‘Դատարանը մերժեց Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանի միջնորդությունը’

1243

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լյուքս Ստեփանյանի գործով այսօր առաջին անգամ դատարան էր ներկայացել գործով տուժող, գլխից հրազենային վնասվածք ստացած Հրաչյա Սարգսյանը, որը դատարանին հայտնեց, որ իր հիշողությունը վերականգնվել է, եւ ինքը ցանկանում է արտահերթ ցուցմունք տալ, սակայն դատարանը մերժեց խախտել դատավարության կարգը։ Հայտնում է News.am-ը:

Նշենք, որ 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի ներկայացրած Վերաքննիչ բողոքի քննությանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անսպասելիորեն դատարան է ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը, որը հայտարարել է, որ ցանկանում է ցուցմունք տալ՝ նշելով որ որոշ բաներ է հիշել դեպքի մասին, որոնք ցանկանում է հայտնել դատարանին: Հրաչյա Սարգսյանը, որը կատարված ողբերգության ականատեսն է եւ տուժողը, մինչեւ հիմա հրաժարվում էր դատարան ներկայանալ՝ առողջական խնդիրներ ունենալու եւ հիշողությունը կորցնելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբեր ամսին օդի ջերմաստիճանը Հայաստանում գերազանցել է իր նորման’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի Պապը կայցելի Հայաստան’