Դավիթ Մաթեւոսյանի հիշատակին

1488

Այսօր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Դավիթ Մաթեւոսյանի մահվան տարելիցն է:

Նա զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս:

Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Մաթեւոսյանի՝ 2016-ին հրապարակված «Սուլթան Նանա» պատմվածքը։

***

Քամոտ լեռնանցքը ջրբաժան գծի այն հատվածն է, ուր ջրի կաթիլը բաժանվում է երկու մասի՝ սկիզբ դնելով երկու հոսքի։ Կիսված ջրի կաթիլից սկիզբ են առնում երկու փոքրիկ գետակ, հեռանում են իրարից, դառնում երկու ավազանի առանցք, դառնում կյանքի գործոն ու թափվում Մեծ գետը։ Եվ ջրբաժան գծի վրա կիսված կաթիլները միմյանց գտնում, ամբողջանում են, երբ Մեծ գետի ջրերը խաղաղ են ու ջինջ…

Կիսված կաթիլից գոյացած գետակներից մեկի ավազանում` Մեծ գետի ձախակողմյան վտակի կիրճի ծերպերում, ծվարած է փոքրիկ հայկական մի գյուղ։

Աշխարհի հեռավոր այս ծայրամասում ապրող հնաբնակների համար, սակայն, հենց դա էր Աշխարհի կենտրոնը։ Նրանք դրանում համոզված են ճիշտ այնպես, ինչպես Հողե գնդի բազմաթիվ նման ծայրամասերի բոլոր բնակիչներն իրենց բնակավայրի համար։

Յուրօրինակ էին հայկական փոքրիկ այս գյուղի մարդիկ՝ պատվախնդիր, խիստ մաքրասեր, շատ հոգատար՝ միմյանց ու իրենց ապրուստն ապահովող ունեցվածքի նկատմամբ, հանդուրժող ու համակեցությունը հարգող։

Ընտանիքների մեծ մասն զբաղվում էր խաղողագործությամբ ու գինեգործությամբ։ Հողագործությամբ զբաղվող յուրաքանչյուր ընտանիք, սակայն, մնացյալ սննդի կարիքները հոգալու համար, խնամում էր նաեւ մի 15-20 գլուխ այծ ու ոչխար։ Փոքրամասնությունը զբաղվում էր անասնապահությամբ։ Նրանցից յուրաքանչուրն իր անհատական հոտն էր կազմում՝ պակասը լրացնելով մերձավորների ու մտերիմների մանր եղջերավորներով։ Հովվին յուրաքանչյուրը վճարում էր իր ունեցած գլխաքանակի համամասնությամբ։ Հովվի ու հոտի հետ կապված բոլոր խնդիրները, ընդհուպ՝ հովվի ընտրությունը, համակարգում էր հիմնական գլխաքանակի սեփականատերը։

   Նրանցից մեկը՝ Հակոբ Մելիք-Հովհաննիսյանը, հերթական մի հովվի հետ պայմանավորվելուց հետո, բոլորից թաքուն, հովվի փինած տրեխի (կարկատած չարուխ) կարկատանի թելերի մեջ քարի մի կտոր է խցկում։ Մեկ շաբաթ անց, երբ հովիվը հոտն արոտից փարախ է բերում, հանել է տալիս նրա տրեխը, ստուգում, հայտնաբերում իր իսկ խցկած քարի կտորն ու ասում է. «Այս քարի կտորը ես եմ խցկել՝ քեզ ստուգելու համար։ Մի շաբաթ շարունակ դու չես ջանացել ազատվել քեզ անհարմարություն պատճառող քարից։ Եթե դու չես գնահատում քո իսկ մարմնի արժեքը, հետեւաբար՝ դու չես կարող գնահատել նաեւ իմ հոտի արժեքը։ Առավոտյան կհանձնես հոտը, մեկ շաբաթվա աշխատանքիդ  դիմաց կստանաս մեկ ամսվա վարձատրություն ու կհեռանաս»։

    Հողագործները նույն սկզբունքով էին ձեւավորում իրենց հոտը։ Բայց եթե անհատական հոտի հովիվն ընտրվում էր մեկ մարդու ճաշակով, ապա ընդհանուր հոտի հովիվը պետք է կարողանար բավարարել միաժամանակ մի քանի տասնյակ բծախնդիր մարդու ճաշակ։

   Հայկական գյուղի հովիվները, որպես կանոն, վարձվում էին ամենամոտ ադրբեջանաբնակ այն գյուղից, որը գտնվում էր Մեծ գետի ձախակողմյան մյուս վտակի ավազանում։ Գետակ, որ սկիզբ է առնում Քամոտ լեռնանցքից՝ ջրի նույն կաթիլի երկրորդ կեսից։

