‘Դատարանը կասկածում է՝ արդյոք երեւանցիների՞ն է Տարոն Մարգարյանը ծաղիկ նվիրել(տեսանյութ)’

1303

Վաղը ՀՀ վարչական դատարանը որոշում կկայացնի՝ բավարարե՞լ «Բարև Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, թե՞ մերժել այն: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը դատարան էր դիմել՝ բողոքարկելով մի քանի օր առաջ ԿԸՀ-ի կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման, ապրիլի 7-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից հարկատուների հաշվին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Մինչդեռ, Դանիել Իոաննիսյանը համոզված է, որ տեսանյութը առավել քան ապացուցում է՝ ծաղիկները բաժանվում են Տարոն Մարգարյանի կողմից եւ քարոզչության նպատակ ունեն: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ գոհ է դատական նիստերի ընթացքից. «Ինձ հաջողվեց քաղաքապետարանի ներկայացուցչի բերանից, կոպիտ ասած ,քաշել այն, որ միջոցառումը կազմակերպվել էր Տարոն Մարգարյանի հանձնարարականով: Ընդ որում, ես հարցրեցի՝ դա ամե՞ն տարվա համար է, պատասխանեց, որ ոչ, այս տարվա համար է եղել հանձնարարական: Ես հարցրեցի՝ երբ հանձնարարական է եղել, արդեն հայտնի՞ որ, որ Տարոն Մարգարյանը թեկնածու է՝նա պատասխանեց, որ դա եղել է միջոցառումից 7-10 օր առաջ, իսկ այդ ժամանակ Տարոն Մարգարյանը արդեն թեկնածու էր:

Հիմնականում բերած փաստարկները ԿԸՀ-ի կողմից չէր հերքվում, բայց քաղաքապետարանի կողմից հայցը համարվում էր անհիմն եւ խնդրում էին այն մերժել»: Դանիել Իոաննիսյանը նաեւ պատմեց, որ դատական նիստի ընթացքում կասկածի տակ են դրվել զարմանալի հանգամանքներ, օրինակ այն, որ ում ծաղիկ են տալիս, արդյոք Երեւանի՞ բնակիչներ են կամ Երեւանում ընտրական իրավունք ունեցող մարդիկ. «Ճիշտ է, ծաղիկ բաժանելուց մարդկանց անձնագրերը չէին ստուգում, բայց ենթադրվում է, որ Երեւանում զբոսնողների մեծամասնոթյունը Երեւանից պետք է լինի»,- ասաց «Բարեւ Երեւանի» ավագանու թեկնածուն: Դատարանում դիտել են նաեւ այն տեսանյութը, որտեղ ծաղիկ բաժանողից հարցնում են՝ այդ ծաղիկները քաղաքապետարանի՞ց է, եւ վերջինս հերքում է՝ չէ, Տարոն Մարգարյանից է: 

Ըստ Դանիել Իոաննիսյանի, դա շատ հստակ է, որ կատարվել է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի խախտում՝ թեկնածուի կողմից անվճար ապրանք բաժանելը. «ԿԸՀ-ն ընդունում է, որ ծաղիկն ապրանք է, որ տրվել է անհատույց, տեսանյութից երեւում է, որ տրվել է թեկնածուի անունից: Ես դատարանների մասին մեծ կարծիքի չեմ, բայց համենայն դեպս արդար վճռի ակնկալիք ունեմ»: 


Նախորդ հոդվածը‘Պայթյուն Պրահայում. Տուժել են տասնյակ մարդիկ’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Կարպին. «Մորդովիայի» հետ խաղը Մովսիսյանը նույնպես բաց կթողնի’