‘Դատարանը մերժեց Տարոն Մարգարյանին’

1919

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արաբկիր համայնքի բնակչուհի Նազիկո Պալյանի սեփական տան անտվանգությանը արդեն երեք տարի է, ինչ վտանգ է սպառնում: Պատճառը տան հիմնական պատի ամբողջությամբ բացակայությունն է, որը առաջացել է հարեւանությամբ գտնվող տունը քանդելու հետեւանքով: «Նախկինում հարեւանությամբ գտնվող տանը բնակող քաղաքացիները հիմնովին քանդել են իրենց սեփական տունը, որի հետ մենք ունեինք ընդհանուր տանիք եւ հիմնական պատ: Ինձ պատճառելով զգալի չափի վնասներ՝ տան տերերը հրաժարվում են փոխհատուցել գումարը, որի չափը որոշվել է դատարանի կողմից՝ բազմաթիվ փորձաքննություններից հետո»,- այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Նազիկո Պալյանը՝ հավելելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ են թողել վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները:

Այսօր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացրած հայցը, որով նա բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը՝ նշելով, թե գործը առնչվում է նաեւ քաղաքապետարանի շահերին, սակայն ավելի վաղ թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտարարել էին, թե այս գործի հետ քաղաքապետարանը կապ չունի:

Անդրադառնալով այս հարցին՝ Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել էր,թե հիմնական խնդրիրը այն է, որ որեւէ մեկը չի վիճարկել այն հանգամանքը, որով քաղաքապետարանը նախկինում տվել է քանդելու թույլտվություն, ինչի արդյունքում մեկ այլ քաղաքացի կրել է նյութական վնասներ եւ դիմել է դատարանին՝ այդ վնասների համար փոխհատուցում ստանալու նպատակով: «Այս մասով քաղաքապետարանի որեւէ շահ չի ոտնահարվել, իսկ հայցը ներկայացվել է արհեստական հիմքով՝ օգտվելով քաղդատ օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասով, որի համաձայն երրորդ անձը իրավունք ունի դիմել դատարան, եթե իր շահերը կամ պարտականությունները որեւէ կերպ առնչվում են այս գործին: Քաղաքապետը դատարանին է դիմել պարտականությունների մասով, իսկ շահերի մասով վեճի առարկայի հետ կապված շահերի հակասություն չի ունեցել: Այս իմաստով նրա գործողությունները անտրամաբանական են, իսկ եթե քաղաքապետարանի գործողությունները անտրամաբանական են, ապա այստեղ պետք է փորձել գտնել ոչ թե իրավաբանություն, այլ մեկ այլ շահ»,- ասել էր նա:

 

Նախորդ հոդվածը‘Ե.Զախարյան. «Նաիրիտ»-ի ճակատագիրը կորոշվի երկու ամսվա ընթացքում ‘
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Հայաստանի արձագանքը ոչ ոքի չի հետաքրքրում ‘