‘Դատավարություն «Հարսնաքարի» գործով. ամբաստանյալներից մեկը փաստաբան չուներ. հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 24-ին’

1166

Այսօր, սեպտեմբերի 13-ն, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով առաջին դատական նիստը: Նիստի սկզբում վեց ամբաստանկալներից Նորայր Հայրապետյանի պաշտպանը դատավոր Դավիթ Հարությունյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ նախաքննքության ընթացքում ոչ օբյեկտիվ ու անաչառ լինելու պատճառաբանությամբ: Դավիթ Հարությունյանը գնաց խորհրդակցական սենյակ, այնուհետև մերժեց միջնորդությունը:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, ընդմիջումից հետո նիստը չվերսկսվեց, քանի որ դատարանի դահլիճում չէին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները: Պարզվեց՝ նրանց չեն թողնում մտնել դատարանի շենք, քանի որ վերջիններս հրաժարվում էին անձնական իրերի զննություն անցնել՝ պատճառաբանելով, որ մի քանի քաղաքացիական հագուստով անձանց առանց զննելու են ներս թողել: Դատարանի աշխատակիցներից մեկն ասել էր, թե՝ «մերոնք են, թող անցնեն»: Դատավորը ստիպված եղավ երկու անգամ ընդմիջում հայտարարել, որից հետո տուժողի իրավահաջորդները դատավորի կարգադրությամբ առանց զննություն անցնելու մտան նիստերի դահլիճ:

Երբ դատական նիստը վերսկսվեց, պարզվեց, որ ամբաստանյալ Արման Խաչատրյանը պաշտպան չունի, և այդ պայմաններում նիստը չէր կարող շարունակվել: Դատավոր Դավիթ Հարությունյանը Արման Խաչատրյանին առաջարկեց խորհրդակցել հարազատների հետ փաստաբան ընտրելու հարցում:

Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 24-ին, ժամը 15-ին:

 
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Նախորդ հոդվածը‘Կոմանդոս. Ես Հայրապետյանի մասին լավ բաներ էի լսել’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Օհանջանյան. Բակո Սահայանն արհամարհեց ժողովրդի կարծիքը’