‘Դատաիրավական ԾԻԳ-ի տնօրենը նաև միլիոնատեր է. Մամուլ’

1651

«Ազգային ժողովի վերջին քառօրյայում, Վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվության մեջ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը անդրադարձել էր «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»–ի աշխատանքներում տեղ գտած չարաշահումներին՝ նշելով, որ վերոնշյալ ԾԻԳ-ը՝ դատարանները կառուցելիս, օրինակ, մեկ մետր մալուխի գինը ներկայացրել է 1000 դրամ, մինչդեռ այդ մալուխի մետրը խանութում արժե 110 դրամ։ Իշխան Զաքարյանը մասնավորապես հայտարարել էր. «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ՀԿԳ վարչությունում արդարադատության նախարարության Դատաիրավան ԾԻԳ–ի պաշտոնակատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով։ Կատարվում է նախաքննություն։ ՀՀ ՎՊ-ն մինչև քրեական գործի ավարտը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից»։

«ՉԻ»-ն նկատում է, որ Ազգային ժողովում բազմաթիվ պատգամավորների և լրագրողների զարմացրել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը, որը ԱԺ ամբիոն էր ներկայացել «իրեղեն ապացույց» փայտի կտորով և ԱԺ ամբիոնից հայտարարել, որ այն արժե 230 հազար դրամ, բայց նույն շինարարը այն ձեռք է բերել 1.600 դրամով։

«ՉԻ» տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի «պաշտպանությանն» արժանացած ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը արդարադատության նախկին նախարար, ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մտերիմ մարդկանցից է։ Թերթը հիշեցնում է, որ Համաշխարհային բանկի գումարներով ֆինանսավորվող ԾԻԳ-ում ՎՊ-ի կատարած ստուգումների արդյունքում նախորդ տարիներին ևս չարաշահումներ են հայտնաբերվել, սակայն Համաշխարհային բանկը հանգիստ էր վերաբերվել հանգամանքին, որ իր տրամադրած գումարների մի մասը «լվացվել» է, արդյունքում՝ բանը չէր հասել ՀՔԾ, ինչպես այս դեպքում։

«ՉԻ»–ն փորձեց արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանից մեկնաբանություն ստանալ այս ամենի առիթով, սակայն վերջինս պատասխանեց, որ ինքը այդ կապակցությամբ մեկնաբանություն չի տալիս, և կարող ենք դիմել հենց Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ և այնտեղից ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Մեր հեռախոսազանգին պատասխանեց ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը և ասաց. «Մենք արդեն հայտարարել ենք և ասել ենք՝ որևէ մեկնաբանություն մենք չենք կարող անել, քանի որ քրեական գործի քննությունը ընթանում է»։

«ՉԻ» հարցին, թե ո՞ր թվականից է Ա. Թունյանը պաշտոնավարում ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնում, վերջինս պատասխանեց՝ «2002 թվականից»։ Ի դեպ՝ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է ձեռք բերել, որոնցից մեկը Լոնդոնում է, մյուսը՝ ԱՄՆ-ում։

Նախորդ հոդվածը‘Թաղապետարանները և ՀՀԿ-ն` մեկ ամբողջություն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’