     Ադրբեջանական այդ գյուղի հին բնակիչները հիմնականում զբաղվում էին ոչխարաբուծությամբ։ Նրանք այդ գործի հմուտ մասնագետներ էին։ Քչերը հեռավոր անտառում փայտածուխ պատրաստելով ու վաճառելով էին վաստակում։ Այդ գյուղի երիտասարդ, բայց փորձառու հովիվներն իրենց նախնական կապիտալը կուտակում էին հենց հարեւան հայկական գյուղում։ Այնտեղ նրանց ապահովում էին կացարանով ու սննդով, գլխաքանակի հաշվով վճարում էին փողով ու անասունով։ Մի քանի տարի աշխատելուց հետո՝ հոտը հանձնում էին նոր երիտասարդ հովվի, ու տուն էին վերադառնում սեփական ոչխարի նշանակալի գլխաքանակով։

* * *

 Երկու գյուղերը միմյանցից բաժանում է կտրտված ռելիեֆով վիթխարի լեռնաշխարհը։ Այն դարեր շարունակ եղել է երկու գյուղերի մանր եղջերավոր անասունների հիմնական արոտատեղը։

   Հանգամանքների բերումով՝ մանր եղջերավորները հիմա վաղուց արդեն տարածում չունեն այս լեռնաշխարհում։ Բայց հստակ նշմարվում է եւ դեռ երկար կնշմարի նրանց կճղակների՝ նախկինում թողած ազդեցությունը ռելիեֆի վրա՝ ամենուր զուգահեռ, նեղլիկ ու երկար ձգված հազարավոր արահետներ։ Դրանք առաջացել են, երբ տաք եղանակին, արեւից պատսպարվելու բնազդով, յուրաքանչյուր հաջորդ ոչխար գլուխը թաքցրել է առջեւից՝ խոնավ հողի վրա քայլող ոչխարի դմակի ստվերում։ Այսպես պարբերաբար ձեւավորվել է մի քանի տասնյակ ոչխարներից կազմված քայլող շարք,  եւ բազմաթիվ կճղակների կանոնավոր ու ինտենսիվ ազդեցությամբ տրոհվել է հողը, գծվել արահետ։

Լեռնազանգվածը հատվածաբար ծածկված է նաեւ անտառներով ու վայրի ժայռերով,   շատ հարուստ է եղել կենդանական աշխարհի վայրի տեսակներով՝ խոզ, արջ, պախրա, քարայծ, հովազ, լուսան, գայլ…

  Հնուց հայտնի է, որ արոտները բազմաքանակ քարայծներից փրկում էին կայծքարե հրացանի որոտի օգնությամբ։ Ավելին, հանուն ոչխարի՝ պայքարել են նույնիսկ հովազի դեմ. սալ քարերից պատրաստված ծուղակ շինության մեջ տեղադրված մսակտորով գայթակղել, ներքաշել, բանտարկել ու սպանել են հովազին։ Այդ շինության ավերակները պահպանվում էին մինչեւ վերջերս։

  Երկու գյուղերը միմյանց կապող մի քանի դժվարանցանելի լեռնային արահետներին  լիարժեք տիրապետում էին տեղացիներից քչերը՝ հովիվներն ու որսորդները։ Որեւէ օտար մարդ, առանց նրանց աջակցության, չէր կարող հաղթահարել այդ լեռնազանգվածը։ Նման  անհրաժեշտություն հատկապես առաջանում էր, երբ  գարնանային  վարարումներից Մեծ գետի  կիրճով անցնող հիմնական ու համեմատաբար հարմարավետ ճանապարհը մի քանի ամսով ջրասույզ էր լինում։

Եվ  այսպես,  նույն բնաշխարհից չարչարանքով ապրուստ կորզելով՝  համերաշխ ապրում էին երկու գյուղերի բնակիչները։ Նրանք օջախներով, սերնդեսերունդ, բարեկամական, պարզ ու անկեղծ հարաբերություններ էին պահպանում։ Այդ հարաբերությունները չխաթարվեցին անգամ Պետերբուրգից, Թեհրանից ու Ստամբուլից հրահրված, Բաքվում սկիզբ առած՝ 1905-1906 թթ. հայ-ադրբեջանական լայնատարած արյունալի բախումների հետեւանքով։ 

* * *

  Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական գյուղի ընդհանուր հոտի հովիվը Նուրուլան էր։ Նա մարդամոտ էր, բարի, կոկիկ ու մաքրասեր, իր գործի փայլուն գիտակ։ Մեկ առ մեկ գիտեր, թե ում է պատկանում տվյալ կենդանին, ճանաչում էր արտաքնապես ու անունով, որն, ի դեպ, բխում էր նրանց արտաքին առանձնահատկություններից (օրինակ՝ Հակոբի սպիտակ երկարականջը)։

