‘Դեմիրճյան. Հայաստանում տնտեսական ճգնաժամի պատճառները քաղաքական են’

1288

Ազգային ժողովում 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր («ՀԱԿ»), Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հանդես եկավ ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ.  

Ներկայացված բյուջեի նախագիծը արտացոլում է մեր երկրի տնտեսության ոչ բարվոք վիճակը: Այն էապես չի տարբերվում նախորդ տարվա բյուջեից, տարբերություններն էլ այս նախագծի օգտին չեն: 2016-ի բյուջեի նախագծում կանխատեսվում է եկամուտների անկում 8,7 մլրդ դրամով: Եթե 2015-ի բյուջեում պետական պարտքի սպասարկմանն էր բաժին հասնում բյուջեի 5,7 տոկոսը, ապա 2016-ին պետական պարտքի սպասարկմանն է մղվելու 99 մլրդ դրամ, ինչը պետբյուջեի 7,7 տոկոսն է: Պետական պարտքն աճում է՝ հասնելով ՀՆԱ-ի 50 տոկոսին, սակայն տնտեսությունը շարունակում է գահավիժել: 2016-ին կանխատեսված է ընդամենը 2,2 տոկոս տնտեսական աճ, 2015-ի 4%-ի փոխարեն: Փակվում են ձեռնարկությունները, կրճատվում են արտասահմանյան ներդրումները, արտահանումն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կրճատվել է շուրջ 30 տոկոսով: Չի իջնում աղքատության մակարդակը՝ չի նախատեսվում կենսաթոշակների բարձրացում: 2015-ի առաջին 9 ամսվա տվյալներով առեւտրի մեծագույն մասն իրականացվում է Երեւանում, որովհետեւ հատկապես ծանր է վիճակը մարզերում: Ինչպես միշտ, կառավարությունը երկրի տնտեսական վիճակը պայմանավորում է արտաքին անբարենպաստ միջավայրով եւ, առաջին հերթին, ՌԴ տնտեսության անկմամբ ու Ռուսաստանից սպասվող տրանսֆերտների ծավալների անկմամբ: Եւ այս պայմաններում կառավարությունը բյուջեն համարում է իրատեսական, ավելին խոստանալը՝ ամբոխահաճո, իսկ ավելին պահանջելը՝ ոչ ազնիվ:

Անշուշտ, Ռուսաստանի տնտեսության վիճակը բացասական միտումներ է ցուցաբերում, տրանսֆերտների կրճատումը իր հետքն է թողնում նաեւ մեր տնտեսության վրա, եւ սա անվիճելի է: Սակայն անվիճելի է նաեւ (եւ ես սա բազմիցս եմ կրկնել), որ Հայաստանում առկա ճգնաժամի իրական պատճառներն են մի խումբ մարդկանց կողմից իշխանության յուրացումը, ոչ արդյունավետ, իսկ ավելի ճիշտ՝ ապաշնորհ կառավարումը եւ տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականությանը: Այն քաղաքականությունը, որը թշվառության է մատնում մարդկանց: Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ 2016-ը լարված տարի է լինելու, կյանքը դժվարանալու է: Այնինչ, շարքային քաղաքացիների կյանքը ոչ թե դժվարանալու է, այլ ավելի անտանելի է դառնալու: Եվ շատերն ավելի լավ կյանք են փնտրելու երկրից դուրս: Մինչդեռ շատ պաշտոնյաներ ինչպես բարգավաճել են, այնպես էլ շարունակելու են բարգավաճել: Եվ հենց սա է, որ հարուցում է մեր քաղաքացիների արդարացի զայրույթը:

Ակնհայտ է, որ բյուջեն այսքան համեստ չէր լինի, եթե գործուն քայլեր ձեռնարկվեին կոռուպցիայի դեմ պայքարի եւ ստվերի կրճատման ուղղությամբ: Եթե չլիներ երկրում առկա այս համատարած թալանը, եթե իշխանությունն ու բիզնեսն այսքան սերտաճած չլինեին: Այսօր ամենախոշոր բիզնեսմենները բարձրաստիճան պաշտոնյաներն են: Ռացիոնալ չեն ծախսվում բյուջեի սուղ միջոցները: Աղքատության կրճատման, արտագաղթի կասեցման, երկրում անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու փոխարեն՝ վարչախումբը, իր իշխանությունը երկարաձգելու նպատակով, զբաղված է սահմանադրություն փոխելով: Դրա ի՞նչ ժամանակն է: Ամենամտահոգիչն այն է, որ տնտեսության մեջ չեն նշմարվում դրական միտումներ: Թեեւ վարչապետն ասում է, որ կառավարությունը նայում է խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսանկյունից, ռեալ քայլեր մենք չենք տեսնում:

Ստեղծված իրավիճակը պահանջում է, առաջին հերթին՝ քաղաքական լուծումներ: Սահմանադրություն փոխելը հարցի լուծում չէ: Քանի դեռ իշխանությունը մեր երկրում յուրացված է եւ չի ձեւավորվում ազատ ընտրությունների միջոցով, քանի դեռ երկրում չի արմատախիլ արվել այս քրեա-օլիգարխիկ համակարգը, ավելորդ է խոսել որեւէ զարգացման մասին: Հայաստանին պետք է ընտրված, ազնիվ, անկաշկանդ իշխանություն: Սա է երկիրն այս վիճակից հանելու նախապայմանը:  

Նախորդ հոդվածը‘Հայտնի է ԼՂՀ ԿԸՀ նոր կազմը’
Հաջորդ հոդվածը‘Նոր տվյալներ տուժածների մասին’