‘Դատախազության երկրորդ պարզաբանումը Վարդան Պետրոսյանի գործով’

1143

Գլխավոր դատախազությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է Սերժ Սարգսյանի կողմից Վարդան Պետրոսյանի կալանքին անդրադառնալու հարցին:

Այս անգամ դատախազությունը նշում է, թե Սերժ Սարգսյանի «հանձնարարությամբ իրականացվում են աշխատանքներ ընդհանրապես կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված առկա մտահոգությունների, խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերի առնչությամբ»: «Ինչ վերաբերում է կոնկրետ մեղադրյալ Վարդան Պետրոսյանին ապա՝ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, թե Սարգսյանը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ, նշել էր Սաղաթելյանը, նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Սարգսյանը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է  տեսնում:

Հիշեցնենք, որ սա դատախազության արդեն երկրորդ պարզաբանումն է: Երեկ դատախազությունը հանդես էր եկել եւս մեկ պարզաբանմամբ

Նախորդ հոդվածը‘Կկայանա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մյուզիքլի պրեմիերան’
Հաջորդ հոդվածը‘Փոխքաղաքապետը բնակիչներին. Եթե մարմնավաճառներին դիմացել են, կամուրջին էլ կդիմանան’