‘Դատախազություն. Սերժ Սարգսյանը հանձնարարել է վերանայել Վ.Պետրոսյանի կալանավորումը’

1299

 

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննության մարմնի միջնորդության և դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է.

Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել ևս՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ և չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ իր հիմքում ունի  մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ: 

«Նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր՝ մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից: Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը», — ասվում է դատախազության հաղորդագրության մեջ

Միաժամանակ, դատախազությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել վերանայելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ը հաստատեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը 88 կողմ, 13 դեմ ձայներով’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Արդարությունը ձեզ նման երկերեսանի չէ, պարոնայք եւ տիկնայք’