‘Դավիթ Սանասարյան. Եթե վստահ են, որ հայցն անհիմն է, պետք է նման խնդիրներ չստեղծեին’

895

Ռուբեն Հայրապետյանը չորս փաստաբան է վարձել, և եթե չորս փաստաբանով այդքան վստահ են, որ մեր ներկայացրած հայցը անհիմն է, այդ պարագայում պետք է նման խնդիրներ չստեղծեին, որ նիստը հետաձգվեր: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Դավիթ Սանասարյանի հայցի քննությունն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Սանասարյանը պահանջում է, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ռուբեն Հայրապետյանին՝ վիրավորելու համար հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից, ինչպես նաեւ հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները: Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը դատական նիստի ժամանակ դատարանին խնդրել է վերանայել Դավիթ Սանասարյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունների ճանաչման հարցը, քանի որ Արշակյանը միանգամից երեք տարբեր գործերով դատական ներկայացուցչություն է իրականացնում:

«Մենք վստահ ենք, որ մեր ներկայացուցիչը ամբողջովին իրավասու է ներկայացնել մեր շահերը, և որևիցե խնդիր չկա: Իրենց մոտ կամ սխալ ընկալում է, կամ դիտավորյալ այդպես են ուզում պատկերացնել: Վստահ եմ, որ Մհեր Արշակյանը շարունակելու է մնալ իմ ներկայացուցիչը: Քանի որ հարցը երեքիս է վերաբերում՝ ինձ, Գարեգին Չուգասզյանին ու Հրանուշ Խառատյանին, և երեքս ենք ներկայացրել հայցադիմում, այս պարագայում ընդհանուր գործ է, ու իրենք կարող են միացնել գործը: Որևէ խնդիր չկա»,- ասաց  Սանասարյանը:

Ըստ նրա՝ պատասխանող կողմը անիմաստ ու թեթև միջոցներ է օգտագործում, սակայն իրենց փաստարկներն ամբողջովին հիմնավորված են ու բերված են հենց Ռուբեն Հայրապետյանի խոսքից: Հայրապետյանը, ի դեպ, մինչ օրս չի հերքել, որ հարցազրույցի ժամանակ նման բան է ասել: Դավիթ Սանասարյանի խոսքով՝ եթե դատարանը չբավարարի իր պահանջը, վճիռն անպայման բողոքարկելու է:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն բյուջետային գումարներ կտրամադրի «Սենդիից» տուժածներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ազատ է արձակվել հույն մեծահարուստների ցուցակը հրապարակած լրագրողը ‘