Արոտներում չէր վազվզում Նուրուլան, խոսելով էր կառավարում հոտը՝ նրան աջ, ձախ գնալու, ետ դառնալու, նստելու ու շարժվելու հրահանգներ տալով։ Նա ավելի շուտ կենդանիներ վարժեցնող էր, քան  հովիվ։ Բոլորը գոհ էին նրա աշխատանքից եւ  գնահատում էին՝ իբրեւ իրեն հավասարը չունեցողի։

  Բացի վարձատրությունից՝ անասնատերերը հովվին կերակրելու պարտավորություն ունեին։ Գլխաքանակի հաշվարկով՝ հոտի կառավարչի նախօրոք  տեղեկացմամբ, ամեն օր հովվի սննդի հարցը կարգավորում էր որեւէ ընտանիք։ Երեկոյան՝ հոտը բերելուց հետո, հովիվը նրանց հետ ընթրում էր իբրեւ տվյալ ընտանիքի անդամ։ Ընթրելուց հետո շնորհակալություն էր հայտնում ու բարի գիշեր  մաղթում՝ հաջորդ օրվա սննդի կապոցը խուրջինում տեղավորելուց հետո։ Հովվին հյուրընկալելու օրվա ընթրիքն առատությամբ ու բազմազանությամբ տարբերվում էր ընտանիքի սովորական ընթրիքից։

   Այնքան հոգեհարազատ էր միջավայրը, որ Նուրուլան որոշեց ամուսնանալ եւ կնոջ հետ ապրել հայկական գյուղի իրեն հատկացված կացարանում։ Այդպես էլ վարվեց, սակայն երջանիկ կյանքը երկար  չտեւեց…

* * *

  Պատերազմի ավարտին աշխարհն ու Այսրկովկասյան տարածաշրջանը խառնվեցին իրար։ Նոր պետություններ էին ծնվում, ուժեղները  թույլերից տարածքներ էին խլում, սահմաններ էին գծում, սահմաններ էին փոխում, ազգամիջյան բախումներ՝ տեղահանություններ, բռնություն, արյուն, կեղծիք, թշվառություն…

    Իրենց անվտանգությունը ապահովելու նպատակով, հարեւան հայկական բնակավայրերի  նման, սկսեցին  նախապատրաստվել նաեւ այս փոքրիկ հայկական գյուղում։ Նախ ձեւավորեցին «փրկության խորհուրդ», ապա, զենք ու զինամթերք հայթայթելուն զուգահեռ՝ պաշտպանական ստորաբաժանումներ։

  Պաշտպանական նախապատրաստությունների հենց սկզբից ադրբեջանցի հովիվները, գիտակցելով, որ հայկական գյուղի վտանգը գալու է իրենց գյուղի կողմից  (ոչ իրենց գյուղից), որոշեցին հաշտ ու խաղաղ, առանց թշնամանքի նախօրոք հեռանալ։ Ստացան վերջնական վարձատրությունը, ափսոսանքով հրաժեշտ տվեցին հայկական գյուղին ու խոստացան վերադառնալ խաղաղ ու բարի ժամանակների հետ։ 

Նուրուլան հապաղեց. մեծ Աշխարհը նրան անծանոթ էր։ Նրա Աշխարհը այդ լեռնաշխարհն էր, իր հոտը ու երկու գյուղերի՝ իրեն հավասարապես հոգեհարազատ բնակիչները։ Նուրուլան շարունակեց աշխատել…

   Մի օր տուն վերադարձավ տխուր ու մոլոր։ Կինը փորձեց հասկանալ պատճառը, բայց նա  լռում էր։ Մի քանի օր լռեց ու չդիմացավ։ Պոռթկաց։ Վրդովված պատմեց լեռներում հանդիպած իրենց գյուղի հովվից լսածը, որ, նախ՝ ադրբեջանական գյուղում որոշ մարդիկ իրեն դավաճան են համարում, եւ որ հայկական այս գյուղի օրերը հաշված են։

