‘Դատախազության մոտ ելույթ ունեցան Արամ Մանուկյանը և Վլադիմիր Կարապետյանը (տեսանյութ)’

1155

Այսօր Դատախազության մոտ տեղի է ունեցել հերթական ուրբաթօրյա ակցիան: Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումը Կոնգրեսի երեք ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ, ինչպես նաեւ ազատ արձակել նույն գործով կալանավորված, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Ելույթներ են ունեցել Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը եւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին Վերաքննիչ դատարանում տեղի կունենա (Գարեգին Նժդեհի 23) Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի դատավարությունը: Հիշեցնենք նաեւ, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը  կրկին ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:

Ելույթ ունենալով ակցիայի ժամանակ՝ Արամ Մանուկյանը հիշատակեց, որ մարդիկ ամեն ուրբաթ՝ արդեն 175-րդ անգամ հավաքվում են դատախազության մոտ եւ որ սա «պատվի հարց է», «Հայաստանը չպետք է լինի համարձակ մարդկանց պատժելու պետություն»: Խոսելով արտագաղթի ահագնացող տեմպերի եւ տնտեսական ծանր վիճակի, թալանի մասին՝ Մանուկյանը նշեց, որ լուծումը մեկն է եւ դիմելով իշխանություններին ասաց. «Թողեք հեռացեք, ի սեր էս երկրի, ի սեր էս ժողովրդի, ի սեր ձեր ապագայի, թողեք էս երկիրը, գնացեք, իջեք էս երկրի վրայից, հեծնել եք ու չեք իջնում: …Ի վերջո, Աստծո վրեժը կա, ժողովրդի վրեժը գա, կգա կավլի-կտանի, կանալիզացիաներում կսատկացնեն, ինչպես բոլոր բռնապետներին են սատկացնում, բնայց մենք չենք ուզում ոչ մեկի արյունը, ուզում ենք խաղաղ երկիր, թողեք հեռացեք»:

Վլադիմիր Կարապետյանն էլ խոսեց արտագաղթի մասին՝ շեշտելով, որ դրա հիմնական պատճառը իշխանությունների հանդեպ անվստահությունն է, երբ մարդիկ ստիպված են լինում «քվեարկել ոտքերով»: Կարապետյանն այդ համատեքստում համեմատություն արեց երեկ Վրաստանում տեղի ունեցած մի իրադարձության հետ:

«Վրաստանի նոր իշխանությունները՝ գալով իշխանության, սկսեցին հայտարարել, որ նախկինները բազմաթիվ հանցագործություններ են արել, եւ մի քանի հոգու ձերբակալեցին՝ շատ տարբեր կոշտ մեղադրանքներով: Երեկ դատարանը վճիռ կայացրեց՝ ազատ արձակելու 7 հոգու: Դատարանը՝ ի հեճուկս իշխանությունների ճնշման, որոշում կայացրեց, որ որեւէ հանցանք այդ անձինք չեն կատարել: Դա ցույց է տալիս, որ իսկապես, Վրաստանում դատարանը անկախ է, կարող է որոշում կայացնել օրենքի հիման վրա: …Դուք բոլորդ այստեղ շատ լավ գիտեք, թե որքան մեծ է նաեւ այս հարցում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ անջրպետը: Մենք ձեզ հետ սպասում ենք, որ ՄԻԵԴ-ն վճիռներ կայացնի մեր նախկին քաղբանտարկյալների գործով: Միակ լուծումը այս պարագայում համարում եմ այն, որ բոլոր դատավորները, որոնք տարիներով ազատազրկել են մեր համախոհներին, պետք է պատիժ կրեն, փոխհատուցումը, որը պետությունը վճարելու է, պետք է հատուցեն նրանց գրպանից»,- նշեց Կարապետյանը:

Նա նաեւ հավելեց, որ շարունակական են լինելու ակցիաները եւ դատախազության մոտ, եւ այլ վայրերում, եւ հույս հայտնեց, որ սա վերջին հավաքներից մեկ է, որ դատախազության մոտ իրականացնում են, եւ որ «վերաքննիչ դատարանը գոնե մեկ անգամ ցույց կտա, որ արդարադություն կա Հայաստանում, իսկ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն էլ այս ամսվա ընթացքում կլինի ազատության մեջ»:  

Մանրամասները՝ տեսանյութում  

Նախորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշմոբ քաղաքապետարանի մոտ (ֆոտոշարք)’