‘Դատական կարգադրիչը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը եւ սպառնում փաստաբանին (Տեսանյութ)’

2128

ՀՀ վարչական դատարանում շարունակվում են բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների գործով դատական նիստերը: Հուլիսի 8-ին դատարանը քննեց օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկված Վարդան Գերավետյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը, որն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը:

Նշենք, որ դատավոր Արման Թովմասյանը չթույլատրեց լրագրողներին տեսանկարահանել դատական նիստը՝ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանի առարկության պատճառով: Մելիքսեթյանի խոսքով՝ տեսաձայնագրությունը եւ լուսանկարահանումը խոչընդոտում են իրեն՝ իր պարտականությունները կատարելու հարցում, ինչպես նաեւ տեսանյութը համացանցում դառնում է բացասական մեկնաբանությունների առիթ: Ոստիկանության ներկայացուցիչը խնդրեց նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ ինքը իգական սեռի ներկայացուցիչ է եւ անչափահաս երեխաների մայր: «Խնդրում եմ հաշվի առնել այս հանգամանքները, որոնց պատճառով ինձ մոտ կարող է կաշկանդվածություն առաջանալ, եւ ես կարող եմ լիարժեք չիրականացնել իմ պարտականությունները»,- ասաց Մելիքսեթյանը:

Ի պատասխան՝ Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ այդ կերպ սահմանափակվում է «լրատվամիջոցների՝ հանրային հսկիչների առաքելության իրականացումը», իսկ հանրությանը չի մտահոգում ոստիկանության ներկայացուցչի կաշկանդվածության հանգամանքը:

Նշենք, որ միեւնույն դատարանը՝ սույն գործից ժամեր առաջ, քննելով մեկ այլ ակտիվիստի գործ, թույլատրել էր iLur.am-ի լրագրողին տեսանկարահանել նիստը՝ այն պարագայում, երբ ոստիկանության ներկայացուցիները չէին ներկայացել դատարան: Իսկ թե Մարթա Մելիքսեթյանն է կաշկանդված տեսախցիկներից, թե դատարանը՝ Մարթա Մելիքսեթյանից՝ չենք կարող հստակ ասել: Պետք է փաստել, որ ոստիկանության ներկայացուցիչները ոչ միայն այս, այլ նաեւ բոլոր նմանատիպ գործերի ժամանակ խուսափում են տեսանկարահանվելուց, իսկ դատավորները պարբերաբար բավարարում են նրանց պահանջները:

Դատական նիստի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել ոստիկան Կարեն Մովսիսյանին, ով դեպքի ժամանակ ղեկավարում էր ծառայությունը: Սակայն Վարդան Գերավետյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ անձամբ չի առնչվել Մովսիսյանի հետ: «Նա միայն հրամայել է, որ ինձ բերման ենթարկեն՝ ասելով «սրան էլ տարեք»,-հայտնեց  Գերավետյանը: Այս կապակցությամբ Տիգրան Եգորյանը նշեց, որ  դատավորը Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանին որպես վկա դատարան հրավիրելով՝ խախտում է թույլ տալիս: «Դատարանը պետք է ստուգի վարչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի օրինականությունը, իսկ նոր ապացույցների, նոր փաստերի ձեռքբերումը, որոնք կհիմնավորեն ներկայացված հայցադիմումն ընդդեմ քաղաքացու, անթույլատրելի է: Այստեղ դատարանը դառնում է վարչական վարույթ իրականացնող մարմին, ինչը նրա գործառույթը չէ»,- ասաց փաստաբանը: Այնուամենայնիվ՝ Արման Թովմասյանը բավարարեց Մելիքսեթյանի միջնորդությունը:

Նշենք, որ դատական նիստի ավարտին միջադեպ տեղի ունեցավ լրագրողների եւ դատական կարգադրիչների միջեւ, ովքեր փորձում էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ դատական նիստի ավարտից հետո: Այն ժամանակ, երբ փաստաբան Տիգրան Եգորյանը պահանջեց, որ ներկայանա՝ կարգադրիչը ասաց՝ «Արի դուրս, կասեմ՝ ով եմ ես», ինչից հետո շրջվեց եւ հեռացավ, իսկ որոշ ժամանակ անց վերադառնալուց հետո՝ բղավեց. «Մենք դեռ կհանդիպենք», եւ լրագրողներին «հիվանդ» անվանելով՝ կրկին հեռացավ:

Թե՛ դատական կարգադրիչների պետը, թե՛ մյուս կարգադիրչները հրաժարվեցին հայտնել լրագրողներին խոչընդոտող եւ փաստաբանին սպառնալիքներ հասցրած կարգրադրիչի անունը: Փաստաբանը խոստացավ այս հարցով դիմել համապատասխան մարմիններին:

iLur.am-ի հետ զրույցում Տիգրան Եգորյանը նշեց, որ գրեթե բոլոր կարգադրիչները փողոցային պահվածք էին ցուցաբերում՝ չէին ներկայանում, չէին պատասխանում իր հարցերին, հրաժարվում էին բացահայտել այն անձի ինքնությունը, որը սահմանափակում էր լրագրողի նկարահանելու իրավունքը: Այս պահվածը փաստաբանը որակեց որպես խայտառակություն, որն անթույլատրելի է հանրային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի համար:

Ավելի վաղ իրավաբան Սերգեյ Գրիգորյանը մեզ հայտնել էր, որ այս պահին Վարչական դատարանում քննվում են մեծ թվով գործեր, որոնցով ոստիկանությունը հայցեր է ներկայացրել դատարաններ՝ ընդդեմ ակտիվ քաղաքացիների: «Այս ամբողջ պրոցեսը միտված է եղել քաղաքացիների դիրքորոշման արտահայտումը, հավաքների ազատությունը ճնշելուն, եւ ոչ մի իրավական հիմք գոյություն չունի»,- նշեց Սերգեյ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Վարդան Գերավետյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայց է ներկայացրել՝ նշելով, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բնակիչների բողոքին միացած ակտիվիստը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը:

Նիստի ավարտից հետո ոստիկանության ներկայացուցիչը դատարանից հեռացավ՝ դեմքը թղթով փակած:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ը «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը կփոխանցի ՌԴ մրցակցային կառույցին ‘
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանյանը օղին կկեղծի կառավարության արտոնությամբ. Սիվիլնեթ’