  Գյուղացիներից մեկը, որ այդ պահին անցնում էր Նուրուլայի  կացարանի կողքով, լսեց վերջին արտահայտությունը՝ «այս  հայկական գյուղի օրերը հաշված են»։ Լսեց ու լսածը շտապ փոխանցեց «փրկության խորհրդին»: Անմիջապես խորհուրդ հրավիրվեց՝ Նուրուլայի հարցն էր։ Գիտեին, որ վտանգը մոտ է ու ահռելի։ Գիտեին, որ վտանգ ուղղորդողներն իրենց եւ հարեւան հայկական գյուղերի վերջին օրերն էին հաշվում։ Մյուս հովիվների հետ Նուրուլայի չմեկնելը համադրեցին «այս գյուղի օրերը հաշված են» արտահայտության հետ։ Քննելու ու վերլուծելու ժամանակ չունենալու արդարացմամբ հապշտապ եզրակացրին, որ Նուրուլան լրտես է։ Նա, որ լավագույնն է տիրապետում լեռնային արահետներին, կարող է գիշերով փորձանքը գյուղ ուղեկցել։  Ուրեմն Նուրուլան ամենավտանգավոր լրտեսն է, եւ նրա պատիժը պետք է խիստ լինի՝ մահ։ Վճիռը կայացված էր, մնում էր իրագործելը։

    Ծրագիր մշակվեց։ Հանձնարարվեց երկու երիտասարդ որսորդների՝ Հովսեփին ու Վարդազարին, որոնք էլ, որսի գնալու ճանապարհին, գյուղից հեռու, «պատահաբար» պիտի հանդիպեին նրան եւ ի կատար ածեին վճիռը։ Հետո պիտի գային ուրիշ երկու հոգի՝ բահ ու քլունգով, եւ այս ամենը, իբրեւ գաղտնիք, խորը թաղեին։

Հովսեփը նախապես տրամաբանական չէր համարում առաջադրանքը, մտատանջվում էր, անգամ մտածում էր հրաժարվել։ Ինքն էությամբ ըմբոստ էր՝ բոլորը գիտեին, կարող էր դա անել։ Միայն ողջ համայնքին սպառնացող վտանգի լրջության ու ժամանակի սղության պատճառով որոշեց չհակադրվել։ Գիշերը չկարողացավ քնել՝ խիղճը տանջում էր, ու անընդհատ թվում էր, թե աջ ցուցամատը չի զգում… 

    Պայմանավորված ժամին հրացանն ուսն առավ ու դուրս եկավ տնից։ Դեռ չէր հասել հանդիպման վայր՝ կրակոցի ձայն լսեց։ Վազեց։ Շները՝ ոռնոցով ու կլանչոցով, իսկ ոչխարները՝ մայոցով, ողբում էին հովվի մահը։ Նստեց սալ քարին՝ ընկերոջ դիմաց, վառեց ծխախոտը ու հարցական հայացքով նայեց նրան։

– Շուտ էի եկել,- ասաց  ընկերը,- իրենից շուտ։ Եկավ, նայեց աչքերիս մեջ  ու հարցրեց.

–  Ինչու՞  ես այսքան շուտ այստեղ եկել։

– Ընկերոջս եմ սպասում, որսի ենք գնում։

– Հագուստդ որսի գնացողի հագուստ չէ։ – Ասաց, մի պահ լռեց ու շարունակեց.

 -Ես այս գիշեր հասկացա, որ կամ դուք, կամ իմ հայրենակիցները ինձ սպանելու եք։ Նա՝ ով ավելի շուտ կվճռի։ Ինձ հաշված օրեր են մնացել ապրելու, գուցե՝  հաշված րոպեներ։ Եթե արդեն վճռել եք, եւ եկել ես ինձ սպանելու, խնդրանք ունեմ՝ թիկունքից   մի կրակիր, ուզում եմ տեսնել ինձ սպանողին։ Ուզու՞մ ես կանգնեմ այն ապառաժի տակ՝ իմ մահարձանի, ու կրակիր ուղիղ  սրտիս…

    Լռեցին։

  Հետո եկան այն երկուսը ու ապառաժի տակ փոս փորեցին։ Հովսեփը բարձրաձայն մտածեց. «Նա  լրտես  չէր»։ Ոչ ոք չառարկեց, եւ այդ երկու բառը հնչեց իբրեւ հովվի մահախոսական։ Թաղեցին առանց հողաթմբի՝ վայրը  քողարկելով տեղանքի նմանությամբ։

  Երեկոյան հոտը գյուղ եկավ առանց հովվի… Երկու օրվա որոնումներն արդյունք չտվեցին։ Անհետ կորել էր։ Հետո հովվի ամբողջական վարձը տվեցին կնոջը, եւս մի ջորի՝ որպես նվեր։ Նրանց տնամեջը բարձեցին նվեր ջորու վրա, մի քանի հոգով՝ մի քսանհինգ գլուխ ոչխար էլ առաջներն արած, Մեծ գետի երկայնքով անցնող համեմատաբար հարմար ճանապարհով կնոջն ուղեկցեցին մինչեւ նրանց գյուղի մատույցները, որքան որ անվտանգ էին համարում։

* * *

  Հետո եկավ մեծ վտանգը՝ ավելի քան լուրջ, տեղահանելու ու բնաջնջելու սպառնալիքով։ Հայկական գյուղերը կարողացան համախմբվել, քաջաբար հետ մղել վտանգն ու կյանքը վերադարձնել բնականոն հուն։

