‘Դեկտեմբերի 7-ին Էթիկայի հանձնաժողովում կքննվի ՀՅԴ-ի դիմումը’

701

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում կքքնարկի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննության վերաբերյալ հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 28-ին դիմել է էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա), գ), զ) կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին ուղղված դիմումում ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ էթիկայի կանոնների խախտումն արտահայտվել է վերոհիշյալ արտահերթ նիստին չմասնակցելով:

Ըստ դիմումատուի՝ ավելին` այդ պատգամավորներից յուրաքանչյուրը խոչընդոտել է նաև Սահմանադրությամբ նախատեսված` ԱԺ-ի գործառույթների իրականացմանը և փաստացի նպաստել Սահմանադրության 70-րդ հոդվածով նախատեսված արտահերթ նիստի գումարման, բնականոն գործունեության ձախողմանը: Նաև` «ապօրինի կերպով խուսափել է պատգամավորի 1/3-ի կողմից սահմանված օրակարգով հարցի քննարկումից այն դեպքում, երբ, Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ պատգամավորը, պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները: Նման վարքագիծը և դրա կազմակերպված բնույթ ունենալու հանգամանքը կարող են հիմքեր ստեղծել փաստելու ԱԺ անգործությունը»:

Քննության արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’
Հաջորդ հոդվածը‘Սալջարդ ստացած զինվորին հոսպիտալացրել են’