու լուսաբացին միացել գրոհողներին։

Հակառակորդի խոստովանությամբ՝ նրանց զոհերը 26-ն էին։

Հետո միայն հասկացանք.  Շուշին ու Լաչինը կորցնելուց անմիջապես հետո Ադրբեջանում նախագահ էր դարձել Էլչիբեյը, որը ծագումով Մեղրիի հարեւան Օրդուբադի շրջանից էր։ Այստեղ համատարած նրա կուսակիցներն ու համակիրներն էին, որոնց նկատմամբ Նախիջեւանի ղեկավար Հեյդար Ալիեւը ազդեցություն չուներ։

Կարծես թե այս հարձակումը  ուղիղ երկու ամիս առաջ բացված, Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի  ձախողված պատասխանն էր։

Մինչդեռ մեր բնակավայրերի արդյունավետ հրետակոծումը կարող էր խուճապ ծնել…

Պատերազմի այս դրվագը Մեղրիում երկար ժամանակ հիշում ու գնահատում էին, համարում էին Մեղրիի փրկության օր։ (Հետաքրքիր մի զուգադիպությամ՝ 1920 թ. սեպտեմբեր- հոկտեմբերին, նույն Խոշլիդաղի շրջակայքում, Նժդեհի գլխավորած   Կարճեւան Կաքավաբերդի աշխարհազորը ետ էր մղել թուրք զորավար  Խալիլ փաշայի գլխավորած զորագունդը, որը, ռուս բոլշեւիկների հետ դաշնակցած՝ նպատակ  էր հետապնդում ճեղքել Մեղրին՝Արաքսի երկարությամբ՝ միացնելով Նախիջեւանը Ադրբեջանին։) 

Հիմա՝ 25 տարի անց, այդ օրը մոռացության է մատնվել։ Նոր սերունդը գրեթե չգիտի այդ  մասին։  Ականատեսները հետընտրական խումհարի մեջ են, հանրապետականից զզվելով՝ ձայն են տվել  նրան ու նրա հեղինակած, պատերազմի խթանիչ, ազգ – բանակ արկածախնդրությանը։ Մինչդեռ որդուն կամ թոռանը բանակ ճանապարհելիս բաժակ են բարձրացնում միայն խաղաղության համար։  

Հ.Գ. Ժամանակները փոխվել են։ Գործող իշխանությունների նպատակային ջանքերով բարոյական առաքինություններին ու մտածելակերպին փոխարիելու են եկել փողոցային կեղտոտ  բարքերը։ Հետեւողական քարոզչությամբ նոր սերնդին Ադրբեջանի նկատմամբ կույր ատելություն են ներշնչում ։ Նույն մոտեցումը ցուցաբերում են Ադրբեջանում։

Մինչդեռ՝ իրականում, 90-ականների սկզբին, պատերազմի  պայմաններում անգամ եղել է  խաղաղ գոյության անկեղծ ու գործնական ձգտում։ Անհրաժեշտությունից ելնելով, կոնկրետ խնդիրներ կարգավորելու նպատակով, սկսած 1991թվականից  մինչեւ զինադադար, Մեղրիի ու Օրդուբադի, նույնիսկ Նախիջեւանի միջեւ եղել են մի շարք սահմանային հանդիպումներ։  Իբրեւ համոզիչ փաստ՝  հրապարակում եմ մի բացառիկ տեսագրություն։ Հանդիպումը տեղի է ունեցել 1994թ. զինադադրից առաջ,  Մեղրիի ու Օրդուբադի ներկայացուցիչների  միջեւ, սահմանագծին, Արաքսի ափին։

                                                                                                                     

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆավորիտ է Օրյեի տրանսֆերի համար պայքարում’
Հաջորդ հոդվածը‘Սեուլը Փհենյանին առաջարկել է ռազմական բանակցություններ անցկացնել’