‘Դարձ ի «վառելափայտս» իւր’

1144

Օրերս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոստիկանության կողմից անցկացվող աննախադեպ «օպերացիաները»՝ փայտով բեռնված մեքենանների «վնասազերծման» ուղղությամբ: Որոշ տեղեկություններով՝ մայրուղիների վրա փայտով բեռնված հինգ տասնյակից ավելի բեռնատարներ էին բերման ենթարկվել դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանների, կարմիրբերետավորների և ոստիկանության մարզային բաժինների ծառայողների կողմից: Ընդ որում՝ դա կատարվել էր առանց փաստաթղթերի ստուգման: Մեքենաները տեղափոխվում էին տուգանային հրապարակ, իսկ վարորդները՝ ոստիկանության 6-րդ բաժանմունք:

Հատկանշական է, որ միևնույն ժամանակ բնապահպանության նախարարությունը սկսեց ահազանգել ապօրինի ծառահատումների, փայտագողության կտրուկ աճի մասին: Մասնավորապես՝ միայն նոյեմբերի 4-ից 5-ը Կոտայքի մարզի Սևան-Երևան ավտոճանապարհին արձանագրվել է ապօրինի փայտագողության և փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք:

Ինչո՞վ է պայմանավորված նման տագնապը: Այն էլ՝ ձմռան շեմին: Թերևս դրա բացատրությունը կարելի է գտնել, եթե այդ դեպքերը համադրենք մեկ այլ դրվագի հետ. մամուլում շրջանառվող հարցման արդյունքներով՝ մեծացել է փայտի վառարանների պահանջարկը: Ըստ վառարաններ սարքող արհեստավորների՝ 7-8 տարի առաջ փայտի վառարանների սպառման ծավալներն այնքան էին նվազել, որ վերջիններս մտածել են վառարանների պատրաստումը դադարեցնելու մասին: Իսկ հիմա իրենց «բիզնեսը» սկսել է վերելք ապրել: Ընդ որում՝ եթե նախկինում վառարանների հաճախորդները եղել են միայն գյուղերի բնակիչները, ապա այսօր այդ պահանջարկը զարգանում է նաև Երևանի բնակիչների շրջանում:

Թերևս պարզ է դառնում, որ փայտանյութի  առկա պահանջարկը, որը տագնապ է առաջացրել պատկան մարմինների շրջանակում, ուղիղ համեմատական կապ ունի ինչպես ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, այնպես էլ գազի գնի թանկացման սպասումների հետ: Բանն այն է, որ, չնայած Հայաստանի բանկչությունն առ այսօր վճարում է գազի համար նախկին գինը՝ 180 դոլար 1000 խ/մ դիմաց, արդեն վաղուց գաղտնիք չէ, որ այն իրականում արդեն դարձել է 244 դոլար:  

Ինչպե՞ս կարելի է դա հասկանալ: Այս հարցին պատասխան է տվել  ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով խորհրդարանում առաջինը խոսեց գազի թանկացման մասին: Նրա խոսքով՝Ռուսաստանն արդեն իսկ գազը թանկ է մատակարարում, իսկ գնի տարբերությունը փակելու համար իշխանությունների կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն ՀՀ-ն վճարի Հայռուսգազարդի իր բաժնեմասով, որը կազմում է ընդհանուր սեփականության 20%-ը: Այսինքն՝ Ռուսաստանին  իր բաժնեմասը 63 մլրդ դրամով վաճառելով ՝ ծածկել գնի տարբերությունը մինչև 2013 թ. ապրիլի 1-ը, իսկ երբ նախագահական ընտրությունները անցյալում մնան, հասարակությունը կտեղեկանա անախորժ լուրի մասին:

Փաստորեն՝ ստացվում է, որ մարդիկ, հասկանալով, որ գազի թանկացումն անխուսափելի է, իսկ այդ պարագայում իրենք դառնում են անվճարունակ՝ նախընտրում են վառելափայտ «պաշարել» և սպառել, ինչը, սակայն, հղի է բնապահպանական աղետներով:

Այսինքն՝ հասկանալի պատճառներով 1990-ականներին մեծ պահանաջարկ վայելող վառարանները դառնում են ակտուալ 22 տարի անց, եւ դա պայմանավորված է ոչ թե խորհրդային համակարգի փլուզմամբ և պատերազմական իրավիճակով, այլ ժողովրդի նպատակամղված ունեզրկմամբ, ապաշնորհ կառավարմամբ և դրա արդյունքում՝ մասնավորապես՝ գազի գնի թանկացումով: 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստները ծեծել են մրցավարին. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռում արտակարգ պատահար է գրանցվել ‘