‘Դատապարտում են լրագրող Սարգիս Գեւորգյանի աշխատանքը խոչընդոտելը’

1590

Մի շարք ԶԼՄ-ներ եւ հ/կ-ներ, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են այսօրվա ակցիայի ժամանակ մեր կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը եւ նրան բերման ենթարկելը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այսօր` հուլիսի 23-ին, ժամը 13-ի հատվածում ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժանմունքի մոտ տեղի ունեցող ակցիայի նկարահանումների ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել www.ilur.am լրատվական կայքի նկարահանող օպերատոր Սարգիս Գեւորգյանին: Սարգիս Գեւորգյանը այսօր եւ երեկ լուսաբանել է Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեւվարձի թանկացման հետ կապված հանրային բողոքի ցույցերը եւ դեռ երեկ են ոստիկանները փորձել օպերատորին հեռացնել պիկետի վայրից: Այսօր, ինչպեսեւ երեկ, Սարգիս Գեւորգյանը բողոքի վայրում եղել է իր գործընկեր լրագրողի հետ, որի հանձնարարությամբ իրականացրել է նկարահանումները: Օպերատորը բերման ենթարկված այլ 5 անձանց հետ մոտավորապես 15:30-ին ազատ է արձակվել ոստիկանությունից: 

Այս հայտարարությամբ դատապարտում ենք ոստիկանության վարվելակերպը եւ գործադրած միջոցները նկարահանող օպերատորի նկատմամբ, այդ գործողությունները գնահատում ենք որպես օպերատորի եւ իր գործընկեր լրագրողի օրինական մասնագիտական պարտականությունների կատարման անօրինական եւ բռնի խոչընդոտում, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Պահանջում ենք ոստիկանությունից` այսուհետ բացառել ԶԼՄ ներկայացուցիչների օրինական պարտականությունների կատարման խոչընդոտման այլանդակ պրակտիկան, զգուշացնելով, որ այդօրինակ վարվելակերպի շարունակման դեպքում ոստիկանները կարող են բախվել անհաղթահարելի եւ վտանգավոր խնդիրների:

Փաստաբաններին կոչ ենք անում մասնագիտական օժանդակություն ցուցաբերել Սարգիս Գեւորգյանին` սեփական քաղաքացիական եւ մասնագիտական իրավունքների պաշտպանության գործում: 

Հայտարարությունը ստորագրել են.  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, 
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, 
Galatv.am,
Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագիր,
Epress.am,
«Շրջապատ» շաբաթաթերթ,
Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, 
asekose.am, 
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, Մեղրի
«Քաղաքացիական Ֆորում» ՀԿ, 
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Վանաձոր,
«Իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ»,
3 տասնյակ քաղաքացի Հայաստանից եւ ԱՄՆ-ից

  

Նախորդ հոդվածը‘Սենսացիա. ՀՀԿ փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ’
Հաջորդ հոդվածը‘Գծատեր վարչության պետը հանդիպել է գծատերերի հետ. Տեսանյութ’