‘Դատապարտյալի նամակը՝ ՔԿՀ-ից. «Առանց բավարար ապացույցների դատապարտվել եմ 9 տարվա ազատազրկման» ‘

1377

Օրեր առաջ iLur.am-ի խմբագրությունը նամակ է ստացել  դատապարտյալ Վրեժ Ալավերդյանից, ով իր պատիժը կրում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ Լեւոն Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. փետրվարի 10-ին Լևոն Շալունցի առաջարկով՝ նրանից առանձնապես խոշոր չափերի շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց անհատույց, ապօրինի ձեռք բերելու ակնկալիքով, փորձել է օժանդակել նրան ու Արթուր Մովսիսյանին Ագարակ քաղաքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի 2-րդ ուղեկալի 9-րդ տեղամասին հարող տարածքում, ոմն Բենիկի կողմից մաքսային հսկողությունից թաքցնելով՝ իրանական կողմից Հայաստան արտանետված, առանձնապես խոշոր չափերի՝ 1 կիլոգրամ «ափիոն» և խոշոր չափերի՝ 16,35 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ իրացնելու նպատակով ձեռք բերելուն, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն կարողացել հասցնել, քանի որ արտանետված թվով 10 փաթեթներից երկուսր՝ դրանցում րնդհանուր՝ շուրջ 200 գրամ «ափիոնի» պարունակությամբ, գիշերային պայմաններում չեն կարողացել հայտնաբերել, 1-ը՝ 97,1 գրամ «ափիոնի» պարունակությամբ ոստիկանների կողմից հայտնաբերվել է նշված տարածքում, իսկ 2-ը՝ ընդհանուր՝ 190,7 գրամ «ափիոնի» պարունակությամբ, արտանետման արդյունքում հայտնվել են սահմանային փշալարի հակառակ կողմում, որոնք հայտնաբերվել են ոստիկանության աշխատողների կողմից։ Մնացած՝ թվով 6 փաթեթներում առկա՝ րնդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի՝ րնդհանուր 488,85 գրամ «ափիոնի» և խոշոր չափերի՝ 16,35 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փաթեթները Արթուր Մովսիսյանի հետ միասին թաքցրել են ուղեկալի 9-րդ տեղամասի տարածքում՝ հետագայում վերցնելու նպատակով, որը նույն օրը Արթուր Մովսիսյանը ոստիկանների պահանջով ներկայացրել է։

Պետք է նշել, որ Ալավերդյանի մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, իսկ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար հիմք են հանդիսացել հեռախոսազանգերի վերծանումները, որոնց համաձայն նա 16 անգամ զանգահարել է Արթուր Մովսիսյանին:

Նամակում, մասնավորապես, նշվում է. «Ինձ մեղադրում են այն բանում, թե իբր ես օժանդակել եմ թմրադեղ ձեռք բերել, բայց այդ ժամանակ իմ հեռախոսազանգերի վերծանումները ցույց են տալիս, որ այդ պահին ես չեմ եղել նշված վայրում: Թմրադեղերից եւ ոչ մեկի վրա չեն հայտնաբերվել իմ մատնահետքերը, ինչպես նաեւ իմ դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել այն մասին, որ ես տեղեկացված եմ եղել կամ օժանդակել եմ որեւէ մեկին»: Ալավերդյանը հայտնում է, որ երկու տարուց ավել է, ինչ համապատասխան մարմիններին ներկայացնում է տարբեր տեսակի դիմումներ, սակայն դրանք այդպես էլ մնում են անարձագանք:

«ՀՀ ղեկավարության կողմից սեփականաշնորհված դատարաններում հաշվի չեն առնվել, որ ես 2000 թվականից երկրորդ կարգի հաշմանդամ եմ եւ տառապում եմ հեպատիտ C սուր վարակիչ հիվանդությամբ, կինս երկրորդ կարգի հաշմանդամ է, ունենք անչափահաս տղա, իսկ ապօրինի մեղադրանքի պատճառով ես չեմ կարողանում տեսակցել կնոջս եւ երեխայիս հետ՝ ծանր սոցիալական վիճակից ելնելով, քանի որ իմ ընտանիքը բնակվում է Գորիսում: Այս երկուսուկես տարվա ընթացքում իմ դիմում-բողոքների թիվը բազմաթիվ է եւ այս ընթացքում դատախազությունից որեւէ մեկը ինձ չի այցելել, որպեսզի գոնե լսեին ինձ մտահոգող խնդիրների մասին: Ինչ վերաբերվում է մեղադրող դատախազին, նա գոնե մեկ անգամ չի կարդացել, թե ինչ ապացույցների հիման վրա են ինձ մեղադրել»,- նշվում նամակում:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վրեժ Ալավերդյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով։

Ընդհանուր իրավասության դատարանում Ալավերդյանը հայտարարել էր,  թե սկսած առաջին իսկ հարցաքննությունից իր ցուցմունքները թելադրել են, ավելին` քննիչի ներկայությամբ իրեն ծեծել են, սպառնացել, որ եթե նրանց ասածով ցուցմունքներ չգրի, «2-րդ կարգից 1-ին կարգի հաշմանդամ կդարձնեն»։ Նա նշել էր նաեւ, որ քննիչը հորդորել է ցուցմունքը գրել նրա ցանկացած տարբերակով` խոստանալով իր մեղադրանքները հանել, որը սակայն չի կատարել։

iLur.am-ի հետ զրույցում Վրեժ Ալավերդյանի փաստաբան Անահիտ Եսայանը հայտնեց, որ իր պաշտպանյալին դատապարտել են բավական խիստ՝ նրան մեղադրելով թմրանյութի իրացման, այլ ոչ ձեռբերման փորձ կատարելու մեջ այն պարագայում, երբ նրա մոտ ոչ միայն թմրանյութ չեն հայտնաբերել, այլ նաեւ առկա թմրանյութերի վրա  չեն եղել Ալավերդյանի մատնահետքերը: Փաստաբանի խոսքով՝ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ հանցագործության կատարման ժամանակ Ալավերդյանը 16 անգամ զանգահարել է սույն գործով մյուս դատապարտյակին՝ Արմեն Մովսիսյանին: «Եթե նրանք իրար կողք են եղել, ապա ինչու՞ պետք է Վրեժը 16 անգամ զանգեր Մովսիսյանին»,- ասաց նա: 

Անահիտ Եսայանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ չի իրականացվել դեպքի վայրի համապատասխան զննություն, իսկ մեղադրյալների ցուցմունքներում կան ակնհայտ հակասություններ:

Նշենք նաեւ, որ Ալավերդյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում աջակցել Իրաքի կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Սննդամթերքի ներմուծման արգելքի առաջին արձագանքները’