‘Դատավորը որոշել է կալանավորել Հայրապետյանին` անտեսելով մահացու ախտորոշումը’

1114

«Պանարմենիան»-ի փոխանցմամբ՝  մահացու ախտորոշումը չի խանգարել աշխարհի ամենահարուստ հայերից մեկի` Լևոն Հայրապետյանի կալանավորմանը: Ինչպես գրում է Business FM-ը, Հայրապետյանի երեք պաշտպանները կտրականապես դեմ են եղել դատարանի` 2-ամսյա կալանք նշանակելու որոշմանը: Նրանք քննիչների փաստարկները դատարկաբանություն են անվանել և խնդրել են կալանավորման մասին միջնորդությունը մերժել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը հուլիսի 17-ին բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան:

Պաշտպանները պատմել են, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում` քաղցկեղով: Վերջինս մտնում է 2011-ին հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում մեկուսարանում գտնվելն անհնար է: Հայրապետյանի բուժող բժիշկը հաստատել է դա:

Կալանավորմանը այլընտրանք փաստաբաններն առաջարկել են որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը: Ինքը՝ Հայրապետյանը նշել է, որ կասկածները ոչնչով հիմնավորված չեն, և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ:

Ի վերջո, մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելով, դատավորը որոշել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Հայրապետյանի պաշտպանները հայտարարել են, որ անմիջապես բողոքարկելու են դատավորի որոշումը:

Լեւոն Հայրապետյանը քննիչի հետ զրույցում չի ընդունել այն մեղադրանքները, որ վերագրել են իրեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է Լեւոն Հայրապետյանի ընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանը: Նրա խոսքով, թե բողոքարկման հարցով դատարանի որոշումը երբ կլինի` պարզ չէ. Ռուսաստանում չկա հստակ ժամկետ, թե բողոքարկման պատասխանը երբ կարող են տալ: «Ասում են` կարող է մեկ շաբաթից կամ տասն օրից: Հստակ ժամկետ չկա, ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ 48 ժամվա ընթացքում են տալիս: Մենք չենք ընդունում եւ Լեւոն Հայրապետյանն էլ չի ընդունում իր մեղքը: Սա «սարքած» գործ է, հաշվեհարդար եւ Հայրապետյանը մեղադրանքների հետ ոչ մի առնչություն չունի»,- ընդգծել է Փոլադյանը:

Նախորդ հոդվածը‘Ռուսական կողմը հրաժարվել է ստորագրել առանց լրացուցիչ թույլտվության ՌԴ-ում աշխատելու մասին համաձայանգիրը ‘
Հաջորդ հոդվածը‘ԴԺԿ իշխանությունները որոշել են խլել Կոլոմոյսկու ունեցվածքը’