  Հետո հաստատվեցին բոլշեւիկյան կարգեր՝ հալածանքներ, ունեզրկում, հարկադիր կոլեկտիվացում, բռնաճնշումներ՝ բանտարկություն, գնդակահարություն, աքսոր…

Շարունակությունը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր։

   Պատերազմի ավարտից մի քանի տարի հազիվ էր անցել։ Դեռ բեղավոր բռնակալի դարաշրջանը չէր ավարտվել։ Հովսեփն արդեն տարիքն առել էր ու շատ զավակներ ուներ։ Որդիներից մեկը զոհվել էր պատերազմում, իսկ հինգը դեռ անչափահաս էին։ Օրվա գերխնդիրը երեխաներին քաղցած չթողնելն էր։ Հովսեփի հիմնական հենարանն այդ հարցում ավագ Որդին էր։ Նա, հանգամանքների բերումով, հենց առաջին օրից աշխատում էր պատերազմի տարիներին գործարկված, Մեծ գետի երկայնքով անցնող երկաթուղում։ Բացի այն, որ իբրեւ երկաթուղային՝ հացի նշանակալի չափաբաժին էր ստանում ու աշխատավարձի հետ տուն բերում, հանգստյան օրերին էլ զբաղվում էր որսորդությամբ։ Երկաթուղու հարակից սահմանապահ ուղեկալից վստահությամբ մարտական զենք էր վերցնում եւ քարայծի մսով լրացնում մեծ ընտանիքի սննդի պակասը։

  Աշուն էր՝ հոկտեմբերի վերջը, քարայծի որսի լավագույն շրջանը։ Այդ ժամանակ մեծ արու քարայծներն այնքան գեր են լինում, որ հնարավոր է լինում նրանց մսից ղաուրմա պատրաստել՝ առանց լրացուցիչ յուղ օգտագործելու։ Եվ Որդին որոշում է ձմռանն ընդառաջ լուծել մեծ ընտանիքի սննդի խնդիրը հենց այդ ճանապարհով։ Հոր  փորձից գիտեր, որ զգացողությունը թուլացած ծեր քարայծները ամբողջ ցերեկը պատսպարվում են անմատչելի անձավներում եւ դուրս են գալիս արածելու լուսաբացին ու մթնշաղին։ Դեռ մութ էր, որ տնից դուրս եկավ՝ միայնակ։ Հակառակի պես՝ բոլոր  կանխատեսելի վայրերում մեծ քարայծ չտեսավ, իսկ փոքրերին որսալու մտադրություն չուներ։ Ինքը նկատել էր, որ պետական սահմանի պաշտպանությունը ամրապնդելու նպատակով Մեծ գետի ձախ ափով փշալարե ցանկապատ կառուցելուց հետո քարայծների գլխաքանակը պակասել էր։ Կենսատարածք էր խզվել։     

    Մեծ քարայծի որոնումներով կտրեց անցավ մի 15 կիլոմետր ու հասավ լեռնազանգվածի հակառակ կողմը։ Հովիվների գյուղը ոտքերի տակ էր՝ թեք լանջին։ Փոքրիկ տներ՝ հողե հարթ կտուրներով, մեկի կտուրը՝ մյուսի համար բակ։ Խոնավ հողի վրա մեծ քարայծի թարմ հետք նկատեց։ Փորձեց հետքով առաջ շարժվել։ Տեղ-տեղ հետքը նշմարվում էր, տեղ-տեղ անհետանում, փնտրում էր՝ նորից էր գտնում, ու էլի կորցնում, հետ ու առաջ էր գնում, ցած իջնում ու վեր բարձրանում՝ նորից գտնում։  Վերջապես հետքը  դեմ առավ հսկա ու վայրի մի ժայռի, որի մեջ մարդուն անհասանելի խորը անձավ էր նշմարվում։ Համոզված էր՝ քարայծն այնտեղ էր։ Պետք էր սպասել մթնշաղին…

   Ժայռի դիմաց հարմար դիրք գտավ, տեղավորվեց՝ դեմքով դեպի անձավը, ջուր խմեց, հաց կերավ ու հաշվարկեց, որ անգամ առանց բեռի հնարավոր չի լինի գիշերով տուն վերադառնալ։ Մի պահ մտածեց՝ գուցե դատա՞րկ տուն վերադառնա, բայց հիշեց տան կիսաքաղց անդամներին, ու պատասխանատվությունը հուշեց՝ մնալ։

