‘Դատարանը՝ որպես իշխանության խամաճիկ’

1557

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության ընթացքում որպես տուժող անցնող ոստիկան Շահեն Հարությունյանը հաստատեց նախկինում տված ցուցմունքները, որոնց համաձայն նա իբր տեսաձայնագրել էր 2011-ի օգոստոսին տեղի ունեցած բախումը Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության միջև, որից հետո հենց դեպքի վայրում կորցրել էր հեռախոսը: Սակայն «Վիվասելի» կողմից տրված հեռախոսազանգերի վերծանումից պարզ դարձավ, որ վկան օգտվել է հեռախոսահամարից դեպքից առաջ և հետո, ինչի պատճառով էլ կասկածի տակ դրվեց ցուցմունքի արժանահավատությունը:

Այսօրվա դատաքննության ժամանակ Շահեն Հարությունյանը չկարողացավ կրկին վերհիշել և դատարանին ևս մեկ անգամ ներկայացնել իրողության ողջ մանրամասները՝ տալով անհեթեթ պատասխաններ: Նման պահելաձևը կարող է ունենալ միայն երկու բացատրություն:

Առաջինը այն է, որ վկան վերջին ամիսների ընթացքում ձեռք է բերել հիշողության կորուստ, քանզի երկար ժամանակ չի անցել այն պահից, երբ նա հանգամանորեն հիշում և ներկայացնում էր դեպքերը հենց նույն վերաքննիչ դատարանին: Այս պատճառը, եթե իրոք առկա է, հարգելի է, սակայն անհասկանալի է այն փաստը, որ դատավորը նույնպես մոռացավ վերջին երկու դատերի ընթացքում բացահայտված հակասությունները, որոնց վրա հիմնվելով և փորձագիտական քննություն անցկացնելու հետևանքով՝ պարզ կդառնար վկայի ցուցմունքի կեղծ լինելը:

Երկրորդ տարբերակը ավելի խելքին մոտ է. նախօրոք Շահեն Հարությունյանին, «վերևներից» հրաման էր եկել հանկարծակի կորցնել հիշողությունը, և բոլոր հարցերին թույլատրվել էր պատասխանել միայն երկու բառով` «չեմ հիշում»:

Ամենից ցավալին, սակայն, ոչ թե ոստիկանի կեղծ ցուցմունքի առկայությունն է, այլ այն, որ այս խաղի անմիջական խամաճիկ է դատավոր Եվա Դարբինյանը: Վերջին դատը թույլ է տալիս պնդելու, որ դատավորի կայացրած որոշումները չեն կարող համարվել ադեկվատ, ավելին, նա փորձում է բոլոր հնարավոր ձևերով չշեղվել իշխանությունների կողմից նախապես գծված ճանապարհից՝ անգամ անտեսելով այնպիսի ակնհայտ ապացույցները, ինչպիսիք են՝ դեպքից առաջ և  հետո հեռախոսի՝ առանց քարտի զանգահարելու հնարավորությունը, (ինչի մասին Շ.Հարությունյանը այսօր պնդում էր դատարանում):

Այսպիսով, իրավական մինիմալ գիտելիքներ անգամ չեն պահանջվում հասկանալու համար այս հարցում իշխանությունների իրական նպատակները, որոնք իրականացնելիս անտեսվում են ՀՀ օրենքները, իսկ սեփական շահերից ելնելով էլ՝ ուղղակիորեն օգտագործվում են դատական մարմինները:

Փաստացի հակասությունների վրա աչք փակելուց բացի, դատարանը արդեն երկրորդ անգամ չցանկացավ քննարկել պաշտպանական կողմի փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ: Հաշվի առնելով համաներման որոշումը՝ դատավորը, իր իսկ սեփական նախաձեռնությամբ կարող էր ազատ արձակեր Տիգրանին, քանզի քաղաքական որոշումը ազդեցություն ունի նաև հոդվածի վրա, որով կալանավորվել է Առաքելյանը, առավելեւս, որ անգամ մեղավոր ճանաչելու պարագայում, Տիգրանը ազատ կարձակվի: Արդյունքում, սակայն, դատավորը իր վատ սովորության համաձայն ևս մեկ անգամ ցուցաբերեց ոչ տրամաբանական մոտեցում՝ ըստ երեւույթին միայն մեկ նպատակ ունենալով՝ հնարավորինս արագ անցկացնել դատավարությունը, ներկայացնել մեղադրական վճիռ, եւ դրանից հետո միայն՝ «մեղավոր ճանաչված» քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին համաներմամբ ազատ արձակել: Սա էլ հենց, ըստ ամենայնի, իշխանությունների պլանն է:

Ինչևէ, հուսանք, որ հաջորդ դատին վերջապես հնարավորություն կունենանք տեսնել Տիգրան Առաքելյանին ազատության մեջ, չնայած այժմ նրա միակ նպատակը արդար վճռի կայացումն է և մեղավորներին պատժելը. հենց այս նպատակով էլ Տիգրանը այսօր հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ որ իրեն պետք է ազատ արձակի հենց օրենքը:

Մարիամ Մուրադյան 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում կարող է կին նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Լեւոն Իգիթյանը Տարոն Մարգարյանի մոտ’