‘Դատարանը Վազգեն Խաչիկյանի համար երկամսյա կալանք նշանակեց ‘

1578

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, նույն ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Կենսաթոշակային ապահովագրության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: 

Ըստ shamshyan.com կայքի, քննչական մարմինը դիմել է նշված դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, դատարանն ընտրի երկամսյա կալանքը: 

Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն` առավելագույնը՝ ութ տարվա ազատազրկում), 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, յուրացնելը կամ վատնելը՝ առանձնակի խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից, առավելագույնը՝ ութ տարվա ազատազրկում) և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք, առավելագույնը՝ հինգ տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: 

Հովհանես Գրիգորյանին և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 314 հոդվածի հատկանիշներով: 

Ըստ նույն աղբյուրի, որ քիչ առաջ դատավոր Էդիկ Ավետիսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանք կիրառեց Վ. Խաչիկյանի նկատմամբ, ում ոստիկանության աշխատակիցները դատարանի հետնամասից տեղափոխեցին:

Նախորդ հոդվածը‘«Բարգավաճ Հայաստան». Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումն ուղղված է նաեւ ԲՀԿ-ի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Արշավին. Առաջին անգամ եմ նման իրավիճակում հայտնվել’