  Ծրագրեց միակ իրագործելի տարբերակը՝ կիջնի ադրբեջանական գյուղ, կգտնի իր գործընկեր ու մտերիմ Իբրահիմին, կգիշերի նրանց տանը, առավոտյան կիջնի երկաթուղու մոտ, կհանդիպի ծանոթ մեքենավարներից որեւէ մեկին, նրա աջակցությամբ կգնա կայարան, իսկ այնտեղից տուն հասնելը խնդիր չէր։ Ծնողների անհանգստանալու հանգամանքը մտքովն անցավ, իհարկե, բայց երիտասարդի ինքնավստահությամբ այն համարեց երկրորդական։

Ժայռակատարների ստվերները վաղուց արդեն իջել էին ձորը, բարձրացել ու ձգտում էին հավասարվել հանդիպակաց կատարներին։ Քիչ անց ուշադրությունը լարած որսորդը անձավի կողմից չոր շխկոց լսեց՝ պոզերը դիպան անձավի պատերին, դուրս է գալիս, համոզված էր։ Կրակոցը դիպուկ էր։ Ծեր ու հսկա քարայծը գլորվեց դեպի ձորը։ Այսպիսին նա առաջին անգամ էր որսում։ Ժամանակ չկորցրեց, քարշ տվեց լանջն ի վար՝ գետակի մոտ, վարժ ու արագ քերթեց, մասերի բաժանելով տեղավորեց  ուսապարկի մեջ, լվացվեց, շալակեց ու արդեն հազիվ տեսանելի անծանոթ արահետով  քայլեց առաջ ՝ իր քաշի չափ բեռի տակ կքած։

    Մութն ու սեւ  չադրայով կինը նրան դիմավորեցին գյուղի եզրին։ Որսորդը հարգալից բարեւեց կնոջն ու հարցրեց Իբրահիմենց տունը։ Կինը երկու փաթիլ (մոտ երեք լիտր տարողությամբ կիսագնդաձեւ պղնձե աման) տարողությամբ կաթով լի սաթլը (դույլի ու ձագարի կոմբինացված պղնձե տարա) դրեց  գետնին, ճրագը պահեց որսորդի ուղղությամբ ու հարցրեց.

– Իսկ դու ի՞նչ կապ ունես Իբրահիմի հետ։
– Իբրահիմն  իմ մտերիմ ընկերն է, մենք միասին ենք աշխատում։
– Որտեղի՞ց ես:
– Լեռնաշխարհի հակառակ կողմից՝ կիրճի ծերպերին ծվարած գյուղից եմ։

Կինը նկատելիորեն լարվեց ու կարծես իր կամքին հակառակ հարցրեց.

– Ու՞մ որդին ես։
– Հովսեփի,  ճանաչու՞մ եք։

  Կնոջ մարմնով սարսուռ անցավ, ինքնատիրապետումը կորցնում էր, շնչառությունը արագացավ, սիրտը թրթռում էր, ուզում էր պոռթկալ, բայց չէր կարողանում՝ խեղդվում  էր։ Հետո քիչ-քիչ խաղաղվեց, շունչը տեղը եկավ, ու զուսպ արտաբերեց.

– Ես Իբրահիմի մայրն եմ՝ Սուլթան նանան։ Հետեւիր ինձ, Իբրահիմն ուր որ է կգա,- ասաց ու, լուսավորելով ճանապարհը, հյուրին տուն առաջնորդեց։

  Տունը մի քանի քայլի վրա էր։ Կնոջ խորհրդով՝ ուսապարկը կախեց կիսաբաց թոնրատան կաղնու սյան ելուստից, հրացանը հենեց պատին։

– Նստիր այդտեղ, չարուխներդ ու գուլպաներդ հանիր, տաք ջուր բերեմ, ոտքերդ լվամ, – ասաց Սուլթան նանան՝ ցույց տալով մուտքի դռան աջ կողմի պատից ելնող սալ քարը։

    Բերեց փայտե տաշտը, դրեց հյուրի ոտքերի առաջ, օջախին դրած մեծ պղնձե  կաթսայից տաք ջուր բերեց, չոքեց, որ  լվա։ Հյուրը փորձեց դիմադրել, ապարդյուն, Սուլթան նանան պնդեց՝ ասելով, որ դա ազգային ավանդույթ է, ու լվաց հյուրի ոտքերը։ Հետո լաթով մաքրեց, տվեց իր ձեռքով գործած նոր ու ճերմակ բրդե գուլպաներ, ասաց, որ դա նվեր է, եւ պարտադրեց հագնել։ 

  Եկավ Իբրահիմը։ Մայրը հանձնարարեց հյուրին պատվելու նպատակով հավ մորթել։ Երիտասարդ հյուրը միջամտեց՝ ասելով, թե ամենեւին հավ մորթելու կարիք չկա, քանի որ ուսապարկում այդքան շատ միս կա, եւ որ ինքն այդ մսի մի մասը նվիրելու է նրանց։

  Սուլթան նանան առարկեց.

