‘Դատախազությունը երկրորդ անգամ վերացրել է «Ա1+»-ի լրագրողի գործը կարճելու՝ ՀՔԾ որոշումը’

1123

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ՝ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Ինչպես նշվում է Գլխավոր դատախազության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետևանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

  ՀՀ դատախազության ՀԿԳՔ վարչությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, որոշում է կայացրել վերացնել քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը: Քրեական գործը վերադարձվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար:

 Վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավունքը՝ «փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»:

Նշենք, որ հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ արդեն մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն հոկտեմբերի 7-ին Հայաստանի գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։ Բայց ՀՔԾ-ն երկրորդ անգամ էլ հարուցված քրեական գործը կարճել է:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի դարպասից դուրս գալով նախ վրդովված պոկել էր «Հակահարված» խմբի անդամների՝ «Բարև, Ռոբ» գրությամբ պաստառը: Այնուհետև, շարժվելով ակցիան նկարահանող «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի ուղղությամբ, հարվածել նրան և ձեռքի նկարահանող սարքը նետել գետին:

Նախորդ հոդվածը‘Ս.Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Mundo Deportivo. ինչո՞ւ պետք է «Ոսկե գնդակը» ստանա Մեսսին’