‘Դատախազությունը Կադիրովի սպառնալիքներն անօրինական չի համարում’

1114

Չեչնիայի դատախազությունը ոչ մի անօրինական բան չի գտել հանրապետության ղեկավարի սպառնալիքներում՝ արտաքսել գրոհայինների հարազատներին, այրել նրանց տները: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի անդամ Իգոր Կալյապինը, որը դիմել էր իրավապահ մարմիններին՝ Կադիրովի խոսքերը քննելու խնդրանքով:

Գերատեսչության պատասխանում, որն ստացել է իրավապաշտպանը, ասվում է, թե Կադիրովը հանցագործության ոչ մի կոչ չի հնչեցրել, նա ընդամենը կարծիք է հայտնել «այն բացասական հետևանքների մասին, որոնք կարող են լինել անօրինական զինված խմբավորումներում ընդգրկված անձանց հարազատների նկատմամբ»:

«Այսինքն՝ ստացվում է, որ «Պաշտոնապես հայտարարում եմ… գրոհայինի ընտանիքն անհապաղ կարտաքսվի, իսկ տունն էլ հիմնովին կքանդվի»՝ այս խոսքերը, դատախազի գնահատմամբ՝ «բացասական հետևանքնե՞ր են, որոնք կարող են կրել այդ անձանց հարազատները»»,- հարց է տալիս իրավապաշտպանը:

Իգոր Կալյապինը գլխավոր դատախազությանը և քննչական կոմիտեին էր դիմել դեկտեմբերի 9-ին՝ խնդրելով միջոցներ ձեռք առնել Կադիրովի հայտարարությունների կապակցությամբ և գործ հարուցել՝ պաշտոնական լիազորությունները գերազանցելու հարցով: Ի պատասխան՝ Կադիրովն Instagram-ում գրառել էր. «Ոմն Կալյապին հանդես է եկել բանդիտների և նրանց ազգականների պաշտպանությամբ: Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ ես եմ զբաղվում»: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի արդարադատության փոխնախարար է նշանակվել Սաակաշվիլիի զինակիցը’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ’