‘Դեղորայքի շուկան պետբյուջեին հասցրել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս ‘

1191

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացրել դեղորայքի շուկայում և արձանագրել, որ տարեկան պետբյուջեին հասցվում է միջինը 1,5 մլրդ դրամի վնաս: Այդ մասին iLur. am-ին հայտնել են ՏՄՊՊՀ-ի մամլո ծառայությունից: Հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքները ներկալացնում ենք ամբողջությամբ:

Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից անհամեմատ թանկ գնով

Հանձնաժողովի դիտակետում եղել են մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններ: Վերոնշյալ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց
մրցույթների անցկացման: Փաստորեն, վերջինները, խախտելով Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջները, իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ:

1,5 միլիարդ դրամի վատնում՝ պետական միջոցներից

Վերոնշյալ խախտումների հետ կապված` ՏՄՊՊՀ-ը բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք պատճառաբանել են, թե, իբր, տեղեկացված չեն եղել օրենքին: Նման պատճառաբանություններն անհիմն են, քանի որ վերջինները հստակ գիտակցել են, որ դեղորայքը գնում են շատ ավելի թանկ, քան այն իրականում արժե: Թեև խախտումներն առավելապես գտնվում են պետգնումների ոլորտում, սակայն իրավիճակը կարող է ազդել նաև մրցակցային դաշտի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից:
Լայնածավալ և բազմակողմանի ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ն հաշվարկել է, որ բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս, ընդ որում՝ խոսքը վերաբերում է միայն առողջապահական հաստատություններին: Բնականաբար, կան նաև այլ կառույցներ, որոնց ևս պետական միջոցներ են հատկացվում դեղորայքի գնման նպատակով:

Օրինախախտ բուժհաստատությունները 850 դրամանոց դեղը գնել են 4800-ով

Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Ավելին, ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է պետությունը: Օրինակ,սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝4800 դրամով, նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են, ասենք, «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը», «վերոշպիրոնը» և այլն:

Մրցույթների կազմակերպման առումով իրավիճակը վատ է հատկապես մարզերում

Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների՝ խախտումներն առավելապես գերակշռում են մարզերում, իսկ առավել վատթար վիճակ է հատկապես Շիրակի մարզում, որտեղ մրցույթներ ընդհանրապես չեն իրականացվել: Բարվոք իրավիճակ չէ նաև Լոռու մարզում, որտեղ չի անցկացվել նախատեսված մրցույթների ավելի քան 50%-ը:
Իրավախախտների գործերը կքննեն իրավապահ մարմինները:

Չնայած խախտումներն իրենց մեջ պարունակում են մրցակցության սահմանափակման լուրջ տարրեր, այնուամենայնիվ, դրանք անմիջականորեն առնչվում են Գնումների մասին ՀՀ օրենքին։ Հանձնաժողովի որոշմամբ՝ պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը անմիջապես կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն:

Նախորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյան. ՀԱԿ երիտասարդներն են ծեծել ոստիկաններին ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Անդրես Հերկելին ‘