‘Դատարանը՝ հանցավոր շղթայի մի օղակ’

921

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը վճռաբեկության կարգով քննելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.05.2013թ.-ին կայացրած Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճռի դեմ փաստաբան Մուշեղ Շուշանյանի բողոքը, որով պահանջում է բեկանել դատավճիռը եւ գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել դատավճիռը՝ արդարացնել ամբաստանյալներին եւ գործն ուղարկել դատախազին: 

«Դատարանում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել գործով ամբաստանյալներին վերագրվող գործողությունների և Ա. Նազարյանի մահվան միջև պատճառահետևանքային կապը», վերաքննիչ բողոքում հիմնավորել է փաստաբանը: 

Վերաքննիչ դատարանին ուղղված Մուշեղ Շուշանյանի երկրորդ պահանջն է` քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին: 

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի մեկնաբանությամբ բողոքի վճռաբելության կարգով քննությունը բացառում է ապացույցների նոր հետազոտումը: «Առաջին ատյանի դատարանում մեր կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդությունների լուծում չեն տրվել և հույս ունեինք դրանք քննության առարկա դարձնել վերաքննիչ դատարանում», քննության վճռաբեկության կարգի վերաբերյալ իր մերժողական դիրքորոշումը հայտնեց փաստաբանը` նշելով, որ դատական նիստի մեկնարկին միջնորդություն են ներկայացնելու դատարանին` գործը քննել վերաքննության կարգով:   

Ա. Նազարյանի սպանությունը միտումնավոր կոծկվել և ներկայացվել է որպես ինքնասպանություն: Դատարանի նպատակը ոչ թե արդարադատություն իրականացնելն էր, այլ ինքնասպանության» պաշտոնական վարկածը դատարանի կնիքով հաստատելը: 

Չեն բացահայտվել Ա. Նազարյանի մահվան (սպանության) իրական հանգամանքները, քրեական պատասխանատվության չեն ենթարկվել նրա մահվան համար մեղավոր անձինք, փոխարենը մեղավոր են ճանաչվել Ա. Նազարյանի մահվան համար որևէ մեղավորություն չունեցող 5 ամբաստանյալները, բողոքում իր համոզմունքն է հայտնել փաստաբանը: 

Նազարյանի մահվան հանգամանքները բացահայտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրած, այնուհետև կրակոց արձակած անձին, բռնությունների ենթարկվելու վայրը և այլ հանգամանքներ պարզելու փոխարեն գործադրվել են իրենց անօրինականությամբ ապշեցնող միջոցներ և վատնվել են հսկայական ռեսուրսներ՝ ապօրինի ազատությունից զրկվել են զինծառայողներ, որոնց  մի մասի նկատմամբ գործադրվել է բռնություն, նվաստացուցիչ վերաբերմունք, կեղծվել են ապացույցներ, անտեսվել են փաստեր: 

Այս հանցագործությունների կատարմանը ներգրավվել են տասնյակ պետական ծառայողներ՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչներ, ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության աշխատակիցներ, փորձագետներ և այլն: 

«Սակայն դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ նախաքննության ընթացքում կատարված հանցագործությունները բավարար չեն ինքնասպանության վարկածը դատական ակտով հաստատելու համար, հանցագործությունները նոր թափով շարունակվեցին դատարանում», արձանագրում է փաստաբանը: 

Գործը քննող դատարանը ողջ դատաքննության ընթացքում ունեցել է ակնհայտ մեղադրական ուղղվածություն, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության, միջազգային պարտավորությունների և օրենքների բազմաթիվ կոպիտ խախտումներ, կայացրել է բազմաթիվ չհիմնավորված և անօրինական որոշումներ, ինչը հիմք է տալիս  հայտարարելու, որ սույն գործը քննող դատարանը հանդես է եկել որպես վերը նկարագրված հանցավոր շղթայի մի օղակ: 

«Ավելորդ է նշելը, որ բանակում կատարված սպանության ցանկացած կոծկում անխուսափելիորեն ծնում է նոր սպանություններ», ընդգծել է փաստաբանը: 

Դատարանը հանդես է եկել որպես մեղադրանքը պաշտպանող կողմ` իր որոշումները կայացնելու ճնշող մեծամասնության դեպքում հենվելով մեղադրող կողմի կարծիքի վրա, որը գրեթե 100% դեպքերում հակառակ է եղել դատավարության կողմ հանդիսացող մյուս մասնակիցների կարծիքին 

Պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետության անունից դատավճիռ կայացրած դատարանը տվյալ դեպքում հանդես է եկել ոչ թե որպես արդարադատություն իրականացնող մարմին, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդին պատկանող դատական իշխանությունը յուրացրած մարմին:  

