‘Դավիթ Պետրոսյան. Քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնող պետության մեջ իշխանության լեգիտիմ ճյուղեր միշտ էլ գոյություն ունեն’

2214

Լրագրող Դավիթ Պետրոսյանի հետ զրուցեցինք Աբխազիայում ստեղծված իրավիճակի մասին:

Պարո՛ն Պետրոսյան, ընդդիմության հրապարակային ելույթներից հետո օրերս Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց: Ինչո՞վ էին պայմանավորված ընդդիմության ելույթներն ու նախագահի հրաժարականը: Ինչո՞ւ իշխանությունը չդիմեց ուժային քայլերի:

Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Հյուսիսային և Հարավային Կովկասում  Աբխազիան միակ պետությունն է, որտեղ նախագահը խորհրդարանում մեծամասնություն չուներ. երեսունհինգ պատգամավորից միայն տասնհինգն էին իր կողմնակիցները: Երկրորդը՝ մի շարք զուտ ներքաղաքական խնդիրներ կային՝ արտաքին քաղաքականության հետ կապ չունեցող՝ կապված, օրինակ, Գալիի շրջանի վրացիներին աբխազական անձնագիր տալու հետ: Հասարակության և պատգամավորների մեծ մասի կարծիքով՝ այդ անձնագրերի մեծամասնությունը անօրինական կարգով է տրվել, որպեսզի վրացիները մյուս նախագահական ընտրություններին Անկվաբին ձայն տան: Մի քանի հանձնաժողով ստեղծվեց, ստուգեցին, և պարզվեց, որ 10-15 տոկոսն է անօրինական, բայց պահանջեցին, որ երեք շրջանի ղեկավարները և գլխավոր դատախազը ազատվեն պաշտոնից, իսկ նախագահը համաձայն չէր: Այլ հարցեր էլ կային՝ տնտեսության, ռուսական վարկերի, սեփականաշնորհման և այլնի հետ կապված, որ բարձրացվում էին անցած տարվա սկզբից: Վերջապես, հոկտեմբերին իրենց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Ստանիսլավ Լակոբան, հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ համաձայն չէ նախագահի քաղաքականության հետ: Լակոբան աբխազական ազգային-ազատագրական պայքարի հոգևոր առաջնորդներից մեկն է եղել և շատ մեծ հարգանք է վայելում: Երբ նա դիմեց այդ քայլին, նախագահը հայտնվեց շատ լուրջ վիճակում, բայց ոչ մի փոփոխության չգնաց:  Սկզբում ընդդիմությունը պատրաստվում էր այդ ակցիաները սկսել այս տարվա սկզբին, բայց հետո հասկացան, որ ավելի լավ է թողնեն՝ ձմեռական օլիմպիական խաղերը Սոչիում հանգիստ անցնեն, հետո բարձրացնեն այդ հարցերը:

Մինչև Անկվաբի հրաժարականն Աբխազիա այցելեցին Ռուսաստանի ներկայացուցիչներ՝ Սուրկովն ու Նուրգալիևը. ո՞րն էր այցի իմաստը, և արդյո՞ք այն կապված էր Անկվաբի հրաժարականի հետ:

Ռուսական որոշ լրատվամիջոցներ և վայ-փորձագետներ գրեցին, որ աբխազները դա անում են՝ հետևելով Ուկրաինայի Մայդանին, բայց դա ոչ մի կապ չունի Ուկրաինայի հետ, և առհասարակ՝ արտաքին ուժերի հետ ոչ մի կապ չունի էդ գործընթացը: Շատերը կարծում են, որ եթե Ռուսաստանի կողմից ճանաչված պետություն է, իրենք էնտեղ մեծ ազդեցություն ունեն, ուրեմն՝ իրենք են կազմակերպել, բայց իրենք չեն կազմակերպել: Նրանք ուշադիր հետևում էին այդ ամենին և հետո փորձեցին այնպես անել, որ խաղաղ ճանապարհով լուծվի այդ վեճը: Մի քանի օր նախագահը չէր ցանկանում հրաժարական տալ, բայց հետո տեսնելով, որ ժողովուրդը իր դեմ է տրամադրված, և իր կողմնակիցները փոքրաթիվ են, որոշեց թողնել-գնալ և չվտանգել պետականությունը, և ընտրություններով նոր նախագահ կընտրվի: Ես հատուկ նշում եմ, որ երևի Աբխազիան միակ տեղն է Մեծ Կովկասում, որտեղ ընտրությունները՝ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական, քիչ թե շատ նորմալ են անցնում, այսինքն՝ Անկվաբը լեգիտիմ նախագահ է եղել: Այլ բան է, որ իր քաղաքականության հետևանքով ինքը կորցրել է իր ընտրողների վստահությունը:

Հետաքրքիր է, որ Անկվաբը չդիմեց ուժային քայլերի, այլ խաղաղ հեռացավ: Կարելի՞ է դա համարել նրա՝ լեգիտիմ նախագահ լինելու և փոքրաթիվ աջակիցներ ունենալու հետևանքը:

Ես համաձայն եմ ձեր նշած պատճառներին, բայց կա մեկ կետ ևս: Աբխազական քաղաքական մշակույթում չի եղել նման բան, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ծեծեն կամ բանտ նետեն ընդդիմադիրներին: Երևի դե ֆակտո անկախության ամբողջ ընթացքում առաջին անգամ է եղել, որ ընդդիմությունը պատուհաններ ու դռներ է ջարդել. նման բան մինչ այդ չի եղել, այսինքն՝ ուժի կիրառում իրենց քաղաքական մշակույթում չկա, և դա էլ է նշանակություն ունեցել:

Մեկանաբանություններ կան, թե աբխազական միավորված ընդդիմությունն ավելի ռուսամետ է, քան նախկին իշխանությունը, և խնդիր էր դարձել այն, որ Անկվաբը հրաժարվում էր ռուսական մասնակցությամբ տնտեսական որոշ նախագծերից: Որքանո՞վ են ճիշտ այդ մեկնաբանությունները:

Աբխազական ընդդիմության հայտարարության մեջ մի հատված կար Աբխազիայի և Ռուսատանի հարաբերությունների մասին, ինչի պատճառով էլ շատերը կարծում են, որ նրանք ավելի ռուսամետ են: Հայտարարության այդ մասն արված էր նրա համար, որ Ռուսաստանը հասկանա, որ Աբխազիայում տեղի ունեցողը ոչ մի կապ չունի ռուս-աբխազական հարաբերությունների հետ, այլ զուտ ներքին խնդիր է: Ուրիշ բան է, որ նրանք բարձրացնում էին հարց, որ ռուսական վարկերի մի մասը փոշիացվել է, ամենախելամիտ ձևով չի օգտագործվում, հասկանում են, որ էդ փողերը անվերջ չեն լինելու, բայց արդյունավետ չեն օգտագործվել, ներդրումների քաղաքականությունը սխալ է վարվում, բայց Աբխազիայի և Ռուսաստանի հարաբերությունների հետ դա ոչ մի կապ չունի, այսինքն՝ դրանք մնալու են նույնը՝ դաշնային և բարեկամական:

 Որքանո՞վ է միասնական թիմ աբխազական նախկին ընդդիմությունը:

Անկվաբի դեմ պայքարում նրանք շատ միասնական էին, բայց հիմա Անկվաբը չկա, և այդ միասնականությունը չի լինելու, քանի որ սկսվելու է պայքար իշխանության համար: Շատ հնարավոր է, սակայն, որ մինչ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ լինեն, և նախագահի լիազորությունները պակասեցվեն. թե ինչ չափով, կամ թե վարչապետն ինչ լիազորություններ կստանա, դրանց մասին հիմա Աբխազիայում հասարակական և փորձագիտական վեճեր են: Այսինքն՝ իրենք միասնական չեն լինելու ընտրությունների ժամանակ, և թեկնածուներ շատ կլինեն: Ի դեպ, քանի որ էնտեղ ընտրությունները միշտ քիչ թե շատ նորմալ են անցել, նրանց քաղաքական պահեստայինների նստարանին միշտ էլ հետաքրքիր գործիչներ են եղել, այսինքն՝ հարց չի դրվում, թե ում ընտրենք, հարմար թեկնածուներ չկան և այլն: Հետաքրքիր է, որ էնտեղ միշտ էլ հարմար թեկնածուներ կան: Իմ կարծիքով՝ դա ժողովրդավարական գծի պահպանման արդյունքն է, հատկապես՝ քիչ թե շատ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում. միշտ եղել են մարդիկ, որոնք նախագահական, խորհրդարանական ընտրություններին փորձարկել են իրենց քաղաքական ռեյտինգը, և վերջապես կարևոր է այն, որ նախագահը չի վերահսկում խորհրդարանը. երևի ԱՊՀ-ի տարածքում ոչ մի տեղ նման բան չկա: Փաստորեն՝ նախագահի հրաժարականի պահանջը խորհրդարանը ներկայացրեց, այսինքն՝ այդ պահանջը լեգիտիմ էր, քանի որ լեգիտիմ ընտրված ներկայացուցչական մարմինը ներկայացրեց այն: Իմ կարծիքով՝ սա մեզ համար դաս պիտի լինի, որ քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնող պետության մեջ իշխանության լեգիտիմ ճյուղեր միշտ էլ գոյություն ունեն. և՛ նախագահն էր լեգիտիմ, և՛ խորհրդարանը, և՛ վարչապետը, այլ բան է, որ դժգոհություններ են եղել: Քաղաքական ճգնաժամեր շատ մեծ պետություններում նույնպես լինում են, բայց կան քաղաքական համակարգեր՝ այդ ճգնաժամերը լուծելու համար: Օրինակ՝ մեզ մոտ կա սահմանադրական դատարան, որն, ըստ իս, պիտի լուծի այդ ճգնաժամերի հարցերը, բայց չի լուծում, իսկ Աբխազիան սահմանադրական դատարան չունի, վեճերը փողոցում են լուծվում, բայց, բարեբախտաբար, ուժ չի կիրառվում ոչ մի կողմից: Ես չեմ բացառում, որ սահմանադրական փոփոխությունները գուցե նախատեսում են նաև սահմանադրական դատարանի ստեղծում: Նրանց Սահմանադրությունը պատերազմի օրոք էր ընդունված, այդ պատճառով էլ նախագահը շատ-շատ լիազորություններ ունի, իսկ հիմա երկրում իրավիճակը փոխվել է. քսան տարի  է՝ պատերազմը ավարտվել է:

Զրույցը՝ Ռիմա Գրիգորյանի

Նախորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր բանակցողը հրաժարական է տվել (լրացված)’