‘Դատարանը կալանք է դրել Տիմոշենկոյի դատապաշտպանի ոսկե ժամացույցի վրա’

911

Կիևի շրջանային դատարանը կալանք է դրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան և Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Սերգեյ Վլասենկոյի ոսկե ժամացույցի վրա, հաղորդում է НБН-ն: Նման որոշում է կայացվել Վլասենկոյի նախկին կնոջ՝ ֆոտոմոդել Նատալյա Օկունսկայայի պահանջով, որը նրա հետ դատվում է ունեցվածքը կիսելու և ալիմենտ վճարելու հարցերով: Հայցադիմումի համաձայն՝ կալանք է դրվել Breguet Tradition 7037BB/11/9V6 ժամացույցի վրա, որը ինտերնետ-խանութներում վաճառվում է մի քանի տասնյակ հազար դոլարով:

2012 թ. վերջին, դատաքննության հետ կապված, Սերգեյ Վլասենկոյին արգելեցին հեռանալ Ուկրաինայից՝ ունեցվածքը կիսելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու համար: Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունում, մեկնաբանելով Օկունսկայայի պահանջը, հայտարարել են, որ «իշխանությունը և Շրջանների կուսակցությունն այդ քաղաքացուհուն օգտագործում են որպես գործիք՝ Յուլյա Տիմոշենկոյի զինակիցներին վարկաբեկելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով», փոխանցում է lenta.ru-ն

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի խորհրդարանական ընդդիմությունը միանում է փողոցային բողոքի ցույցերին’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը դատարան չի ներկայացել’