‘Դատախազություն. ՄԻՊ-ը փորձում է իրականացնել դատարանի գործառույթները’

1015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Մասնավորապես, կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջ իրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է միայն ամուսիններին:

Տուժած կինը խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելուց հետո Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնաբերած խախտումների մասին գրությամբ հայտնել է Գլխավոր դատախազությանը, որը, սակայն, չի ընդունել դրանց առկայության փաստը:

Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ գլխավոր դատախազությունը, որտեղ նշվում է. «ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել, իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցեր քրեական գործ, ինքնին սեփական իրավունքները սահմանազանցելուև ուղղված գործողություն է, քանի որ ՄԻՊ-ը իրեն վերապահում է գործառույթ, այն է` ցուցում է տալիս նախաքննության մարմնին և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, թե ինչպես պետք է որակել դեպքը, ինչպիսի քրեաիրավական նորմ պետք է կիրառել, այն դեպքում, երբ նման իրավասությամբ օժտված չէ՝ այդպիսով խախտելով ՀՀ օրենսդրությունը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ և սպառիչ սահմանում է, թե որ մարմիններն են իրավասու անձի արարքին տալ որևէ քրեաիրավական գնահատական: 

Միաժամանակ, քննիչի կամ դատախազի որոշումները, գործողությունները կամ անգործությունը հանդիսանում են նաև դատական վերահսկողության առարկա, և միայն վերջինիս կողմից այդ որոշումը վերացնելու կամ անօրինական և անհիմն ճանաչվելու պայմաններում կարող է հիմք հանդիսանալ պետական որևէ մարմնի (այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանի) կողմից անօրինական կամ անհիմն որակվելու համար: 

Այս իմաստով, կարծում ենք անընդունելի է, որ Պաշտպանի կողմից փորձ է կատարվում նաև իրականացնել դատարանի գործառույթներ, քանի որ միայն դատական կարգով բողոքարկման դեպքում կարող է խոսք գնալ քննիչի կամ դատախազի այս կամ այն որոշման կամ գործողության ապօրինության կամ անհիմն լինելու մասին: Ի դեպ. տվյալ դեպքում քաղաքացին չի բողոքարկել համապատասխան որոշումները դատական կարգով, և այս պայմաններում ստանձնել դատարանի գործառույթ՝ անընդունելի է: Ընդ որում, Պաշտպանը պետք է որ քաջատեղյակ լինի, որ ապօրինի կամ անհիմն քրեական գործ հարուցելը կամ անձին քրեական հետապնդման ենթարկելը նույնպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Ինչ վերաբերում է տվյալ արարքն «ինքնիրավչություն» որակելուն, ապա, իրավաբանական տարրական գիտելիքների տիրապետող և հոդվածի մեկնաբանություններին փոքր-ինչ ծանոթ որևէ մասնագետի մոտ անգամ նման հարց չի ծագի, քանի որ այդ մոտեցումը հակասում է անգամ դասագրքային ճշմարտությանը»:

Նախորդ հոդվածը‘Խաղը նմանեցնում են իրականությանը. Սուարեսը որակազրկվել է նաև համակարգչային խաղում’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.00 դրամ/դոլար’