‘«Դ!եմ եմ»-ը կոչ է անում առաջիկա երթին մասնակցել անձնագրերով’

1019

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում հունիսի 11-ին կայանալիք Սատարման երթին մասնակցել անձնագրերով՝ ի նշան յուրաքանչյուրի քաղաքացիության: Երթը կմեկնարկի ժամը 19:00-ին՝ Մատենադարանի մոտից:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ և իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը:

Եկեք յուրաքաչյուրս երթին մասնակցենք մեր անձնագիրը ձեռքներիս, որ խորհրդանշում է մեր քաղաքացիությունը, այսինքն՝ երկրի տանուտեր լինելը:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Նախորդ հոդվածը‘Կամո Արեյանը վստահեցնում էր, որ Լենինգրադյան – Իսակով ճանապարհի շինարարությունը կավարտվի մայիսի 31-ին’
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը զուրկ է քաղաքական չեզոքություններից’