-Քո ուսապարկի միսը հարամ է՝ գնդակով սպանված, մենք այն չենք ուտում։

Մինչ Իբրահիմը  կմորթեր հավը, Սուլթան նանան լվացավ հյուրի գուլպաներն  ու կախեց օջախի մոտ ձգած թելից։

Ընթրիքն ավարտելուն պես Սուլթան նանան առանձին սենյակում  չօգտագործած անկողին բացեց հյուրի համար ու որդուն հանձնարարեց, որ  ստուգի, թե արդյոք ամուր է փակել հավաբնի անցքը։ Որդին հակաճառելով գնաց։ Ինքը հյուրին ուղեկցեց ննջասենյակ, ցույց տվեց անկողինը, բանալին մտցրեց պատի պահարանից կախված կողպեքի մեջ ու ասաց.

– Հրացանդ պահարանի մեջ պահիր ու բանալին մոտդ թող։ Գիտեմ, որ հայրդ՝ Հովսեփը, մասնակցել է եղբորս՝ Նուրուլայի սպանությանը, բայց չկարծես, թե կարող եմ վրեժխնդիր լինել։ Ես անգամ գիտեմ, որ Վարդազարի արձակած գնդակն է դիպել եղբորս, – ասաց ու դուրս եկավ սենյակից՝ ետեւից ծածկելով դուռը։

Հյուրն անակնկալի եկավ։ Առաջին անգամ էր լսում։ Մտքերը ցաքուցրիվ էին։ Չգիտեր անելիքը։ Հետո սթափվեց, գնահատեց, որ այդ պահին մնալն է ճիշտ, ու որոշեց այնպես հեռանալ, որ գյուղը մթնով անցնի եւ երկաթգիծ հասնի լույսը բացվելուն պես։ Պառկեց գլխատակը  բարձր, բաց աչքերով, լիցքավորված հրացանը կողքին։

   Գնալու ժամն էր։ Հագավ չարուխները, զգուշությամբ հրեց դուռը ու կիսաբաց դռան արանքից ձգեց վիզը։ Լամպի աղոտ լույսի տակ, կարպետի վրա ծալպատակ նստած էր Սուլթան նանան։

–  Առաջ արի, քեզ համար նախաճաշ եմ պատրաստել, – ասաց ու բարձրացրեց լամպի բոցը։

– Շնորհակալ եմ, այս ժամին  նախաճաշելու սովորություն չունեմ, տանը  կնախաճաշեմ։

 – Չէ, այդպես չի լինի՝ կնեղանամ, գոնե մի բաժակ կաթ պիտի խմես,- ասաց ու փայտե շերեփով կաթ լցրեց բաժակի մեջ։  Բաժակը մեկնեց, բայց արագ  ձեռքը ետ քաշեց, ցուցադրաբար բաժակի պարունակության կեսը լցրեց ուրիշ բաժակի մեջ, առաջին բաժակը լրացրեց, կիսատ բաժակից  մի կում խմեց ու  կրկին լիքը բաժակը մեկնեց  հյուրին։ Խմեցին։

  – Հիմա գնանք, ես կուղեկցեմ քեզ մինչեւ երկաթգիծ։

  Դուրս եկան։ Դեռ մութ էր, սակայն հեռավոր արեւելքում նշմարվում  էր  ամպի մխացող եզրը։ Մինչ լուռ քայլելով կհասնեին գյուղի վերջը, ամպը բոցավառվեց։ Հյուրը կանգ առավ ու թախանձեց ընկերոջ խորհրդավոր մորը տուն վերադառնալ։

– Լա՜վ,- համաձայնեց կինը,- ասելիք ունեմ, ասեմ՝ նոր վերադառնամ, – հետո խորը հոգոց հանեց ու շարունակեց: – Չգիտեմ ինչպե՞ս պատահեց, որ ասացի քեզ այդ մասին: Սխալվեցի։ Ամբողջ գիշեր ես էլ քեզ նման աչք չեմ փակել՝ խիղճս տանջում էր։  Հիմա համոզված եմ՝ էս աշխարհում Մարդու ամենակարեւոր ձեռքբերումը խաղաղությունն է։ Քո գալը առիթ դարձավ, որ մտորեմ  դրա շուրջ։ Ինձ համար այլեւս համոզմունք է, որ խաղաղությունը քո ու իմ որդու ընկերությունն է, եւ այդ գիտակցումը ինձ ազատեց ծանր ատելության բեռից։ Չմոռանաս՝ մեր օջախի դուռը միշտ բաց է քո առաջ։ Ապրենք Խաղաղությամբ, – ասաց, բարի ճանապարհ մաղթեց  ու վերադարձավ։

