‘«Դ!եմ եմ»-ը հունիսի 11-ին հերթական բողոքի ակցիան կանցկացնի’

802

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակում և շարունակում պայքարը «պարտադիր» բաղադրիչի դեմ: Այս մասին երկիտասարդները հայտարարել են այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք դիմելու ենք ԱԺ ոչ իշխանական 4 քաղաքական ուժերին, որպեսզի օրակարգ մտցվի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծ, որը 180 աստիճանով տարբերվելու է այս պահին առկա օրենքից: Կուտակային համակարգը պե՛տք է լինի կամավոր սկզբունքի հիման վրա», — հայտարարել է նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Սրբուհի Ղազարյանը իր հերթին նշեց, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից նամակներ են ստացվում, որ կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ գրողներին համալսարանի հաշվապահությունում ասում են, որ ռեկտորը հորդորել է միանգամից նաև ազատման դիմում գրել: «Նույն պատկերն է նաև Հերացու անվան բժշկական համալսարանում, Գրանդ Տոբակոյում, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում», — նշեց նա:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը գործատուների կողմից ճնշումների ենթարկվող աշխատակիցներին սատարելու համար կոչ է անում մասնակցել հերթական բողոքի ակցիային, որը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային: 

 

Նախորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանի ընկերությունը կնքել է 452 մլն դրամի պետական գնման պայմանագիր. «Հետք»’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Փորձագիտական եզրակացության մեջ խախտումներ կան’