«Դատաքննության ընթացքում Դատարանը հետաձգել կամ մերժել է բազմաթիվ միջնորդություններ՝ խոստանալով դրանց անդրադառնալ խորհրդակցական սենյակում,սակայն վերջնական ակտում դատավորը ավելորդ է համարել մերժված միջնորդություններին անդրադառնալը՝  այլ դրանք բոլորը մերժել է մեկ նախադասությամբ՝ փաթեթով», բողոքում նշում է փաստաբանը: 

Դատարանն անտեսել է, որ քննություն չի կատարվել եւ չի բացահայտվել Նազարյանի մահից ոչ շատ առաջ եւ մահից մինչեւ մոտ 6 ժամ առաջ պատճառված մարմնական վնասվածքների ծագումն ու պատճառման հանգամանքները, անտեսվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ապացուցված հանգամանքները` դատավճռի հիմքում դրվել է քննիչ Լ. Պետրոսյանի ցուցմունքներն այն մասին, թե Նազարյանի կյանքի վերջին ժամերին նրա նկատմամբ ոչ ոք ֆիզիկական ոտնձգություն չի կատարել, անտեսվել է սպա Գ. Ուդումյանի կողմից Նազարյանի դեմ նրա մահից ժամեր առաջ հնչեցրած հայհոյանքն ու սպառնալիքը… 

Մերժվել է նշանակել Արտակ Նազարյանի հագուստների դատաքիմիական-դատակենսաբանական փորձաքննություն, ինչը կարող էր բացահայտել մի շարք կարեւորագույն հարցեր, այդ թվում՝ թե արդյո՞ք այլ անձանց արյունն առկա է եղել Նազարյանի հագուստներին: 

Դատարանը քայլեր չի ձեռնարկել պարզելու, թե ինչ զենքից է կրակվել Նազարյանի վրա, անտեսվել է նաև այն, որ Նազարյանի զենքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, որ նրա զենքի բոլոր փամփուշտները տեղում են եղել, այսինքն ինքն իր վրա կրակել չէր կարող, որ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճի փոխարեն դատաձգաբանական փորձաքննության է ենթարկվել մեկ այլ համարի պարկուճ, նաև այն որ «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներից յոթը, ըստ խծուծների դատաձգաբանական փորձաքննության, ներկա են եղել Նազարյանի վրա արձակված կրակոցին, ինչի մասին վկայում են նրանց վրա մնացած կրակոցի արգասիքները և այսպիսի բազմաթիվ անտեսումներ ու մերժումներ: 

Մերժել է անթույլատրելի ապացույց ճանաչել դեպքից հետո Բերդ քաղաքի ՌՈ-ում ապօրինաբար ազատազրկման պայմաններում զորամասի թվով 14 զինծառայողների  ցուցմունքներն ու առերես հարցաքննությունները, որոնք կորզվել են ճնշումներով եւ բռնությամբ: Հենց այս ցուցմունքներն են դրվել մեղադրանքի, ապա նաեւ դատավճռի հիմքում: Զինծառայողներին խոշտանգումների ենթարկելու պրոցեսին աջակցել է զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանը, ում հրամանով և զինծառայողներ ապօրինի զրկվել են ազատությունից: 

«Խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունները պատշաճ ստուգման չեն ենթարկվել և չէին էլ կարող ենթարկվել թեկուզ միայն այն պատճառով, որ ռազմական ոստիկանության իրական հիմնական գործառույթը հենց զինծառայողներին խոշտանգելն է՝ ստիպելու համար նրանց տալ այս կամ այն ցուցմունքը, իսկ ՊՆ քննչական ծառայության գործառույթը՝ այդպիսի եղանակով ստացված ցուցմունքները օգտագործելը և ռազմական ոստիկանության հանցանքները կոծկելը»: 

Մուշեղ Շուշանյանը վերաքննիչ բողոքում անդրադարձել է նաև նախաքննության մարմնի կողմից հանգուցյալ Արտակ Նազարյանի իրական կերպարը միտումնավոր նենգափոխելուն: Ըստ վկաների նախաքննական ցուցմունքների՝ Արտակ Նազարյանը թույլ հրամանատար էր, կամազուրկ անձնավորություն, որը զինվորներին հրամաններ էր տալիս խնդրանքի տեսքով և որի հրամանները զինվորները չէին կատարում: 

Մինչդեռ դատարանում նույն զինվորների տված ցուցմունքներից ներկայացավ հակառակ պատկերը՝ Արտակ Նազարյանը բարի, բայց միաժամանակ ուժեղ կամքի տեր անձնավորություն էր, որի հրամանները շարքային զինվորներն անվերապահորեն կատարում էին, որը վայելում էր զինվորների սերն ու հարգանքը: 

 

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն իրավունքների», jhfr.am

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Դեպրեսիվ կիրակի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը մնացել է առանց իշխանության ‘