* * *

Հովսեփն ու կինը ամբողջ գիշեր անկողին չէին մտել։ Որդու անկանխատեսելի բացակայությունը մորմոքել էր պատերազմում զոհված որդու կորստյան ցավը։

  Մայրը ամբողջ գիշեր մղկտում էր ու շշնջալով խնդրում Աստծուն, որ օգնի որդուն։

 Հայրը պատշգամբում ծխելով առաջ ու հետ էր քայլում ու մորը սփոփելու նպատակով իր ու շրջապատի գլխով անցած նմանատիպ դեպքեր էր հիշեցնում, որոնք, իհարկե, բարի վերջաբան էին ունեցել։ Հաշվարկներ էր անում, հնարավոր վերադարձի ժամն էր հիշատակում։ Իսկ մտքում որոշում էր, թե որ պահից, ում հետ եւ որ ուղղություններով կգնան որդուն որոնելու։

   Լույսը նոր էր բացվում։ Վերջին ծխախոտը սպառվեց։ Սիրտը ծուխ էր ուզում՝ առատ ծուխ։ Պահած թութուն ուներ։ Պարտադիր բաժանորդագրված «Կոլխոզնիկ» թերթից պատռած թղթի կտորով երկար ու անշնորհք գլանակ փաթաթեց։ Վառեց, ծանր ծուխը կլանելուն պես մտքովն անցավ. «Հանկարծ ու այրվող տառերից ձեւակերպված բոլշեւիկյան կեղծ լոզունգները թութունի ծխի հետ չներծծվե՞ն հոգու մեջ»։ Այդ մտքից սթափվեց ու հազալով ծուխը դուրս փչեց հնարավորինս հեռու։ Ծուխը չէր կարող խեղդել, ինքը ծխին սովոր էր։ Ծուխ դարձած լոզունգներն էին խեղդողը՝ «Այսքան ուրախ կյանքը մեր՝ ընկեր Ստալինն է տվել», «Նորից եկավ ազատաբեր մեր սիրելի Հոկտեմբեր»…  

  Այսպես ինքն իրեն շեղում էր՝ փորձելով վանել սիրտ սողոսկող չարագուշակ մտքերը, մեկ էլ դանդաղ բացվեց ծանր փայտե դարպասը։ Որդին էր՝ բեռի տակ կքած։

Նա նախ գրկեց արդեն ուրախությունից արտասվող մորը, հետո ողջագուրվեց հոր հետ՝ հայացքով հասկացնելով առանձին խոսելու անհրաժեշտության մասին։

Հայրը մորը պատվիրեց նախաճաշ պատրաստել։

Լսեց որդուն։ Ծուխը ներս քաշեց, արագ դուրս փչեց, գլանակը դեն նետեց։ Այնուամենայնիվ, զզվելի էր ծխի հետ ներս թափանցող այրված խաբեությունը։

– Ինչ ասել է այդ կինը՝ ճշմարտություն է։ Ինչպե՞ս պատմեի, որդիս, հպարտանալու՞ բան էր արածներս, Թալեաթի՞ն  էինք սպանել, Հիտլերի՞ն էինք սպանել, անզեն ու անպաշտպան հովիվ էինք սպանել։ Ամաչում էի պատմել։ Ների՛ր, որդիս, ների՛ր, որ իմ պատճառով կարող էիր փորձանքի մեջ ընկնել…

* * *

Մեծ գետով ու նույն կետից սկիզբ առնող այն երկու վտակներով պարփակված լեռնաշխարհի առանցքով՝ իշխող ջրբաժան գծով, այժմ անցնում է պետական սահմանը։ Սահմանագծի երկայնքով՝ բարձունքների վրա, հաջորդաբար հայկական ու ադրբեջանական ռազմական հենակետեր են։ Նրանցում՝ միմյանց փոխադարձաբար նշանառության տակ պահող սովորական ընտանիքների զավակ զինվորներ՝ դեռ կյանք չճաշակած երիտասարդներ։ Նրանց հարեւանությամբ՝ լեռնաշխարհի խոր անձավների փակ դատարկության մեջ ականջ փնտրելով՝ դեռ պտտվում է Սուլթան նանայի՝ իբրեւ պատգամ ասված խոսքի արձագանքը.

 «Ապրենք  խաղաղությամբ»…

Նախորդ հոդվածըՌոնալդուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից եւ մարզվում է Մ-21 թիմի հետ
Հաջորդ հոդվածըՄխիթարյանի գոլն ավելացված 5-րդ րոպեին հաղթանակ բերեց «Ինտերին»՝ 4:3 (տեսանյութ)