‘Դատախազությունը Ր. Հովհաննիսյանի դեմ «մահափորձը» «խուլիգանություն» որակեց’

984

2013թ. մարտի 23-ին` Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հարուցել է քրեական գործ եւ ուղարկել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին՝  նախաքննություն կատարելու համար։ Այս մասին, ըստ «Փաստինֆո»-ի, տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգությունը» հաղորդագրություն էր տարածել, որ շաբաթ օրը՝ մարտի 23-ին անհայտ մի տղամարդ՝ մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքեց հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին՝ տեղի ունեցածը գնահատելով որպես Ր.Հովհաննիսյանի կյանքի դեմ ուղղված ոտնձգության փորձ։ Ոստիկանությունը երեկ արձագանքել էր «Ժառանգության» հաղորդագրությանը՝ նշելով, որ  Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ: Բերման ենթարկված անձը Երեւան քաղաքի բնակիչ Ղազար Ղամբարյանն է, ով գտնվել է 3-րդ աստիճանի խմածության վիճակում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի հատկանիշներով («խուլիգանություն») եւ  հանձնարարվել է ոստիկանությանը սեղմ ժամկետում պարզել դեպքի բոլոր հանգամանքները եւ ապահովել քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը։

 

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Չեխիա. մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը կայցելի Գազա՝ իրավիճակը տեղում ստուգելու նպատակով’